Երեխայի ներարգանդային զարգացումը և նրա հետ շփումը նախքան ծնունդը

Երեխայի ներարգանդային զարգացումը և նրա հետ շփումը նախքան ծնունդը

Ապագա ծնողներին (մասնագետներին նույնպես) հուզող կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչ է զգում, ինչ ապրումներ է ունենում երեխան նախքան լույս աշխարհ գալը, և ինչպես է դա անդրադառնում նրա հետագա կյանքի վրա: Ոչ գիտության մեջ և ոչ էլ ժողովրդական փորձում դեռևս հստակ պատասխան չկա այս հարցի առնչությամբ:

Տեսնենք, թե ինչպես են զարգանում երեխայի զգայարանները և շրջապատող միջավայրը (առաջին հերթին մայրիկին) ընկալելու ընդունակությունը: 6-րդ շաբաթում սաղմնավորվում են ուղեղի բոլոր բաժինները, ձևավորման ավարտին է մոտենում վեստիբուլյար ապարատը: 7-րդ շաբաթում մաշկային զգայունություն է ի հայտ գալիս բերանի շրջանում, 10-րդ շաբաթում՝ մաշկի ամբողջ մակերեսին: 8-րդ շաբաթում ավարտվում է ոչ միայն կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ), այլև ծայրամասայինի (նյարդային թելիկները և օրգանների ու հյուսվածքների վերջավորությունները) ձևավորումը: 9-րդ շաբաթում լեզվի վրա համային կետեր են ի հայտ գալիս, պտղաջուրը բերանով ներթափանցում է ստամոքս: 10-րդ շաբաթում երեխան ակտիվորեն լողում է՝ ուղղորդելով մարմնի շարժումները, այսինքն՝ աշխատում է վեստիբուլյար ապարատը և մկանները: 11-րդ շաբաթում ծծում է մատը: 14-րդ շաբաթում զարգանում է լսողությունը: Մոտավորապես 24-րդ շաբաթում կծկում է աչքերը և թեքվում լույսից, որը վառ լուսավորության դեպքում ներթափանցում է մոր որովայնի պատից: Ավելի վաղ (20-22 –րդ շաբաթներում) խուսափում է ՈւՁՀ-ի սարքի սառը տվիչից. այդ շրջանում արդեն իսկ զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ:

Այս շրջանում երեխան նաև դրական ու բացասական հույզեր է արտահայտում ի պատասխան տարատեսակ ազդեցություններին: Պերինատալ զարգացման երկրորդ կեսին նա սկսում է իր շարժումներով պատասխանել մայրիկի (ընտանիքի մյուս անդամների) ձեռքի հպումներին, հատկապես, երբ հպումներն ուղեկցվում են ծանոթ ձայնով:

Այսպիսով, երեխան շատ շուտ է սկսում ընկալել արտաքին միջավայրը, սակայն բացասական և դրական հույզեր ապրում է շատ ավելի ուշ, երբ լիովին ձևավորվում է կապը նյարդային համակարգի, էնդոկրին օրգանների (հուզական ապրումների համար անհրաժեշտ հորմոններ են արտադրում) և մարմնի ծայրամասերի միջև (ընդունում են նյարդային ու հորմոնային համակարգի ազդակները): Սա տեղի է ունենում հինգերորդ ամսում, ուստի դժվար է ասել՝ կարո՞ղ է երեխան մինչև իր ներարգանդային կյանքի կեսերը ընկալել մոր ապրումները և «մտապահել» դրանք: Ամեն դեպքում առաջին եռամսյակի սրտխառնուքը, թուլությունը և տհաճ հուզական վիճակները՝ լաց, դյուրագրգռություն և այլն, ոչ մի կերպ չեն անդրադառնում հղիության հետագա ընթացքի և երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա: Ավելի վտանգավոր են վարակները, վնասակար քիմիական նյութերը, ալկոհոլը, ծխախոտը և թմրանյութերը: Սթրեսները և երկարատև խանգարումները վտանգավոր են երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում:

Այդուհանդերձ չպետք է կարծել, որ կնոջ հոգեկան վիճակն առաջին եռամսյակում բոլորովին չի անդրադառնում երեխայի վրա: Չէ՞ որ դա նրա վիճակն է, և այն այդպիսին է, որովհետև կինն ինքը կյանքի հանդեպ այդպիսի հայացքներ ունի, հենց այդպես է վերաբերվում իր ներսում և իր կյանքում տեղի ունեցող փոփոխություններին: Հանգամանքների բերումով, սակայն, կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքը փոխվում է: Այս հարցում կարևորն այն է, թե ինչ ուղղությամբ կընթանան այդ փոփոխությունները, իսկ հանգամանքները հղիության պարագայում հստակ են՝ երեխայի ծնունդ և անցում սեփական եսի այլ մակարդակ: Սա հեշտ չէ, ուստի սեփական անձի և երեխայի հանդեպ անորոշ ու հակասական զգացումների առաջացումը բնական է հղիության սկզբում: Հնարավոր է, որ բուռն զգացումներ չունենանք նրա հանդեպ, ում դեռ չենք ճանաչում, սակայն դա ամենևին չի խանգարի, որ սիրենք նրան հանդիպումից և ճանաչելուց հետո: Հղիության երկրորդ կեսին այդ հնարավորությունը կընձեռվի: Երեխայի հետ միասին կսկսեք ճանաչել իրար, և կհասունանան նաև զգացումները:

Մայրն ի՞նչ է կարող իմանալ երեխայի մասին այդ շրջանում: Նրան կօգնի իր վիճակը: Պետք է միայն սովորել օգտվել դրանից: Երեխան, ինչպես և ինքը՝ մայրը, մեծ տեղեկություններ է ուղարկում իր մասին: Նա լսում է մայրիկի սրտի բաբախյունները, արյան աղմուկն անոթներում, զգում է համեր, նրա շարժումների ոճը և այլն: Մոր ունեցած պարզ ազդակներն ավելի քիչ են (բացառություն է երեխայի խաղը): Իրականում նրա սիրտը ևս բաբախում է, աշխատում է ուղեղը և ուղարկում իր ազդակները, նա հույզեր է ունենում և դրանց մասին տեղեկացնում մայրիկին իր անորոշ աղմուկով, սակայն մայրն զգում է դա որպես իր սեփական վիճակ: Դրա միջոցով էլ հնարավոր է հասկանալ, թե որոշակի իրավիճակում ինչ ապրումներ է ունենում երեխան: Ինքնազգացողությունը կարող է առնչվել նաև երեխայի խաղի բնույթի հետ (կամ դրա բացակայության, ինչը կրկին տարբեր է լինում): Հիմնվելով այս գիտելիքի վրա՝ մայրը կարող է հղիության երկրորդ կեսին իրեն և երեխային վարժեցնել փոխազդեցության այնպիսի ձևերի, որոնք պետք կգան նաև երեխայի ծնունդից հետո: Օրինակ՝ մշակել «քնելու ծիսակարգ», որը որոշակի հաջորդականությամբ կներառի լոգանք, մերսում, օրօրում, մեկ բաժակ տաք կաթ, օրօրոցային երգ և այլն: Ոչինչ, որ երեխան դեռևս չի քնում մայրիկի հետ միաժամանակ, ընդհակառակը, նա ավելի է աշխուժանում: Ծնվելուց հետո ծանոթ ռիթմը կօգնի յուրացնել ռեժիմը: Կարելի է երեխային վարժեցնել ձեր սիրելի սննդամթերքներին, երաժշտությանը, ջրի ջերմաստիճանին, ինչպես նաև այն երգերին ու օրօրոցայիններին, որոնք ծնունդից հետո կօգնեն հանգստացնել նրան տարբեր իրավիճակներում:

Ի՞նչ հիմնական սկզբունքներ կան, որոնցով ցանկալի է առաջնորդվել պրենատալ «ուսուցման» հարցում: Առաջին՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ է երեխայի լիարժեք զարգացման համար, մայրն արդեն իսկ ունի (իր օրգանիզմում, վարքում, հույզերում): Հավելյալ, չափից շատ միջամտությունը կարող է վնասել, մանավանդ, երբ մայրը չի կարողանում զգալ երեխայի վիճակը և հասկանալ նրան դուր եկա՞վ այս կամ այն բանը, թե ոչ: Ուստի երկրորդ՝ սովորեք հասկանալ երեխային և ըստ նրա վիճակի կարգավորել «ուսուցման» ու զարգացման միջոցները: Երրորդ՝ երեխան ի սկզբանե չգիտի, թե ինչ է լավը և ինչ է վատը, իսկ մայրիկի հույզերը ճանաչում է շատ լավ: Ուստի եթե ձեզ որևէ բան դուր չի գալիս, մի արեք (խոսքը «ուսուցման» միջոցների մասին է՝ երաժշտություն, կոփող լոգանք և այլն):

Եթե երեխան աշխույժ է և թույլ չի տալիս քնել, հաճելի երաժշտություն լսեք կամ գիրք կարդացեք: Հաճելի կլինի և՛ ձեզ, և՛ երեխային (նա կարդալու ընթացքում ապրումակցում է ձեր մտքերին ու զգացումներին, նրան նույնպես հետաքրքիր է): Երեխայի ակտիվության շրջանը նրա հետ շփվելու լավագույն ժամանակն է: Դրանից հետո՝ հագենալով շփումից, լիարժեք կհանգստանաք: Չմոռանաք, որ հղիության երկրորդ կեսին միևնույն դիրքում երկար ժամանակ պառկելն անհարմար է ձեզ երկուսիդ էլ: Ուստի մի քանի բարձ օգտագործեք՝ դրանք դնելով պարանոցի տակ, ոտքերի արանքում և այլ տեղերում. ավելի հանգիստ կքնեք:

Ցանկանում եք «ինքներդ ձեզ հետ մենա՞կ մնալ»: Տեղին ցանկություն է, մանավանդ որ երեխան արդեն մեծ է և մայրիկի հետ «շփվում է» առավոտից երեկո: Եթե ցանկանում եք մենակ մնալ, գնացեք զբոսանքի: Ձեր ռիթմիկ շարժումները կօրօրեն փոքրիկին, նա հանգիստ ու «լուռ» կպառկի:

Վայելեք ձեր կյանքի այս յուրահատուկ շրջանը և պահպանեք առողջությունը:

views 91011
Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Հոգեբանություն

Ի՞նչ օգուտ ունի սեռական հարաբերությունը տարեց հասակում

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Վերարտադրողական շրջան

Ի՞նչ է պետք իմանալ վագինիզմի մասին

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Այլ նյութեր

Առաջին անգամ նոր զուգընկերոջ հետ

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ

Այլ նյութեր

Չեմ ուտում, չեմ քնում, բայց գիրանում եմ