Հղիության 7-րդ շաբաթ

Հղիության 7-րդ շաբաթ

Հղիության յոթերորդ մանկաբարձական շաբաթը համապատասխանում է բեղմնավորման հինգերորդ և դաշտանի ուշացման երրորդ շաբաթին։ Ամսով հաշվելու դեպքում երկրորդ ամսվա երկրորդ կեսի սկիզբն է։ Այդ շրջանում սկսվում է օրգանիզմի վերակառուցումը, փոխվում է հորմոնային ֆոնը և հղիության նշաններն ակնհայտ են դառնում։

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 5 - 7 մմ է: Աղեղնաձև կորացած է, երևում է պարանոցային կորը: Վերին ծայրանդամները երկարում են, գլանաձև են, նշմարվում են ձևավորվող դաստակները: Սիրտը դառնում է քառախորշ: Լյարդը դառնում է արյունաստեղծման կենտրոն: Սկսում են զարգանալ բարակ աղիքներն ու մակերիկամները: Դրվում են երիկամների և միզապարկի զարգացման հիմքերը: Արագորեն աճում է գլխուղեղը:

Արտաքին ազդակներին պտուղը ռեֆլեկտոր շարժումներով արձագանքում է զարգացման վաղ փուլերում: 8-րդ շաբաթում բերանի շրջակա մասերի գրգռումը դրդում է թեքել պարանոցը դեպի հակառակ կողմը` դրանով իսկ խույս տալով գլխի տվյալ մակերեսը գրգռող ազդակից. տարրական պաշտպանիչ ռեֆլեքս է: Պտղի մաշկը գրգռելով կարելի է տեսնել մարմնի և վերջույթների արագ շարժումները: Մաշկն ավելի ուժգին գրգռելու դեպքում դիտվում է հակազդեցություն, որի հիմքում ընկած է ծալիչ և տարածիչ մկանների կծկումը:

Զգացումները

Հղիության յոթերորդ շաբաթում սրտխառնոցն անխուսափելի է դառնում։ Դրա պատճառով խանգարվում է սնվելու ռեժիմը, երբեմն ախորժակը մեծանում է, երբեմն էլ ուտելու ցանկությունն առհասարակ կորչում է։ Թուլությունն ու քնկոտությունը սովորական են յոթերորդ շաբաթվա համար։ Այդ ամենը պայմանավորված է հորմոնային վերակառուցմամբ, դրանց հարաբերակցության փոփոխմամբ։ Չնայած այդ փոփոխություններին՝ հղիությունն արտաքինից այնքան էլ նկատելի չէ։

Քանի որ սննդարար նյութերը, հանքանյութերն ու վիտամինները ծախսվում են նաև պտղի սնուցման համար, հնարավոր է, որ մաշկի և մազերի որակը վատանա։ Հորմոնների փոփոխությունը կարող են պիգմենտացիայի առաջացման պատճառ դառնալ, ուստի կարևոր է ճիշտ սնվելը և անհրաժեշտության դեպքում վիտամինահանքանյութային կոմպլեքս օգտագործելը։ Այդ շրջանում հատուկ նշանակություն է ձեռք բերում ֆոլաթթուն, որն անհրաժեշտ է երեխայի նյարդային համակարգի ձևավորման համար։

Հեշտոցի էպիթելը բավականին հաճախ է թարմանում, մեծանում է արյան հոսքը, ինչի արդյունքում արտադրությունը յոթերորդ շաբաթում ձեռք է բերում դեղնավուն երանգ և թույլ հոտ, ինչը բնական է համարվում։ Իսկ այ եթե ցավում է որովայնը, այն էլ որոշակի պարբերականությամբ և արնախառը լորձի ուղեկցությամբ, ապա պետք է դիմել բժշկի։ Այդ կարող է արգանդի տոնուսի բարձրացման նշան լինել։

Հիմնական հետազոտություններ

Հղիության յոթերորդ շաբաթը հղի կանանց խորհրդատվության հաշվառվելու ժամանակն է։ Չափվում է կնոջ կոնքը և քաշը, կատարվում է վարակների հայտնաբերմանն ուղղված քսուքի նմուշառում։ Այդ ժամկետում գինեկոլոգիական աթոռի վրա զննում սովորաբար չի նշանակվում։

Հղի կինն ուղղորդվում է մեզի և արյան, հեպատիտների, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի և այլ հետազոտությունների։ Այդ ժամկետում սովորաբար չի կատարվում ՈւՁՀ (կատարում են միայն բազմապտուղ հղիության փաստի հաստատման նպատակով):

Ինչից զգուշանալ

Հղիության յոթերորդ շաբաթում մեծ է վիժման վտանգը։ Երեխան խոցելի է, հնարավոր է, որ զարգացման ծանր արատներ առաջանան։ Չմոռանաք, որ հղիության ընթացքում չի կարելի ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ և դեղամիջոցներ օգտագործել։ Այդ ամենը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երեխայի, ինչպես նաև մոր համար։


Հղիության յոթերորդ մանկաբարձական շաբաթը համապատասխանում է բեղմնավորման հինգերորդ և դաշտանի ուշացման երրորդ շաբաթին։ Ամսով հաշվելու դեպքում երկրորդ ամսվա երկրորդ կեսի սկիզբն է։ Այդ շրջանում սկսվում է օրգանիզմի վերակառուցումը, փոխվում է հորմոնային ֆոնը և հղիության նշաններն ակնհայտ են դառնում։ 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար