Նեղ կոնք

02.06.2016 17198
Նեղ կոնք հասկացությունը կիրառվում է բացառապես մանկաբարձության ոլորտում և արտացոլում է հղի կնոջ կամ ծննդկանի կոնքի ոսկորների կառուցվածքն ու առանձնահատկությունները։ Անատոմիապես նեղ կոնքի դեպքում կոնքի չափսերը սովորականից փոքր են (չափսերից առնվազն մեկը երկու և ավել սանտիմետրով փոքր է)։ Կլինիկորեն նեղի դեպքում դիտվում է պտղի գլխիկի և կոնքի չափերի անհամապատասխանություն ծննդաբերության ժամանակ։

Նեղ կոնքի նշանները ճիշտ ժամանակին չհայտնաբերելու դեպքում ծննդալուծումը գուցե բարդանա կամ էլ անհնար դառնա՝ սպառնալով ոչ միայն պտղի, այլև կնոջ կյանքին։

Ախտանշանները և ձևերը

Նեղ կոնքը որևէ կերպ չի անդրադառնում հղիության ընթացքի վրա և հաճախ չի էլ զգացնում նախքան ծննդաբերությունը։ Անատոմիապես նեղ կոնքը հայտնաբերվում է հատուկ չափումներից հետո, որոնք կատարում մանկաբարձը։

Կլինիկորեն նեղ կոնքի նշանները (դրսևորվում են ծննդաբերության ընթացքում)

  • Ցավոտ, անարդյունք (ծննդաբերական ուղով պտղի շարժին չհանգեցնող) կծկանք։ 
  • Պտղի շարժման և արգանդի պարանոցի բացվելու գործողությունները միաժամանակ չեն կատարվում (ամբողջովին բացված պարանոցի պայմաններում պտղի գլուխը չի տեղաշարժվում կամ էլ դանդաղում է իջնել)։ 
  • Արգանդի պարանոցի և արտաքին սեռական օրգանների այտուցվածություն։
  • Ինքնուրույն միզարձակման դադար։
  • Արգանդի ստորին հատվածի ցավ։ 
  • Պտղի հիպոքսիայի նշաններ և այլն։

Ձևերը

Լայնակի նեղացած կոնք՝ բնութագրվում է միայն լայնակի չափսերի նեղացմամբ։
Հարթ կոնք՝ փոքրացած են կոնքի միայն ուղիղ չափսերը։
Ընդհանուր-հավասարաչափ նեղացած կոնք՝ կոնքը նեղացած է, սակայն ճիշտ ձևը պահպանված է։
Ծուռ նեղացած և խառը նեղացած կոնք՝ չափսերն անհավասարաչափ են փոփոխված, կոնքի կեսերը տարբերվում են չափսերով։
Ուռուցքներով նեղացած կոնք։

Ծննդալուծման ձևի որոշման հարցում մեծ դեր է խաղում կոնքի նեղության աստիճանը։ Այդ աստիճանի որոշելու համար հիմնվում են իրական կոնյուգատի ցուցչի վրա (փոքր կոնքի մուտքի չափսերի հիմնական ցուցանիշներից մեկը, որը հաշվում են այն չափսերի հաշվարկից, որոնք ստանում են հեշտոցային հետազոտության և արտաքին չափման միջոցով)։

1-ին աստիճան՝ բնորոշվում է իրական կոնյուգատի չափսերով՝ 9-ից 11սմ։
2-րդ աստիճան՝ բնորոշվում է իրական կոնյուգատի փոքրացմամբ՝ 7,5-ից 9սմ։
3-րդ աստիճան՝ իրական կոնյուգատի ցուցանիշը 7,5 սմ է։

Լայնակի նեղացած կոնքի բնորոշման համար միայն իրական կոնյուգատի օգտագործումը բավական չէ, կողմնորոշվում են փոքր կոնքի մուտքի լայնակի չափսերով, որոնք՝

