Արգանդի պարանոցի էրոզիայի բուժումը սուրգիտրոնով

07.10.20168714

Գինեկոլոգիայում սուրգիտրոն ռադիոալիքային սարքն օգտագործվում է էնդոմետրիոզի, պոլիպների, կոնդիլոմաների, արգանդի պարանոցի էրոզիայի և կանացի այլ հիվանդությունների բուժման նպատակով: Բուժումը կատարվում է ամբուլատոր պայմաններում՝ առավելագույն էֆեկտիվությամբ և անվտանգությամբ: Միջամտության անցկացման նպատակահարմար ժամանակը դաշտանային ցիկլի առաջին փուլն է՝ 5-10-րդ օրերը: Սուրգիտրոնի կիրառմամբ հնարավոր է խուսափել շատ բարդություններից: Այն կիրառելի է էրոզիայի ցանկացած չափերիդեպքում: Միջամտությունը տևում է մինչև 10 րոպե: Ցավազրկման համար կատարվում է լիդոկայինի ներարկում արգանդի պարանոց կամ լիդոկայինի սփրեյի օգտագործումը:

Միջամտությունը կատարվում է կոլպոսկոպի հսկողության պայմաններում: Միջամտության ընթացքում կինը կարող է զգալ ձգող ցավեր որովայնի ստորին հատվածում, ինչը հնարավոր է թեթև արտահայտվի նաև հաջորդող օրերին: Բուժումից հետո հնարավոր է ջրային կամ շագանակագուն արտադրություն, ինչը բնական է: Առաջին մեկ ամսվա ընթացքում՝ ապաքինման շրջանում, հարկավոր է խուսափել սեռական հարաբերությունից: 1-1.5 ամիս անց անհրաժեշտ է այցելել գինեկոլոգիական զննման:

Միջամտությունից առաջ կատարվում է հեշտոցի և ցերվիկալ ուղու քսուքի հետազոտություն, քլամիդիայի, տրիխոմոնադի, գարդներելլայի, ուրեապլազմայի և միկոպլազմայի քննություն, արյան անալիզ, կոլպոսկոպիա և փոքր կոնքի օրգանների ուլտրաձանային հետազոտություն:

Սուրգիտրոնով բուժման առավելությունները.

  • միջամտությունը կատարվում է մեկ անգամ, 
  • բուժումից հետո սպիեր չեն առաջանում, 
  • արյունահոսություն չի առաջանում, միջամտությունը կարճատև է , 
  • գրեթե անցավ է, 
  • հետվիրահատական վերականգնողական ընթացքն ավելի կարճ է, 
  • միջամտությունը հարմար է նաև չծննդաբերած կանանց դեպքում:

Հակացուցումները.

  • սեռականօրգանների բորբոքային պրոցեսներ,
  • օնկոլոգիական հիվանդություններ, 
  • շաքարային դիաբետ, 
  • հղիություն:

Սուրգիտրոնով բուժումից հետո որոշակի սահմանափակումեր են դրվում: Սկզբնական շրջանում անհրաժեշտ է հրաժարվել սեռական հարաբերությունից (գինեկոլոգը կորոշի ժամկետը), վաննա ընդունելուց, նաև չի թույլատրվում երկար քայլել, ծանրություն բարձրացնել: Սովորաբար բուժման տվյալ մեթոդից հետո բարդություններ չեն առաջաում:

Ընդհանուր առմամբ, սուրգիտրոնով բուժումն արգանդի պարանոցի էրոզիայից ազատվելու նպատակահարմար և արդյունավետ միջոց է, զուրկ է բացասական հետևանքներից: