Վտանգավոր վիճակներ հղիության 3-րդ եռամսյակում

05.02.201625468

Հղիության վերջին եռամսյակն սկսում է 29-րդ շաբաթից և շարունակվում մինչև ծննդաբերություն (սովորաբար մինչև 42-րդ շաբաթ)։ Այդ շրջանի վտանգավոր վիճակների շարքում առաջինը գեստոզն է, որը կարող է սկսել արտահայտվել հղիության երկրորդ եռամսյակից սկսած։ Որքան գեստացիայի ժամկետը մեծ է լինում, այնքան առաջացման վտանգը մեծանում է։ Երկրորդ տեղում պտուղընկերքային անբավարարությունն է, երրորդում՝ ընկերքի վաղաժամ շերտազատումը։

Կարդացեք՝ Վտանգավոր վիճակներ հղիության 1-ին եռամսյակում

Ախտանշանները

Գեստոզի նշանները

Գեստոզի սիմպտոմատիկան որոշվում է հետևյալ նշաններով՝

  • արյան բարձր ճնշում, 
  • պրոտեինուրիա (մեզում սպիտակուցի առկայություն), 
  • ոտքերի, ձեռքերի, որովայնի առաջնային պատի և դեմքի այտուցվածություն և այլն։

Նախակլինիկական պատկերը բնորոշվում է քաշի պաթոլոգիկ ավելացմամբ և արյան մակարդելիության համակարգի փոփոխություններով (թրոմբոցիտների նվազում, հեմատոկրիտի բարձրացում և այլն)։

Գեստոզի ծանր դրսևորումներ են պրեէկլամպսիան և էկլամպսիան։ Պրեէկլամպսիայի դեպքում միկրոշրջանառության խանգարման արդյունքում գլխուղեղում ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները՝ գլխացավ և գլխապտույտ, ականջում աղմուկ, ցավ աջ կողատակում, սրտխառնուք և փսխում, անքնություն կամ քնկոտություն։ Պրեէկլամպսիան չբուժելու դեպքում այն արագ անցնում է էկլամպսիայի փուլի, որը բնորոշվում է դողէրոցքի առաջացմամբ և գիտակցության անկմամբ։

Կարդացեք՝ Վտանգավոր վիճակներ հղիության 2-րդ եռամսյակում

Պտուղընկերքային անբավարարության նշանները

Պտուղընկերքային անբավարարությունը կարող է սուր լինել, օրինակ՝ ընկերքի շերտազատման ֆոնին, և քրոնիկական։ Վերջինս կարող է չունենալ կլինիկական վառ արտահայտված դրսևորումներ։ Ախտորոշումը հաստատվում է ՈւՁՀ-ի, դոպլերագրաֆիայի, կարդիոտոկոգրաֆիայի, պլացենտագրաֆիայի տվայլների հիման վրա։ Պտուղընկերքային անբավարարությունը հանգեցնում է պտղի ներարգանդային հիպոքսիայի զարգացման։

Ընկերքի շերտազատման նշանները

Ընկերքի վաղաժամ շերտազատումն արտահայտվում է արտաքին (հազվադեպ) և ներքին արնահոսությամբ, հեմոռռագիկ շոկով, ներարգանդային սուր հիպոքսիայով, ցավային սինդրոմով և արգանդի հիպերտոնուսով։

Պատճառները

Գեստոզի առաջացման պատճառները մինչ այժմ պարզ չեն։ Նախատրամադրող գործոններն են՝

  • կնոջ տարիքը (18-ից փոքր և 30-ից մեծ),
  • բազմապտուղ հղիությունը, 
  • առաջին հղիությունը, 
  • ժառանգականությունը, 
  • նախորդ հղիության ընթացքում ի հայտ եկած գեստոզը, 
  • քրոնիկական սոմատիկ հիվանդությունները (շաքարային դիաբետ, ավելորդ քաշ, հիպերտոնիկ հիվանդություն, հորմոնային խանգարում)։ 

Ֆետոպլացենտար անբավարարությունը հաճախ պայմանավորված է լինում գեստոզով, սակայն կարող է ի հայտ գալ նաև հետևյալ գործոնների ազդեցությամբ՝

  • կնոջ տարիքը (18-ից փոքր և 30-ից մեծ), 
  • կենցաղային անբարենպաստ պայմանները, 
  • թերսնուցումը, 
  • վնասակար սովորությունները, 
  • սթրեսը, 
  • հղիության բարդացումները, 
  • սոմատիկ քրոնիկական պաթոլոգիան (սրտանոթային հիվանդություններ, երիկամների և էնդոկրին գեղձերի հիվանդություններ), 
  • բազմապտուղ հղիություն
  • արգանդի զարգացման անոմալիաներ, անպտղություն, իսթմիկացերվիկալային անբավարարություն անամնեզում և այլն։ 

Ընկերքի վաղաժամ շերտազատումը բազմագործոն բարդություն է և առաջանում է հետևյալ վիճակների ֆոնին՝

  • գեստոզ, 
  • ռեզուս-կոնֆլիկտ, 
  • հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, 
  • էնդոկրինային պաթոլոգիա, 
  • կարճ պորտալար, 
  • որովայնի մեխանիկական վնասվածք, 
  • արյան մակարդման համակարգի հիվանդություններ, 
  • միոմատոզ հանգույցներ և դրանց ամրացում ընկերքին, 
  • բազմապտուղ հղիություն և այլն։

Հետևանքները

Վերոնշյալ վտանգավոր վիճակները, որոնք կարող են զարգանալ վերջին եռամսյակում, նպաստում են հետևյալ բարդությունների առաջացմանը՝

  • պտղի ներարգանդային հիպոքսիա, 
  • պտղի ներարգանդային զարգացման հապաղում, 
  • վաղաժամ ծննդաբերություն, 
  • թոքի այտուց կամ երիկամային սուր անբավարարություն գեստոզի ֆոնին, 
  • հեմոռռագիկ շոկ և հետհեմոռռագիական անեմիա շերտազատման ֆոնին, 
  • սակավաջրություն և գերջրություն պտուղընկերքային անբավարարության ֆոնին, 
  • ծննդաբերական ուժի անոմալիաներ, 
  • պտղի անտենատալ մահ։

Բուժումը

Նշված բոլոր վտանգավոր վիճակների ի հայտ գալուն պես հարկավոր է հիվանդին տեղափոխել հիվանդանոց, որտեղ համապատասխան հետազոտությունների հիման վրա բուժում կնշանակվի։