Վտանգավոր վիճակներ հղիության 2-րդ եռամսյակում

Վտանգավոր վիճակներ հղիության 2-րդ եռամսյակում

Հղիության երկրորդ եռամսյակն ընդգրկում է 14-րդ շաբաթից մինչև 26-րդ շաբաթն ընկած ժամանակահատվածը։ Այդ շրջանում հաճախակի հանդիպող վտանգավոր վիճակներն են հղիության ընդհատումը կամ ուշ վիժումը, ընկերքի առաջադրությունը, անեմիան (երկաթդեֆիցիտային սակավարյունություն) և այլն։

Կարդացեք՝ Վտանգավոր վիճակներ հղիության 1-ին եռամսյակում

Պատճառները

Ուշ վիժման նպաստող գործոններն են՝

  • իսթմիկացերվիկալային անբավարարության զարգացում (ինչպես անատոմիական, այնպես էլ ֆունկցիոնալային), 
  • ռեզուսկոնֆլիկտային հղիություն, 
  • բորբոքումներ, սեռավարակներ, 
  • պտղապարկի վաղաժամ պատռում և պտղաջրի արտահոսք և այլն։

Սակավարյունության պատճառներն են՝

  • կենցաղային վատ պայմաններ, 
  • վատ սնուցում, 
  • քրոնիկական ինտոքսիկացիա (աշխատանքային վնասակար պայմաններ, աղտոտված միջավայր), 
  • քրոնիկական սոմատիկ հիվանդություններ (երիկամների հիվանդություն, գաստրիտ, շաքարային դիաբետ, քրոնիկական վարակներ, սրտանոթային հիվանդություններ), 
  • նախքան հղիությունն ունեցած սակավարյունություն, 
  • արնահոսություն հղիության ընթացքում, 
  • բազմապտուղ հղիություն
  • բազմակի ծննդաբերություններ և այլն: 

Ընկերքի առաջադրությանը նախատրամադրող գործոններն են՝

  • մանկաբարձական-գինեկոլոգիական անամնեզ (աբորտներ, արգանդի խոռոչի բազմակի քերումներ, բարդացած ծննդաբերություն), 
  • արգանդի վիրահատական միջամտություններ, 
  • գենիտալային ինֆանտիլիզմ, 
  • գինեկոլոգիական հիվանդություն (միոմա, էնդոմետրիոզ, քրոնիկական էնդոմետրիտ և այլն)։

Ախտանշանները

Հղիության ընդհատման վտանգի նշաններն են՝

  • որովայնի ստորին հատվածի ձգող ցավ, 
  • արգանդի հիպերտոնուս ինչպես մշտական, այնպես էլ պարբերաբար, 
  • արյունային մուգ արտադրություն, 
  • արգանդի պարանոցի զննման ընթացքում այն կարող է անցանելի լինել մատի համար։ 

Սակավարյութնությունը բնորոշվում է՝

  • հոգնածությամբ, թուլությամբ, 
  • համի փոփոխությամբ, 
  • ցածր անոթային ճնշմամբ, գլխապտույտով և գիտակցության կորստով, 
  • մաշկի և մազերի չորությամբ,
  • մազերի և եղունգների դյուրաբեկությամբ, 
  • գունատությամբ, աչքերի շուրջ կապտավուն շրջանակներով։ 

Ընկերքի առաջադրության դեպքում սեռական ուղիներից արնահոսություն է նկատվում։ Արնահոսության ինտենսիվությունը կախված է հղիության ժամկետից և առաջադրության բնույթից (կողքային կամ ամբողջական)։ Անցավ է, երբեմն ի հայտ է գալիս հանգիստ վիճակում և բնորոշվում է ալ կարմիր գույնով։

Բարդացումները

Վերոնշյալ բոլոր վիճակները նպաստում են հետևյալ բարդացումների առաջացմանը՝

  • պտուղընկերքային անբավարարություն, 
  • պտղի ներարգանդային զարգացման հապաղում, 
  • պտղի քրոնիկական հիպոքսիա, 
  • հղիության ինքնաբեր ընդհատում, 
  • ծննդաբերական ուժերի անոմալիաներ, 
  • հետծննդաբերական շրջանի ծանր ընթացք, 
  • գեստոզ
  • պտղի սխալ դիրք կամ առաջադրություն ընկերքի առաջադրության դեպքում։ 

Բուժումը և կանխարգելումը

Հղի կանանց անեմիայի բուժումը ենթադրում է հատուկ սննդակարգ՝ հարուստ սպիտակուցներով և երկաթով։ 2-րդ և 3-րդ աստճանի անեմիայի դեպքում հիվանդը տեղափոխվում է հիվանդանոց և ստանում երկաթի դեղամիջոցներ հաբերի տեսքով, քանի որ այդ կերպ այն ավելի լավ է յուրացվում օրգանիզմում։ Ծանր անեմիայի դեպքում նշանակվում է էրիթրոցիտային զանգվածի հեմոտրանսֆուզիաներ։

Ընկերքի առաջադրության ֆոնին արնահոսության դեպքում հիվանդը պարտադիր տեղափոխվում է հիվանդանոց։ Ստացիոնարում նրան նշանակում են անկողնային խիստ ռեժիմ։ Անցկացվում է արգանդի տոնուսի և հղիության ընդհատման վտանգի նվազեցմանն ուղղված թերապիա։

Ուշ վիժման վտանգի դեպքում ևս բուժումն անցկացվում է ստացիոնարում՝ անկողնային խիստ ռեժիմի պահպանմամբ, վիտամինների և մետաբոլիկ դեղամիջոցների նշանակմամբ։

Իսթմիկացերվիկալային անբավարարության դեպքում ցուցվում է վիրաբուժական միջամտություն՝ արգանդի պարանոցի սերկլյաժ (պարանոցի վրա կար է դրվում)։

Սակավարյունության կանխարգելման նպատակով հատուկ ուշադրություն է դարձվում ճիշտ, հավասարակշռված սնվելուն, պոլիվիտամինների և հանքանյութերի պրոֆիլակտիկ օգտագործմանը, ինչպես նաև հանգստի ռեժիմի կարգավորմանը։

Ընկերքի առաջադրության դեպքում արնահոսությունների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում խուսափել սթրեսային իրավիճակներից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և ծանր իրեր բարձրացնելուց։

Կարդացեք՝ Վտանգավոր վիճակներ հղիության 3-րդ եռամսյակում

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար