Ծննդաբերություն
Կեսարյան հատումից հետո հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերել
Տարիներ շարունակ տարածված էր այն կարծիքը, որ մեկ անգամ կեսարյան հատում ունեցած կինը հետագա բոլոր հղիությունների դեպքում նույնպես պետք է ծննդաբերի միայն վիրահատական ճանապարհով։ Սակայն ժամանակակից մանկաբարձությունը ցույց է տալիս, որ ճիշտ ընտրված դեպքերում կեսարյան հատումից հետո բնական ճանապարհով ծննդաբերությունը կարող է լինել անվտանգ և հաջող։
Ո՞վ կարող է լինել թեկնածու բնական ծննդաբերության համար
Բնական ծննդաբերության հնարավորությունը գնահատվում է յուրաքանչյուր կնոջ համար անհատապես։ Կարևոր նշանակություն ունեն նախորդ կեսարյան հատման պատճառը, արգանդի վրա կատարված կտրվածքի տեսակը, նախորդ և ընթացիկ հղիությունների առանձնահատկությունները, ինչպես նաև մոր և պտղի ընդհանուր առողջական վիճակը։
Առավել բարենպաստ են այն դեպքերը, երբ նախկին կեսարյան հատումը կատարվել է արգանդի ստորին հատվածի լայնական կտրվածքով, իսկ ընթացիկ հղիությունն ընթանում է առանց բարդությունների։
Ի՞նչ առավելություններ ունի բնական ծննդաբերությունը
Հաջող բնական ծննդաբերության դեպքում կինը սովորաբար ավելի արագ է վերականգնվում, նվազում են վիրահատության հետ կապված ռիսկերը, կրճատվում է հիվանդանոցում գտնվելու տևողությունը և հեշտանում է նորածնի խնամքն ու կրծքով կերակրումը։
Ե՞րբ խորհուրդ չի տրվում փորձել բնական ծննդաբերություն
Որոշ իրավիճակներում բժիշկը կարող է խորհուրդ տալ կրկնակի կեսարյան հատում։ Դրանցից են արգանդի որոշ տեսակների սպիները, արգանդի նախկին պատռվածքը, որոշ մանկաբարձական բարդություններ կամ այլ բժշկական ցուցումներ։
Կեսարյան հատումից հետո բնական ծննդաբերության հնարավորությունը որոշվում է ոչ թե միայն նախկին վիրահատության փաստով, այլ բազմաթիվ կլինիկական գործոնների համակցությամբ։ Ճիշտ ընտրված կանանց մոտ այն կարող է լինել անվտանգ տարբերակ՝ փորձառու մանկաբարձ-գինեկոլոգների հսկողության պայմաններում։