Կանանց հիգիենիկ միջադիրներ

12.05.201441040

Կնոջ վերարտադրողական համակարգն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր ամիս մի քանի օր դաշտան է լինում, ոմանց էլ հաճախ անհանգստացնում է հեշտոցային արտադրությունը: Թե երբ են ի հայտ եկել առաջին միջադիրները, դժվար է ասել, սակայն հայտնի է, որ դեռևս հնագույն ժամանակներում կանայք օգտագործել են նման բան: Հնում որպես միջադիր օգտագործվել են տարբեր կտորներ, որոնք բազմանգամյա օգտագործման են եղել. օգտագործելուց հետո անպայման լվացվել են:

Ժամանակակից միջադիրները լվանալու կարիք չունեն, ավելին, բազմակի օգտագործումը վտանգավոր է առողջության համար: Օգտագործված հիգիենիկ միջադիրներն անհրաժեշտ է դեն նետել, քանի որ օգտագործելիս տարատեսակ մանրէներ են հավաքվում դրա մակերեսին:

Ինչպես ընտրել հիգիենիկ միջադիրները

Կանանցից շատերը հատուկ ուշադրություն չեն դարձնում միջադիրների ընտրությանը: Հաճախ նրանք մտնում են խանութ և վերցնում պատահած առաջին էժանագին միջադիրը: Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք անհարմարավետություն չզգալ միջադիրը կրելիս, ապա հետևեք հետևյալ խորհուրդներին:

Կանանց հիգիենիկ միջադիրները պետք է ընտրել ըստ չափսի և օգտագործման բնույթի: Վաճառվում են ամենօրյա, գիշերային, դաշտանի, առատ արտադրության համար նախատեսված և այլ միջադիրներ:

Ամենօրյա միջադիրները շատ ավելի բարակ են, քան մյուսները և օգտագործումը դաշտանի ընթացքում նպատակահարմար չէ: Երկար ժամանակով կրելը ևս թույլատրելի չէ: Բժիշկները պնդում են, որ դրանք տարատեսակ հիվանդությունների, օրինակ բակտերիալ վագինոզի առաջացման պատճառ կարող են դառնալ:

Դաշտանի համար նպատակահարմար է ընտրել թևիկներով միջադիրներ, որոնք կկանխեն արտադրության արտահոսքը: Կանանց հիգիենիկ միջադիրները պետք է հնարավորին չափ շնչող լինեն: Այդ նպատակով էլ փորձառու արտադրողները նրանց վերին՝ մաշկին հպվող շերտը պատրաստում են բամբակից: Իմացեք, որ միջադիրները պետք է ներծծեն արտադրությունը՝ միևնույն ժամանակ կանխելով հետ հոսքը: Կան միջադիրների տեսակներ, որոնք ներծծած նյութն անմիջապես վերածում են գելի:

Ինչպես ճիշտ կրել և պահպանել միջադիրները

  • Նախքան միջադիրը տեղադրելը կամ հանելն անպայման լվացեք ձեռքերը:
  • Կրեք միայն պահպանման ժամկետում գտնվող միջադիրներ: Պետք չէ միջադիրների մի ամբողջ պաշար գնել ամիսների համար:
  • Միջադիրները պահեք չոր տեղում: Շատերը դրանք պահում են լոգարանում, սակայն չէ՞ որ լոգարանում խոնավությունը խիստ բարձր է, իսկ դա կատարյալ միջավայր է մանրէների բազմացման համար:
  • Մի օգտագործեք հոտավետ, ինչպես նաև տարատեսակ բաղադրիչներով միջադիրներ, քանի որ կարող են առողջական խնդիրներ հարուցել, օրինակ ալերգիա:
  • Փոխեք միջադիրները 2-4 ժամը մեկ: Այդպիսով կխուսափեք տհաճ հոտից, ինչպես նաև վերարտադրողական համակարգի համար վնասակար մանրէներից:

Հուսանք, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ անսխալ կատարել միջադիրների ընտրությունը: Իմացեք, որ միջադիրների երկարատև օգտագործումը թույլատրելի չէ, այդ պատճառով էլ փորձեք հնարավորին չափ հազվադեպ օգտագործել, պահպանեք հիգիենայի կանոնները, իսկ ամենօրյա միջադիրներ մի կրեք հատկապես գիշերը: