Հղիության 8-րդ շաբաթ

25.02.201483294

Ութերորդ մանկաբարձական շաբաթը համապատասխանում է սաղմնային վեցերորդ շաբաթին, ըստ ամիսների հաշվելու դեպքում՝ երկրորդ ամսվա վերջն է։ Այդ շրջանում կանանց մեծամասնությունն արդեն գիտի, որ երեխայի է սպասում, իսկ ովքեր չգիտեն, կարող են գլխի ընկնել, քանի որ նշաններն ուժգնանում են։

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 7 - 13 մմ է: Նշմարվում է պարանոցային կորը: Գլուխը մարմնի նկատմամբ կազմում է ուղիղ անկյուն: Ուրվագծվում է նախնական դեմքը: Աճում է բերանի խորությունը: Գլխի վրա արդեն երևում է արտաքին ականջը: Երևում են փակ կոպերը: Լավ երևում են քթի փոսիկները: Աչքերը պիգմենտավորվում են:

Սկսում են սաղմնադրվել ատամները: Վերին վերջույթներում տարբերվում են ուսերը, բազուկները, դաստակները: Ստորին վերջույթներում սկսում են ձևավորվել ոտնաթաթերը: Շարունակում են զարգանալ մեջքի մկանները։ 8-րդ շաբաթվա ավարտին մեջքն ուղղվում է, սկսվում է կմախքի ոսկրացումը: Ուրվագծվում են կաթնագեղձերի պտուկները:

Սկսում են զարգանալ շնչափողն ու բրոնխները: Ձևավորվում է կրծքավանդակ-որովայնային պատնեշը՝ ստոծանին: Աճող աղիքը թափանցում է պորտային խողովակ՝ որպես ֆիզիոլոգիական սաղմնային ճողվածք: Գոնադները լցվում են առաջնային սեռական բջիջներով: Երիկամներն սկսում են մեզ արտաթորել: Ի հայտ է գալիս սեռական թմբիկը, միզասեռական և հետանցքային թաղանթները: Օրգանների մեծ մասն արդեն ձևավորված է, հետագայում արդեն դրանք միայն աճում են:

Զգացողությունները

Նախորդող շաբաթների ընթացքում ի հայտ եկած նշաններն ութերորդ շաբաթում ակնհայտ են դառնում։ Հորմոնների մակարդակը շարունակում է աճել, արտաքնապես դրսևորվում է տրամադրության փոփոխություններով, լաց լինելու ցանկությամբ և քնկոտությամբ։ Արգանդն սկսում է մեծանալ, և եթե կինը դեռևս այդ չի նկատում, ապա նրա ներքինն օրգաններն արդեն իսկ անհարմարություն են զգում։

Միզարձակումը հաճախակիանում է, հնարավոր է, որ փորկապություն առաջանա։ Հնարավոր է, որ մեծանա նաև արտադրության քանակը, ինչը քորի, ցավի և վատ ինքնազգացողության բացակայության դեպքում բնական է համարվում։ Ցանկալի է այդ մասին տեղեկացնել բժշկին։

Հղիության ութերորդ շաբաթում շատերին սկսում է անհանգստացնել տոքսիկոզը։ Անընդհատ զզվանքն ու սրտխառնոցը թույլ չեն տալիս լավ սնվել։ Օրվա ընթացքում հինգ և ավել անգամ փսխելու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

Կարդացեք՝ Փսխումը հղիության ընթացքում

Բժշկական զննում

Եթե կինը դեռևս չի հաշվառվել կանանց խորհրդատվության, ապա ութերորդ շաբաթը դրա իսկական ժամանակն է։ Բժիշկը կզննի, արգանդային զարգացող հղիությունը հաստատող հետազոտություններ կնշանակի,վիտամիններ կընտրի և այլն։ Հարկավոր է այցելել նաև ատամնաբույժի, թերապևտի և վեներոլոգի։

Խորհուրդներ

Եթե կնոջը հատուկ ոչինչ չի անհանգստացնում, ապա նա կարող է սովորական ապրելակերպ վարել, զբաղվել սպորտով (բայց խուսափել շարունակական ծանրաբեռնվածությունից)։ Վիժման վտանգի դեպքում այդպիսի ակտիվությունն անթույլատրելի է, ինչպես և սեռական հարաբերությունը։

Շատերն այդ շրջանում նյարդային ու դյուրագրգիռ են դառնում, տրամադրության անկում ունենում։ Արդյունավետ կլինի զբոսանքի գնալը։

Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սննդին։ Ամենօրյա ճաշացանկը պետք է պարտադիր ներառի բանջարեղեն, մրգեր, սպիտակուցային և կաթնաթթվային մթերքներ։ Իսկ այ քաղցրեղենը, սուրճը և ալերգիա առաջացնող մի շարք մթերքներ պետք է բացառել։