Ադենոմիոզ

16.09.2016 8233
Ադենոմիոզն էնդոմետրիոզի տարատեսակ է: Այս հիվանդության ժամանակ արգանդի ներքին թաղանթը՝ էնդոմետրիումը, գերաճում է արգանդի մկանային հյուսվածքի: Ադենոմիոզն արտահայտվում է երկարատև առատ դաշտանի, միջդաշտանային շրջանում արյունահոսությունների և շագանակագույն արտադրության տեսքով, արտահայտված նախադաշտանային համախտանիշով, սեռական հարաբերության կամ դաշտանային ցիկլի ժամանակ ցավերով: Կլիմաքսից հետո այն վերանում է: Ախտորոշվում է հիմնվելով գինեկոլոգիական զննման, գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքների վրա:

Բուժումը լինում է պահպանողական, վիրահատական կամ համալիր: Ադենոմիոզը սովորաբար հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց պարագայում, երբեմն էլ լինում է բնածին: Կլիմաքսից հետո ինքնուրույն վերանում է: Ադենոմիոզը հաճախ ուղեկցվում է անպտղությամբ, սակայն երկուսի միջև ուղղակի կապ հայտնաբերված չէ: Հնարավոր է անպտղությունը պայմանավորված լինի էնդոմետրիոզի առկայությամբ: Կանոնավոր առատ արյունահոսությունները կարող են սակավարյունություն առաջացնել: Արտահայտված նախադաշտանային համախտանիշը և ցիկլի ժամանակ ուժգին ցավերը բացասական ազդեցություն են թողնում կնոջ հոգեբանական վիճակի վրա և նույնիսկ հանգեցնում են նևրոզի:

Ինչպես արդեն նշվեց, Ադենոմիոզն էնդոմետրիոզի տարատեսակ է: Վերջինիս դեպքում էնդոմետրիումի բջիները բազմապատկվում են՝ անցնելով արգանդի լորձաթաղանթի սահմաններից (դեպի արգանդափողեր, ձվարաններ, ստամոքսաաղիքային, շնչառական համակարգ կամ միզուղիներ): Բջիջների տարածումը տեղի է ունենում շփումային, ավշածին կամ արյունածին ուղիներով: Էնդոմետրիոզը ուռուցքային հիվանդություն չէ, կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝ կիստաներ, շրջակա հյուսվածքների բորբոքում և կպումային պրոցեսներ:

Առաջացման պատճառները

Հստակ պատճառները հայտնի չեն: Համարվում է հորմոնակախյալ հիվանդություն: Ադենոմիոզի զարգացմանը նպաստում են իմունիտետի խանգարումները և շարակցական հյուսվածքի` էնդոմետրիումը միոմետրիումից բաժանող բարակ շերտի վնասումը: Վերջինիս վնասման պատճառ կարող են լինել նաև աբորտը, ախտորոշիչ քերումը, ներարգանդային սպիրալի կիրառումը, բորբոքային հիվանդությունները, բարդություններով ուղեկցվող ծննդաբերությունը, վիրահատությունները և արգանդային դիսֆունկցիոնալ արյունահոսություները:

Այլ պատճառներ են շատ վաղ կամ շատ ուշացած դաշտանային ցիկլի սկիզբը, սեռական կյանքի ուշ սկիզբը, օրալ բեղմնականխիչների ընդունումը, հորմոնային թերապիան և գիրացումը, ինչը հանգեցնում է օրգանիզմում էստրոգենների քանակի աճի: Իմունիտետի խանգարումների հետ առնչվող այլ գործոններ են վատ էկոլոգիան, ալերգիկ հիվանդությունները և հաճախ կրկնվող վարակիչ հիվանդությունները: Իմունային համակարգի վրա բացասական ազդեցություն են ունենում նաև որոշ քրոնիկ հիվանդություններ (մարսողական համակարգի հիվանդություններ, հիպերտոնիկ հիվանդություն) և ֆիզիկական ակտիվության չարաշահումն ու անբավարարությունը:

Ադենոմիոզի դասակարգումը

Հաշվի առնելով մորֆոլոգիական պատկերը՝ տարբերում են ադենոմիոզի 4 ձև: Օջախային ադենոմիոզ. Էնդոմետրիումի բջիջներն արմատավորվում են ենթակա հյուսվածքների մեջ՝ ձևավորելով առանձին օջախներ: Հանգուցավոր ադենոմիազ. Էնդոմետրիումի բջիջները տարածվում են դեպի միոմետրիում հանգույցների տեսքով (ադենոմիոմա): Սովորաբար դրանք լինում են բազմաքանակ, ունենում են արյունով լցված խոռոչներ, պատված են լինում բորբոքման արդյունքում ձևավորված հաստ շարակցական հյուսվածքով: Դիֆուզ ադենոմիզ. Էնդոմետրիումի բջիջներն արմատավորվում են միոմետրիումի մեջ՝ առանց ձևավորելու տարատեսակ օջախներ կամ հանգույցներ: Խառը՝ դիֆուզ-հանգուցավոր ադենոմիոզ:
Ըստ էնդոմետրիումի բջիջների թափանցման խորության տարբերում են ադենոմիոզի 4 աստիճաններ:
1 աստիճան – ախտահարվում է արգանդի միայն ենթալորձային շերտը:
2 աստիճան – ախտահարվում է արգանդի մկանային շերտի կեսից ոչ ավելին:
3 աստիճան – ախտահարվում է արգանդի մկանային շերտի կեսից ավելին:
4 աստիճան- ախտահարվում է արգանդի մկանային ողջ շերտը, հնարավոր է տարածում հարակից օրգաններ և հյուսվածքներ:

Ախտանշանները

Ադենոմիոզի ամենաբնորոշ ախտանշանը երկարատև (ավելի քան 7 օր), ցավոտ և շատ առատ դաշտանային ցիկլն է: Արյան մեջ կարող են լինել մակարդուկներ: Ցիկլի սկսվելուց 2-3 օր առաջ, կամ ավարտից 2-3 օր անց հնարավոր է նկատվի շագանակագույն արտադրություն կամ միջդաշտանային արգանդային արյունահոսություն, արտադրություն: Կանանց մոտ նաև արտահայտված է լինում նախադաշտանային համախտանիշը: Ցավերը նույնպես ադենոմիոզի բնորոշ ախտանշան են: Սովորաբար առաջանում են դաշտանային ցիկլի սկսվելուց մի քանի օր առաջ և ավարտվում են ցիկլի ավարտից 2-3 օր անց: Ադենոմիոզը կարող է հանգեցնել անպտղության, քանի որ արգանդափողերի շրջանում կպումային պրոցեսների պատճառով խոչընդոտվում է ձվաբջջի մուտքը արգանդի խոռոչ, խանգարվում է էնդոմետրիումի կառուցվածքը: Առատ դաշտանի հետևանքով կարող է ձևավորվել երկաթի անբավարարությամբ պայմանավորված սակավարյունություն (անեմիա), ինչն արտահայտվում է թուլությամբ, քնկոտությամբ, արագ հոգնածությամբ, մաշկի և լորձաթաղանթների գունատությամբ, գլխապտույտով, ուշաթափությամբ և այլն:

Ախտորոշումը և բուժումը

Ադենոմիոզն ախտորոշվում է հիմնվելով անամնեզի, կնոջ գանգատների, գինեկոլոգիական զննման, գործիքային հետազոտությունների արդյունքների վրա: Կատարվում է ՈւՁ հետազոտություն, ըստ անհրաժեշտության՝ տրանսվագինալ ՈւՁ, հիստերոսկոպիա: Հնարավոր են բուժման պահպանողական, վիրահատական կամ համալիր եղանակներ: Բուժման մեթոդն ընտրրվում է կախված ադենոմիոզի տեսակից, տարածման աստիճանից, կնոջ տարիքից և առողջական ընդհանուր վիճակից, վերարտադրողական ֆունկցիան պահպանելու ցանկությունից: Սկզբում կատարվում է պահպանողական բուժում՝ նշանակվում է հորմոնային թերապիա և լյարդի ֆունկցիան խթանող միջոցներ, սակավարյունության բուժում, նևրոզի առկայության դեպքում՝ հոգեթերապևտի խորհրդակցություն, հանգստացնող և հակադեպրեսանտ միջոցներ: Պահպանողական բուժման անբավարար արդյունքի դեպքում կատարվում է վիրահատական միջամտություն: Այն կարող է լինել ինչպես ռադիկալ, այնպես էլ օրգանները պահպանող: Էնդոմետրիումի հիպերպլազիայի, թարախակալման, դեպի արգանդի խոռոչ ձվաբջջի մուտքը խթանող կպումների առկայության դեպքում ցուցվում է էնդոկոագուլացիա: Ադենոմիոզը քրոնիկ հիվանդություն է, և վերարտադրողական տարիքի կանանց դեպքում կրկնության հավանականությունը մեծ է: