Դեղին մարմինը հղիության դեպքում

11.05.2016 9538
Յուրաքանչյուր ամիս կնոջ օրգանիզմում ցիկլային փոփոխություններ են կատարվում, որոնց շնորհիվ ձվաբջիջը հասունանում է և դուրս գալիս ձվարանից։ Հղիության դեպքում օրգանիզմում հորմոնային փոփոխություններ են կատարվում, որոնք պտղին աճելու և զարգանալու հնարավորություն են տալիս։

Ի՞նչ է դեղին մարմինը

Ձվաբջիջը ձվարանում հասունանում է փոքրիկ պարկի մեջ՝ ֆոլիկուլում։ Երբ այն վերջնականապես հասունանում է, ֆոլիկուլը պայթում է՝ թույլ տալով, որ ձվաբջիջը դուրս գա։ Ֆոլիկուլի խոռոչը լցվում է արյամբ, որում ակտիվորեն ձևավորվող հատուկ բջիջները դեղին նյութ՝ լյուտեին են արտադրում։

Հյուսվածքը, որն առաջանում է ֆոլիկուլի տեղում, ունենում է դեղին գույն, հենց այդ էլ դեղին մարմինն է, որը ժամանակավոր էնդոկրին ներզատական գեղձ է, քանի որ իգական սեռական հորմոններ է սինթեզում՝ էստրոգեն և պրոգեստերոն, հորմոններ, որոնք անհրաժեշտ են բեղմնավորված ձվաբջջի՝ արգանդի պատին ամրանալու և հղիության հետագա զարգացման համար։ Պրոգեստերոնը ճնշում է արգանդի մկանունքի կրճատումը և էնդոմետրիումը նախապատրաստում ակտիվ աճի։ Միաժամանակ այն խոչընդոտում է նոր ձվազատմանը, ակտիվացնում է կաթնագեղձերը, ինչպես նաև մոր նյարդային համակարգը նախապատրաստում է հղիությանն ու ծննդաբերությանը։

Օրգանիզմում պրոգեստերոնի անբավարարության դեպքում կինը կամ չի կարողանում հղիանալ, կամ էլ հղիությունը չի պահպանվում, քանի որ անպատրաստ էնդոմետրիումը դուրս է մղում իր համար օտարածին մարմինը։ Պրոգեստերոնը փոքր քանակությամբ արտադրվում է նաև մակերիկամների կողմից։ Այդ պատճառով դեղին մարմինը ձևավորվում է յուրաքանչյուր ձվազատումից հետո․ առանց նրա հնարավոր չէ հղիանալ և կրել երեխային։

Հղիությունը և դեղին մարմինը

Ձվարանում կազմավորված դեղին մարմինն արագ ուժ է հավաքում, ինչից հետո նրա հետագա ճակատագիրը կախված է լինում ձվաբջջի բեղմնավորումից։

  • Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, դեղին մարմինը 12-15 օր ապրում է, որից հետո ներծծվում, ինչի արդյունքում դաշտան է սկսվում։ 
  • 13-15 օրվա ընթացքում դեղին մարմինը հղիության դեպքում ակտիվորեն զարգանում է և պահպանվում մինչև հղիության 16-րդ շաբաթը։ Այնուհետև աստիճանաբար անհետանում է, իսկ նրա գործառույթները ստանձնում է արդեն կազմավորված ընկերքը։ 

Դեղին մարմինը որպես հղիության նշան: Եթե ուլտրաձայնային հետազոտության ընթացքում ձվարանում դեղին մարմին է հայտնաբերվում, չի նշանակում, որ հղիություն է սկսվել․ չէ՞ որ այն միշտ կազմավորվում է ձվազատումից հետո և վկայում է միայն, որ ձվաբջիջը հասունացել է և կնոջ օրգանիզմը պատրաստ է հղիանալուն։ Այսինքն՝ նշանակում է, որ եթե ձվարանում դեղին մարմին կա, ուրեմն հնարավոր է հղիանալ։ Եթե այն բացակայում է, ուրեմն տվյալ դաշտանային ցիկլում ձվազատում չի եղել, հետևաբար և հղիություն չի լինի։ Հղիության վերաբերյալ ենթադրություններ անել հնարավոր է միայն այն ժամանակ, երբ սպասվող դաշտանից մեկ-երկու օր առաջ ուլտրաձայնային հետազոտությամբ դեղին մարմին է երևում, և նրա չափսերը չեն փոքրանում։

Դեղին մարմնի չափսը և զարգացման խանգարումները հղիության դեպքում

Դեղին մարմնի գլխավոր խնդիրը հղիության զարգացման համար անհրաժեշտ հորմոնների արտադրումն է։ Այդ պատճառով տարբեր փուլերում այն տարբեր չափսեր է ունենում։ Առաջացման սկզբնական շրջանում տրամագիծը կազմում է 15-20 մմ, հետագայում աստիճանաբար մեծանում է մինչև 25-27մմ և այդ մեծությամբ պահպանվում մինչև մոտավորապես 15-րդ շաբաթը։ Այնուհետև աստիճանաբար փոքրանում է։

Դեղին մարմնի արտադրած հորմոնների մակարդակն աստիճանաբար բարձրանում է, բայց եթե բեղմնավորում չի կատարվում, 12-14 օրվա ընթացքում այն աստիճանաբար իջնում է։ Այդ ընթացքում պրոգեստերոնի մակարդակը կտրուկ նվազում է, ինչի արդյունքում դաշտան է սկսվում։

Դեղին մարմնի կենսունակությունը պահպանում է միայն մարդու խորիոնային գոնադոտրոպինը։ Այսինքն՝ դեղին մարմինը չի ներծծվում միայն մեկ դեպքում՝ եթե բեղմնավորում է եղել։ Այդ դեպքում այն շարունակում է գործել և ավելի ու ավելի ակտիվ է պրոգեստերոն և էստրոգեններ արտադրում։ Այդ իրական դեղին մարմինն է և իր գործառույթները կատարում է մինչև որ ընկերքը լիարժեք հասունանա և ստանձնի պրոգեստերոնի ու էստրոգենի արտադրման գործառույթը։ Այդ պրոցեսն սկսվում է 10-16-րդ շաբաթում։