Ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել պրոլակտին հորմոնի հետազոտությանը

15:38   11 ապրիլի, 2014

Որոշ դեպքերում անհրաժեշտ է լինում, որ կինը հորմոնների հետազոտություն անցնի: Անալիզներից մեկն էլ պրոլակտինի մակարդակի որոշումն է: Այս հորմոնը խթանում է կաթնագեղձերի կաթնարտադրությունը, իսկ պրոլակտինն ինքնին պատկանում է հիպոֆիզի հորմոնների շարքին: Բացի այդ, պրոլակտինը նպաստում է հղիության ընթացքում դեղին մարմնի և պրոգեստերոնի արտադրությանը, այդ պատճառով էլ  կարևոր է որոշ դեպքերում իմանալ, թե կնոջ օրգանիզմում որքան է դրա մակարդակը:

Հետազոտվելու ցուցումները տարբեր են: Ամենից հաճախ անհրաժեշտությունն զգացվում է դաշտանային ցիկլի խանգարումների (ամենորեա, օլիգոմենորեա), ինչպես նաև ֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունների դեպքում: Պրոլակտին հորմոնի անալիզը պարտադիր է անպտղության ուսումնասիրման ժամանակ, հատկապես, երբ բացակայում է ձվազատումը: Լրացուցիչ ցուցումներ են մաստոպատիան, ճարպակալումը, ծանր կլիմաքսը, կրծքագեղձերի պարբերական ցավերը և այլն:

Եթե այս հորմոնի մակարդակը բարձր է կրծքով չկերակրող կնոջ օրգանիզմում, ապա երբեմն կրծքագեղձերից կարող է կաթի, կաթնախեժի կամ թափանցիկ արտադրություն նկատվել: Պրոլակտին հորմոնի շատ բարձր մակարդակի դեպքում պետք է մտածել նաև հիպոֆիզի միկրոադենոմաների մասին և անհրաժեշտության դեպքում ախտորոշել կամ հերքել համապատասխան հետազոտության միցոցով:

Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են արյան մեջ պրոլակտինի նորմալ ցուցանիշների վրա: Դրանք են՝ ալկոհոլը, սովը, մրսածությունը, դիետան կամ թերսնուցումը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ծխախոտը, ջերմությունը, սննդի ընդունումը, և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան սթրեսները, վնասվածքները և այլն: Այս է պատճառը, որ պետք է իմանալ պրոլակտինի մակարդակի որոշման համար արյուն հանձնելու ճիշտ ձևը:

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը

Արյունը հանձնում են քնից արթնանալուց հետո որքան հնարավոր է շուտ (ոչ ուշ, քան 3 ժամ հետո):  Հանձնելուց անմիջապես առաջ հարկավոր է 15-30 րոպե հանգստանալ: Պրոլակտինի հետազոտությանը պատրաստվում են հետազոտությունից դեռևս մեկ օր առաջ: Անհրաժեշտ է բացառել սեռական հարաբերությունը և այն ամենը, ինչը նպաստում է օրգանիզմի տաքացմանը, օրինակ՝ տաք լոգանք, շոգեբաղնիք և այլն:

Պետք է բացառել նաև պրոլակտինի քանակության վրա ազդող գործոնները՝ ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություն (սթրեսներ): Հետազոտության խորհուրդ է տրվում գնալ դաշտանային ցիկլի սկզբում` դաշտանի 2-5-րդ օրը, առավոտյան, քաղցած: Պետք է նկատի ունենալ, որ եթե պրոլակտինի քանակը շատ բարձր է, այն միևնույնն է կերևա` անկախ հանձնելու օրից:



© sotskiy.am