Հղիության 9-րդ շաբաթ

25.02.201466756

Պտղի զարգացումը

Սաղմի երկարությունը 17 - 22 մինչև 26 - 28մմ է: Այն աղեղնաձև կորացած է: 9-րդ շաբաթվա ավարտին սաղմի գլխիկն ուղղվում է: Ձևավորվում են ապագա գանգի և դեմքի հյուսվածքները: Պարզ երևում է ստորին ծնոտը: Ձևավորված և բաց են ռունգերը: Լավ զարգացած են աչքերը, որոնք, սակայն, տեղակայված են գլխի կողմնային մասերում: Ականջախեցիները ցածր են տեղակայված: Շարունակվում է կաթնագեղձերի զարգացումը: Մեջքը երկարում է: Զարգանում են կմախքային մկանները: Ձեռքերը երկարում են, ծալվում արմունկների հոդերում և խաչվում որովայնի վրա:

Ստորին վերջույթներում տարբերվում են ազդրերը, սրունքներն ու ձևավորվող ոտնաթաթերը: Նշմարվում են ծնկային և սրունքթաթային հոդերի տեղերը: Ոտքերի երկարությունն սկսում է համապատասխանել սաղմի երկարությանը: Տարբերվում են ոտնաթաթերի մատները: Գլխուղեղում լավ ուրվագծված են կիսագնդերը, ի հայտ են գալիս առաջին գալարները, առանձնանում է ուղեղիկը: Սկսվում է ներքին ականջի ձևավորումը: Սաղմն սկսում է ակամա շարժումներ կատարել:

Միզածորաններն են երկարում՝ սկիզբ առնելով երիկամներից և դեպի միզապարկ իջնելով: Շարունակվում է գոնադների ձևավորումը, ուստի հնարավորություն է ընձեռվում որոշել պտղի սեռը․ միզասեռական թաղանթն արդեն զանազանվում է՝ ըստ արական և իգական սեռին հատուկ տարբերանշանների: Տարբերվում են ձվարանները և ամորձիները: Ձևավորվում է հետանցքը:

Զգացողությունները

Հնարավոր է, որ կնոջ քաշը փոքր-ինչ նվազի, ինչը պայմանավորված է հղիության առաջին կեսի տոքսիկոզով։ Այն բնորոշվում է սրտխառնոցով, փսխմամբ, սննդի, օծանելիքի բույրի հանդեպ մեծ զգայունությամբ, որպես հետևանք՝ ախորժակի կորստով։ Այդ ժամանակաշրջանում զգալիորեն մեծանում են կաթնագեղձերը։ Այդպիսով օրգանիզմը նախապատրաստվում է հետագայում կրծքով կերակրմանը։ Մեծ է առաջին հղիազոլերի առաջացման հավանականությունը։

Կարդացեք՝ Փսխումը հղիության ընթացքում

Սեռական կյանքը

Եթե չկա հղիության ընդհատման վտանգ, ապա լիովին կարող եք շարունակել սեռական կյանքը։ Արյունային կամ շագանակագույն արտադրություն նկատելու դեպքում հարկավոր է դիմել բժշկի։ Սպիտակավուն և դեղնավուն արտադրությունը բնական է համարվում։

Կարդացեք՝ Սեռական կյանքը հղիության ընթացքում

Սնունդը

Հարկավոր է սնվել հաճախ, բայց քիչ քանակությամբ։ Այդ կերպ հեշտությամբ կհաղթահարեք սրտխառնոցը և կապահովեք սննդանյութերի յուրացումը։

Կարդացեք՝ Հղիության ընթացքում սնվելու ուղեցույց