Քսվող բնույթի արյունային արտադրություն

Քսվող բնույթի արյունային արտադրությունն այն հաճախադեպ խնդիրներից է, որն ստիպում է կանանց դիմել գինեկոլոգի։ Այն կարող է առաջանալ դաշտանային ցիկլի տարբեր փուլերում, ինչպես նաև հղիության դեպքում։
Այդպիսի ախտանշանը վկայում է վտանգի մասին, քանի որ արյան արտադրություն է լորձի և սեռական ուղիների հյուսվածքների շերտազատված բջիջների պարունակությամբ։
Բնականոն արտադրություն
Որոշ պայմաններում և լիովին առողջ կնոջ դեպքում կարճատև, սակավ և անցավ արտադրությունը, որը չի ուղեկցվում հիվանդագին այլ դրսևորումներով, կարելի է պայմանականորեն համարել բնական։
Քսվող բնույթի արտադրությունը դաշտանից առաջ (դաշտանի ենթադրյալ սկզբից ժամեր կամ մեկ-երկու օր առաջ) լորձաթաղանթի նախապատրաստման, պրոգեստերոնի մակարդակի նվազման նշան է։
Կարդացեք՝ Հեշտոցային արտադրություն դաշտանից հետո
Դաշտանից հետո նկատվող արտադրությունը կարող է արգանդի լորձաթաղանթի վերջին պատառիկների և մակարդված արյան դուրսբերման տարբերակ լինել։ Այն պետք է դադարի դաշտանի 5-7-րդ օրը։
Դաշտանային ցիկլի կեսերին նկատվող արտադրություն ունենում են այն կանայք, ովքեր հորմոնային բեղմնականխիչ են օգտագործում կամ ներարգանդային պարույր են տեղադրել։ Այդպիսով էնդոմետրիումը հարմարվում է իր համար նոր պայմաններին։
Փոքր քանակությամբ արտադրություն կարող է նկատվել նաև ձվազատման փուլում։
Վարդագույն արտադրություն կարող է առաջանալ սեռական ագրեսիվ հարաբերությունից հետո փոքրիկ վնասվածքի արդյունքում, ինչպես նաև արգանդի պարանոցի վնասման դեպքում, եթե կա էրոզիա, և սեռական առաջին ակտի ժամանակ կուսազրկման դեպքում։
Դաշտանի փոխարեն ի հայտ եկող քսվող բնույթի արտադրությունը կարող է հղիությանը սպառնացող վտանգի նշան լինել։
Վտանգավոր, ախտաբանական արտադրություն
Քսվող բնույթի շագանակագույն արտադրությունը, հատկապես, երբ մեկ շաբաթից ավել է տևում, օրգանիզմի լուրջ խնդիրների մասին է վկայում։ Պաթոլոգիա է, երբ՝
- առաջանում է յուրաքանչյուր սովորական սեռական հարաբերությունից հետո,
- պայմանավորված չէ դաշտանով,
- պայմանավորված չէ օրալային կամ այլ տեսակի բեղմնականխիչի օգտագործմամբ,
- ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի ցավով, քորով, սեռական օրգանների շրջանի ցավով,
- ի հայտ է եկել հղիության ընթացքում,
- մենոպաուզայի շրջանում և դրանից առաջ դաշտան չի եղել մեկ տարուց ավել։
Ախտորոշումը
Բժշկի դիմելու դեպքում հարկավոր է կատարել մի շարք հետազոտություններ՝
- մանրակրկիտ հարցաքննություն, զննում,
- հետազոտում գինեկոլոգիական աթոռի վրա,
- հայելիներով զննում, կոլպոսկոպիա,
- քսուքի հանձնում ֆլորայի և ատիպիկ բջիջների հետազոտման համար,
- արյան և մեզի ընդհանուր հետազոտություն,
- արյան և քսուքի հանձնում վարակների հանդեպ հակամարմինների հայտնաբերման համար,
- սեռական օրգանների ՈւՁՀ,
- արյան հանձնում հորմոնների հետազոտման համար։
Սեռական ոլորտի լուրջ հիվանդությունների բացառման անհրաժեշտության դեպքում կատարում են լրացուցիչ հետազոտություններ. էնդոմետրիումի բիոպսիա, ախտորոշիչ քերում, ՄՌՏ, լապարասկոպիա և այլն։