1-ին աստիճանի դեպքում կազմում են 12,5 – 11,5 սմ, 2-րդ աստիճանի դեպքում՝ 11,5 – 10,5 սմ, 3-րդ աստիճանի դեպքում՝ առավելագույնը 10,5 սմ։

Պատճառները

  • Կնոջ ներարգանդային զարգացման պաթոլոգիա, որի դեպքում սնուցման խանգարումը հանգեցնում է ոսկորների, ինչպես նաև կոնքի ոսկորների սխալ ձևավորման։
  • Գործոններ, որոնք ազդում են կնողջ վաղ զարգացման շրջանի վրա՝
  • թերի սնուցում, 
  • կյանքի անբարենպաստ պայմաններ, 
  • պոլիոմիելիտ (վիրուսային հիվանդություն, որը դրսևորվում է նյարդային համակարգի ծանր ախտահարմամբ և կաթվածի զարգացմամբ), 
  • ոսկորների տուբերկուլյոզ, 
  • ողնաշարի, ստորին վերջույթների և կոնքի վնասվածքներ, 
  • ծանր աշխատանք մանուկ հասակում, 
  • ռախիտ 
  • գենետիկ նախատրամադրվածություն և այլն։ 
  • Գործոններ, որոնք ազդում են սեռական հասունացման շրջանում՝
  • ֆիզիկական ծանրաբեռնվածություն, 
  • ուժգին սթրեսներ, 
  • նեղ հագուստի շարունակական կրում, 
  • կարճահասակություն։

Ախտորոշումը

  • Կյանքի անամնեզի վերլուծություն՝ ինչ հիվանդություններ և վնսավածքներ է ունեցել մանկության և դեռահասության շրջանում, ինչ վիրահատություններ է տարել։ Հատուկ ուշադրություն է դարձվում ռախիտի առկայությանը, ողնաշարի հիվանդություններին, կոնքի, ստորին վերջույթների վնասվածքներին։
  • Գինեկոլոգիական-մանկաբարձական անամնեզի վերլուծություն՝ երբ է սկսվել դաշտանը, ինչ պարբերականությամբ, հստակեցվում է նախորդող հղիությունների և ծննդաբերությունների, դրանց առանձնահատկությունների, ծնված երեխայի չափսերի մասին տեղեկությունները և այլն։
  • Ընդհանուր զննման տվյալներ՝ չափվում է հղի կնոջ հասակը, զանգվածը, հստակեցվում է կաղության, ողնաշարի տեսանելի ծռվածության առկայությունը, հոդերի շարժունակությունը, փորի ձևը և այլն։
  • Հատուկ զննման տվյալներ՝ հեշտոցային հետազոտություն, կոնքի արտաքին չափսերի չափում։ 
  • Կոնքի ներքին չափսերի որոշում ռենտգենի միջոցով (ռենտգենպելվիոմետրիա)։ Կատարվում է ըստ ցուցման, կիրառվում է նախքան հղիությունը։ 
  • Ուլտրաձայնային հետազոտություն։ 
  • Կլինիկորեն նեղ կոնքի ախտորոշումը ծննդաբերության ընթացքում ենթադրում է դրա նշանների վերհանում։ 
Կլինիկորեն նեղ կոնքի կասկած կարող է առաջանալ, եթե՝ 
  • ծննդաբերության սկզբում գլխիկը սեղմված չի լինում փոքր կոնքի մուտքին, 
  • պտղաջուրն ուշացումով է արտահոսում, 
  • ծննդկանն իրեն ծայրահեղ անհանգիստ է պահում, 
  • ծննդաբերությունը երկարաձգվում է և այլն։ 

Կլինիկորեն նեղ կոնքի հիմնական նշաններն են՝ 
  • ցավոտ, անարդյունք (ծննդաբերական ուղով պտղի շարժին չհանգեցնող) կծկանք, 
  • պտղի շարժման և արգանդի պարանոցի բացվելու գործողությունները միաժամանակ չեն կատարվում (ամբողջովին բացված պարանոցի պայմաններում պտղի գլուխը չի տեղաշարժվում կամ էլ դանդաղում է ներդրվել փոքր կոնքի մեջ), 
  • արգանդի պարանոցի և արտաքին սեռական օրգանների այտուցվածություն, 
  • ինքնուրույն միզարձակման դադար, 
  • արգանդի ստորին հատվածի ցավ, 
  • պտղի հիպոքսիայի նշաններ և այլն։

Բուժումը

Հղիությունը վարելու ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգի գլխավոր խնդիրը կլինիկորեն նեղ կոնքի ժամանակին հայտնաբերումն է։ Մի շարք դեպքերում բժիշկը ծննդալուծումը կեսարյան հատման եղանակով կատարելու որոշում է կայացնում, մյուս դեպքերում թույլատրվում է ինքնուրույն ծննդաբերել, սակայն ընթացքում կարող է կեսարյան հատման ցուցում առաջանալ։

Բարդություններն ու հետևանքները
  • Պտղի սխալ դիրք, որը դժվարացնում է ծննդալուծումը կամ անհնար դարձնում այն։ 
  • Պտղաջրի վաղաժամ արտահոսք։ 
  • Պտղի փոքրիկ մասերի արտանկում, ինչն զգալիորեն դժվարացնում է բնական ճանապարհով ծննդալուծումը։ 
  • Պտղի ներարգանդային սուր հիպոքսիա՝ թթվածնաքաղց։ 
  • Պտղի ուսերի դիստոցիա։ 
  • Պտղի ծննդաբերական վնասվածքներ՝ 
  • ներքին օրգանների վնասվածքներ, 
  • կոտրվածքներ (ազդրի, ուսի ոսկորի և այլն), 
  • կեֆալոհեմատոմա (արյունազեղում և արյան կուտակում գանգոսկրի տակ), 
  • մաշկի, մկանների, ենթամաշկային բջջանքի վնասում։ 
  • Կնոջ ստացած վնասվածքները՝ 
  • հեշտոցի, արգանդի պարանոցի պատռվածք, 
  • ուղիղ աղիքի և միզապարկի ճզմում, 
  • ցայլքային սիմֆիզի ձգում կամ պատռում։ 
  • Խորիոամնիոնիտ (պտղի թաղանթների բորբոքում)։ 
  • Մանկաբարձական արնահոսություն վաղ հետծննդաբերական շրջանում։ 
  • Ծննդաբերական գործունեության շեղումներ (ծննդաբերության փուլերի տևողության և ինտենսիվության պաթոլոգիաներ)՝ 
  • թույլ ծննդաբերություն, 
  • չափազանց արագ ծննդաբերություն, 
  • ծննդաբերության դիսկոորդինացիա (արգանդի սեգմենտների անհամաչաթ կրճատում)։

Կանխարգելումը

Անատոմիապես նեղ կոնքի զարգացման կանխարգելումն անցկացվում է մանուկ հասակում՝ օրվա և սննդի ռացիոնալ ռեժիմ, ֆիզիկական և հոգեբանական խիստ ծանրաբեռնվածության բացառում, վնասվածքների և հիվանդությունների կանխարգելում կամ ճիշտ ժամանակին բուժում։

Կլինիկորեն նեղ կոնքի կանխարգելում ենթադրում է խոշոր պտղի ձևավորման կանխարգելում (հղի կնոջ քաշի վերահսկում, ճարպակալման և շաքարային դիաբետի բուժում, ռացիոնալ սննդի ապահովում)։ Հաճախակի այցեր մանկաբարձ-գինեկոլոգին:

Ժամանակին հաշվառում հղի կանանց խորհրդատվության (մինչև հղիության 12-րդ շաբաթը)։

Հղի կնոջ կոնքի չափսերի պարտադիր որոշում, որի հիման վրա հնարավոր կլինի նեղ կոնք կասկածել և հետազոտության լրացուցիչ մեթոդներ կիրառել ախտորոշման ճշգրտման և ծննդալուծման համապատասխան եղանակի ընտրության համար։ Ծննդալուծման պլանավորումը կանխում է հիմնական բարդությունների առաջացումը։ ։