Հոդվածի աղբյուր՝ sotskiy.am

Հղիության 6-րդ շաբաթ

25.02.201477687

Պտղի զարգացումը

Սաղմն ունի 4 - 5 մմ երկարություն, առկա են ձեռքերի և ոտքերի սաղմերը: Նա արդեն կարող է ձգել և դարձումներ անել գլխով, շարժել ձեռքերն ու ոտքերը: Սաղմի ձևը փոփոխվում է՝ տափակից մինչև գլանաձև: Աստիճանաբար նմանվում է С տառի: Տեսանելի են աչքերի և լսողական օրգանների սաղմերը:

Սրտամկանն սկսում է կծկվել (սիրտն սկսում է բաբախել): Հնարավոր է դիտել արյան տեղաշարժը սաղմի մարմնի տարբեր մասերում: 6-րդ շաբաթվա մեջտեղում սաղմնավորվում են սրտի փականներն ու միջնապատերը: Սաղմնավորվում են փայծախն ու ոսկրածուծը: Ի հայտ են ալիս պտղի լյարդի, ենթաստամոքսագեղձի, լեզվի, կերակրափողի, ստամոքսի, հաստ աղիքի, կոկորդի, շնչափողի և թոքերի, վահանաձև գեղձի սաղմերը:

Սկսում են զարգանալ ոսկորներն ու մկանները: Նյարդային խողովակի ձևավորումն ավարտվում է բեղմնավորման 28-րդ օրը: Տեղի է ունենում հիպոֆիզի՝ որպես ներզատիչ համակարգի կենտրոնական կարգավորիչ օղակի սաղմնավորում: Սկսվում է սեռական գեղձերի տարբերակումը՝ արական ու իգական: Սկսում է ձևավորվել ամորձին: Սաղմնավորվում է ուրցագեղձը (թիմուս), որտեղ տարբերվում են ավշային ցողունային բջիջները՝ Т-լիմֆոցիտները:

Հորմոնային փոփոխությունները մոր օրգանիզմում

Հղիության վեցերորդ շաբաթում մեծ քանակությամբ պրոգեստերոն է արտադրվում։ Այն օրգանիզմը պաշտպանում է տարատեսակ վարակներից, ամրացնում է արգանդի պատերը՝ ապահովելով պտղի արյունամատակարարումը։ Միևնույն ժամանակ բացասաբար է անդրադառնում մարսողության վրա՝ դանդաղեցնելով սննդի խմորումը, առաջացնելով սրտխառնոց և փսխում, որոնց մի բառով անվանում են տոքսիկոզ։

Նշանները

Հղիության այդ շաբաթը հաճախ ուղեկցվում է մի շարք տհաճ ախտանշաններով, որոնցից մի քանիսը, օրինակ շագանակագույն արտադրությունը, ստիպում է անհանգստանալ։ Եթե այն շատ չէ և չի ուղեկցվում որովայնի ստորին շրջանի ցավով, ապա պետք չէ մտահոգվել․ այն օրգանիզմի բնական արձագանքն է փոփոխված հորմոնային ֆոնին։

Առանձնացվում են հետևյալ նշանները՝

  • թքարտադրության ուժգնացում, 
  • հոգնածություն, 
  • հաճախակի միզարձակում, 
  • տրամադրության փոփոխություններ, 
  • փսխում առավոտյան ժամերին, 
  • որովայնի ստորին հատվածի ցավ, 
  • մկանային թուլություն, 
  • կաթնագեղձերի ծանրացում և այն։

Պետք է հաշվի առնել, որ հղիության վեցերորդ շաբաթում ոչ բոլոր կանայք են ունենում կամ զգում որևէ նշան, և այդ բնական է։

Ուլտրաձայնային հետազոտություն

Վեցերորդ շաբաթում ՈւՁՀ-ն կհաստատի հղիության առկայությունը։ Արգանդը մեծացած է, լավ լսելի և տեսանելի է պտղի սրտխփոցը, մեծությունը 4մմ է, պտղաձուն՝ մինչև 25մմ։

Կարդացեք՝ ՈւՁՀ-ն հղիության ընթացքում

Ինչի՞ց զգուշանալ

Ոչ բնորոշ արտադրություն նկատելու դեպքում պետք է դիմել բժշկի։ Հղիությանը կարող են սպառնալ մրսածության պատճառով ի հայտ եկած հիվանդությունները, մարմնի բարձր ջերմությունը, պատահական անկումները, տաք լոգանքը և այլն։ Այդ շրջանում նախընտրելի է սնվել փոքր չափաբաժնով։ Սնունդը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից և վիտամիններից, կաթնաթթվային մթերքներից։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում սնվելու ուղեցույց

Պետք չէ մերժել օրգանիզմի երբեմն տարօրինակ ցանկությունները, դրանք կարող են առաջանալ որևէ վիտամինի պակասի պատճառով, օրգանիզմը պակասող այդ տարրը փորձում է գտնել իրեն ծանոթ մթերքներում կամ դրանց համադրության մեջ։ Սեռական հարաբերությունը թույլատրելի է այդ շրջանում, եթե չկա վիժման վտանգ։