Էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորում

01:46   11 հոկտեմբերի, 2017

Բնական ճանապարհով չհղիանալու դեպքում շատերը դիմում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների օգնությանը, որոնցից ամենաարդյունավետն էքստրակորպորալ՝ արտամարմնային բեղմնավորումն է։ Նախքան ձվազատումը ձվաբջիջը դուրս է բերվում ֆոլիկուլի միջից, բեղմնավորվում է փորձանոթում և որոշ ժամանակ անց վերադարձվում արգանդի մեջ։

Արտամարմնային բեղմնավորումը բարդ պրոցեդուրա է և մասնագիտական հատուկ պատրաստվածություն ու որակավորում է պահանջում։ Կնոջ մարմնից դուրս արվող բեղմնավորումն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ ձվաբջջի ու սերմնաբջջի միացումն այլ կերպ հնարավոր չէ։ Հաճախ պատճառն արգանդափողերի անանցանելիությունն է լինում, որը վիրաբուժական շտկման չի ենթարկվում (նաև դրանց բացակայությունը)։

Այդ մեթոդը կիրառում են նաև իմունաբանական անպտղության դեպքում, երբ սերմնաբջիջները, ընկնելով ցերվիկալ կանալ, ոչնչանում են հակասպերմային հակամարմնինների կողմից։

ԱՄԲ-ի կիրառման մեկ այլ ոլորտ է սեռի հետ կապված ժառանգական հիվանդությունների բացառումը, երբ հարկավոր է կոնկրետ սեռի երեխա ունենալ։ Հուսալիության համար արգանդում մի քանի սաղմ է տեղադրվում, իսկ դրա համար նախքան ձվազատումը հարկավոր է մի քանի հասուն ձվաբջիջ ստանալ։ Ձվաբջիջներն ստանում են ձվազատման հորմոնային դրդման ճանապարհով։

Կարդացեք՝ Օգտակար հանձնարարականներ ԱՄԲ-ից առաջ

Թերապիայի սխեման և դեղաչափն ընտրվում է ըստ կնոջ անհատական առանձնահատկությունների, սովորաբար այդ գործընթացը տևում է երեք ամիս։ Այդ ընթացքում էնդոմետրիումի վիճակը և ֆոլիկուլների հասունացումը վերահսկվում է ՈւՁՀ-ի միջոցով։ Երբ անհրաժեշտ քանակի ֆոլիկուլները հասունանում են և պատրաստվում պայթել, ձվաբջիջները դուրս են բերվում վերջիններիս միջից։

Միաժամանակ վերցվում է նաև ամուսնու սերմը, մշակվում և ձվաբջջի հետ տեղափոխվում հատուկ փորձանոթի մեջ, որտեղ էլ կատարվում է նրանց միացումը։ Այնուհետև բեղմնավորված ձվաբջիջը տեղադրվում է ինկուբատորի մեջ, և մասնագետը մի քանի օր շարունակ հետևում է դրա զարգացմանը։

Երբ սաղմը հասնում է 6-8 բջջի մեծության, տեղափոխվում է արգանդի խոռոչ։ Դրանից հետո նշանակվում են հղիությունը պահպանող դեղամիջոցներ։ Երկու շաբաթ անց մարդու խորիոնային գոնադոտրոպինի անալիզի միջոցով հաստատվում կամ հերքվում է հղիությունը։

Կարդացեք՝ Վերականգնում անհաջող ԱՄԲ-ից հետո

Ոչ բոլոր դեպքերում է ԱՄԲ-ից հետո հղիություն սկսվում․ կախված կնոջ տարիքից՝ արդյունքի են հասնում 30-60% դեպքերում։ Երբեմն հղիությունն սկսվում է մի քանի անհաջող դեպքից հետո։ Հղիության վրա ազդող հիմնական գործոնը կնոջ տարիքն է։ 40 տարեկանից հետո հաջող փորձի հավանականությունը նվազում է։ Վիժման վտանգը մեծացնում են վնասակար սովորությունները, ավելորդ քաշը, սթրեսը։

Կարդացեք՝ ԱՄԲ-ն 35 տարեկանից հետո

ԱՄԲ-ի թերությունն այն է, որ ձվարանների հորմոնային խթանման ժամանակ կարող է գերդրդման համախտանիշ առաջանալ, որի դեպքում որովայնի խոռոչում հեղուկ է կուտակվում, ձվարաններն ուռչում են, այրոց և սրտխառնոց է առաջանում։ Հիմնականում այդ ախտանշաններն անհետանում են դեղորայքի միջոցով, խիստ հազվադեպ է հիվանդանոց տեղափոխման հարց ծագում։

ԱՄԲ-ի դեպքում մեծ է բազմապտուղ հղիության հավանականությունը։ Ծննդալուծման եղանակը կախված չէ բեղմնավորման մեթոդից, սակայն ԱՄԲ-ից հետո կանանց մեծամասնությունը սովորաբար բավարար ցուցումներ (երկարատև անպտղություն, տարիք, հղիության բարդացում և այլն) են ունենում կեսարյան հատման համար և ծննդաբերում են կեսարյան հատման միջոցով։



© sotskiy.am