Փսխումը հղիության ընթացքում

22.03.2016 26555
Հղիության ընթացքում սրտխառնուքն ու փսխումը հաճախադեպ երևույթներ են։ Փսխումը հաճախ ի հայտ է գալիս հղիության վաղ փուլում և տոքսիկոզի առաջին նշաններից մեկն է։ Եթե այն առաջանում է վերջին ամիսների ընթացքում, ուրեմն խոսքը գեստոզի մասին է։ Հիմնականում փսխումը կարճատև ախտանշան է և ինքնուրույն է անցնում, առանց հատուկ թերապիայի, սակայն ուժեղ և հաճախակի լինելու դեպքում երբեմն թողնում է տհաճ հետևանքներ։

Տոքսիկոզը հղիության ընթացքում

Գոյություն ունի փսխման ծանրության մի քանի աստիճան։ Հիմնականում հանդիպում է թեթև տեսակը՝ օրվա ընթացքում առավելագույնը չորս անգամ։ Այդ դեպքում չի տուժում ոչ մոր, ոչ էլ երեխայի առողջությունը։

Թունավոր հղիության առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։ Բժիշկներիմեծ մասը ենթադրում է, որ հիմնական պատճառը օրգանիզմում հորմոնային վերակռուցումն է։

Ինչպե՞ս թեթևացնել տոքսիկոզի նշանները

Վիճակները, երբ փսխումն սկսում է հյուծել, հնարավոր է թեթևացնել՝ փոխելով որոշ սովորություններ։ Պետք է սկսել արթնանալուց։ Եթե փսխումն անհանգստացնում է առավոտյան, հարկավոր է առանց անկողնուց վեր կենալու որևէ թեթև բան ուտել, օրինակ՝ չորահաց, խնձոր, և մի քանի կում ջուր խմել, այնուհետև որոշ ժամանակ կիսանստած մնալ։

Խորհուրդ է տրվում ջուր կամ այլ ըմպելիքներ խմել ու քաղցած չմնալ, երբ փսխումն անցնում է։ Հարկավոր է ուտել այն, ինչը շատ եք ուզում, սակայն քիչ-քիչ, ցանկալի է օրական հինգից վեց անգամ։ Պետք է բացառել տապակած, յուղալի, սուր և ապխտած կերակուրները, թեթև նախաճաշելու ցանկության դեպքում կարելի է մրգեր, բանջարեղեն ուտել կամ էլ կաթնաթթվային որևէ ըմպելիք խմել։ Սննդի օրաբաժնում անպայման ներառեք B խմբի վիտամիններ, հատկապես՝ B6 (պիրիդոքսին)։ Այն գրեթե ամբողջովին վերացնում է սրտխառնոցը և օգնում նախազգալ փսխման նոպայի սկսվելը։

Վիտամին B6-ով է հարուստ ամբողջական հացահատկի հացը, հնդկաձավարը, կարտոֆիլը, կաղամբը, գազարը, բանանը, պնդուկը, հունական ընկույզը և այլն։

Եթե հեղուկն է ուժգին փսխում առաջացնում, փորձեք կիտրոնով սառույց ծծել։ Խմեք ոչ թե ուտելու ընթացքում, այլ ուտելուց հետո՝ կում-կում։

Օգտակար է արոմաթերապիան։ Կտրատեք կիտրոնը և դրեք տան տարբեր մասերում։ Կիտրոնը հրաշալիորեն վերացնում է սրտխառնոցը, դադարեցնում սկսվող փսխումը։

Ե՞րբ անհանգստանալ

Սովորաբար բուժօգնության կարիք են ունենում միջին և ծանր աստիճանի սրտխառնոց ու փսխում ունեցող կանայք։ Նրանք, ի վիճակի չլինելով լիարժեք սնվել և անհրաժեշտ վիտամիններով ապահովել աճող պտղին, արագորեն կորցնում են կուտակած պաշարը, որը չի հասցնում համալրվել։

Առատ և հաճախակի փսխման դեպքում խանգարվում է ջրաէլեկտրոլիտային հավասարակշռությունը, ինչի հետևանքով հնարավոր է, որ ջրազրկում և թունահարություն առաջանա՝ վնասելով ինչպես մորը, այնպես էլ պտղին։

Այդպիսի դեպքերում հաճախ կնոջը տեղափոխում են հիվանդանոց, որտեղ վիճակը թեթևացնում են անհրաժեշտ դեղամիջոցները կաթիլային եղանակով օրգանիզմ ներմուծելու միջոցով։ Դրա շնորհիվ դադարեցվում է թունահարությունը և փոխհատուցվում հեղուկի ու սննդարար նյութերի պակասը։