Վտանգավոր վիճակներ հղիության 1-ին եռամսյակում

25.12.201531303

Հղիության առաջին եռամսյակն ընդգրկում է բեղմնավորումից մինչև 12-րդ ամբողջական շաբաթը։

Վտանգավոր վիճակներ

Հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում հաճախ վաղ տոքսիկոզ է առաջանում։ Վտանգավոր երկրորդ վիճակը հղիության ընդհատման սպառնալիքն է, երրորդը՝ գրիպը և շնչառական սուր վարակները։ Վերջիններս կախված են եղանակային և էպիդեմիական բռնկումներից։

Կարդացեք՝ Վտանգավոր վիճակներ հղիության 2-րդ եռամսյակում

Պատճառները

Վաղ տոքսիկոզի առաջացման պատճառները դեռևս լիովին պարզված չեն, այդ իսկ պատճառով էլ բազմաթիվ տեսություններ կան (հորմոնային, նյարդածին, ռեֆլեկտորային, ալերգիկ և այլն)։ Այդ վիճակի հիմնական սկզբունքը բացատրվում է ներքին օրգանների փոփոխությունների արդյունքում կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով։ Այսինքն՝ հղիության ընթացքում օրգանիզմում հորմոնային վերակառուցմանն ի պատասխան ի հայտ են գալիս մարսողական համակարգի խանգարումներ։ Վաղ տոքսիկոզը երեխային պաշտպանում է սննդում առկա վնասակար նյութերից։

Հղիության ընդհատման սպառնալիքը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով՝

  • սաղմի գենետիկական հիվանդություններ, 
  • կնոջ օրգանիզմում հորմոնային խանգարում, 
  • արտաքին միջավայրի վնասակար գործոնների ազդեցություն, 
  • քրոնիկական հիվանդությունների սրացում, 
  • որոշ դեղամիջոցների օգտագործում, 
  • գինեկոլոգիական հիվանդություններ, 
  • վարակներ, ինչպես նաև սեռավարակներ, 
  • սթրեսներ, 
  • դիմադրողական համակարգի խանգարումներ։

Շնչառական սուր հիվանդությունների կինն առավելապես ենթարկվում է հղիության հենց առաջին եռամսյակում։ Այն պայմանավորված է հորմոնային փոփոխություններով և հղի կնոջ իմունիտետի ճնշմամբ, ինչն ուղղված է օրգանիզմի կողմից սաղմի արտամղման կանխարգելմանը։

Ախտանշանները

Վաղ տոքսիկոզն արտահայտվում է սրտխառնուքով և փսխմամբ։ Ըստ փսխման արտահայտվածության՝ առանձնացնում են վաղ տոքսիկոզի երեք աստիճան՝

  • թեթև՝ փսխում օրական հինգ անգամ, 
  • միջին ծանրության՝ փսխում օրական տասն անգամ, 
  • ծանր՝ փսխում օրական 20-25 անգամ։ 

Բացի վերոնշյալ ախտանշաններից, դիտվում է հուզական լաբիլություն (դյուրագրգռություն, լացկանություն), քնկոտություն, համի և հոտի զգայունակության փոփոխություն, առատ թքարտադրություն, անոթային ցածր ճնշում, մաշկի չորություն, մարմնի զանգվածի նվազում, քնի խանգարում։

Հղիության ընդհատման սպառնալիքի նշաններն են՝

  • որովայնի ստորին շրջանի ցավ, 
  • հեշտոցից եկող արյունային արտադրություն,
  • ռեկտալային (հետանցքի) ջերմաստիճանի անկում մինչև 37 աստիճան և ցածր։

Բուժումը և կանխարգելումը

Վերոնշյալ խնդիրների կանխարգելումը պետք է սկսել դեռևս հղիության պլանավորման փուլից։ Այդ մասին մանրամասն կարդացեք ստորև նշված հոդվածում։

Կարդացեք՝ Հետազոտությունները հղիության պլանավորման փուլում

Տոքսիկոզի բուժումն սկսվում է սննդակարգի կարգավորումից (սնվել հաճախակի՝ փոքր չափաբաժիններով, հրաժարվել կծու, տապակած և յուղալի ուտեստներից, մեծացնել թարմ բանջարեղենի և մրգեղենի քանակը), սրտխառնուքի կանխարգելման նպատակով պետք է դեռևս անկողնում որևէ բան ուտել (կրեկեր, չիր, չորահաց)։

Հարկավոր է ապահովել ութժամյա լիարժեք քուն, զբոսանք մաքուր օդում, բացառել արտաքին միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունը, խուսափել սթրեսներից։ Տոքսիկոզի ծանր աստիճանի դեպքում կնոջը տեղափոխում են հիվանդանոց և ջրազրկման կանխարգելման նպատակով նշանակում ինֆուզիոն թերապիա (սննդանյութեր, պոլիվիտամիններ և աղային լուծույթներ)։

Հարբուխային հիվանդություններն առաջին եռամսյակում բուժում են ժողովրդական միջոցներով (խոտաբույսերով և վիտամիններով թեյ, խոտաբույսերով և հոտավետ յուղերով ինհալյացիա, քթի լվացում ֆիզիոլոգիական կամ ծովի աղի լուծույթով, քացախով շփում ջերմությունը կարգավորելու նպատակով և այլն)։

Գրիպի և շնչառական սուր հիվանդությունների բուժումն ինքնուրույն, հատկապես դեղամիջոցներով, արգելվում է։

Հղիության ընդհատման վտանգի դեպքում բուժումը պարտադիր անցկացվում է ստացիոնարում, որտեղ անկողնային ռեժիմ է նշանակվում, ինչպես նաև սպազմոլիտիկներ, պրոգեստերոնի դեղամիջոցներ։

Բարդացումները և հետևանքները

Վերոնշյալ բոլոր խնդիրների վտանգն այն է, որ կարող են ինքնաբեր վիժում առաջացնել։ Վիժումից բացի կարող են առաջացնել նաև՝

Բացի այդ, վարակը և ծանր վաղ տոքսիկոզը նպաստում են մոր օրգանիզմում հետևյալ բարդությունների առաջացմանը՝

  • օրգանիզմի դեհիդրատացիա և ինտոքսիկացիա, 
  • խորիոամնիոնիտ (պտղաջի վարակում), 
  • էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարում, 
  • քաշի զգալի անկում, 
  • էքստրագենիտալային (ոչ սեռական ոլորտի) քրոնիկական հիվանդությունների սրացում, 
  • լյարդի, աղեստամոքսային տրակտի և շնչառական համակարգի հիվանդությունների զարգացում, 
  • մազերի, եղունգների և ատամների հետ կապված խնդիրների առաջացում (թերվիտամինոզ և ավիտամինոզ)։ 

Կանխատեսումները

Դրական կանխատեսումներն ուղղակիորեն կախված են խնդրի առաջացման պատճառից, ժամանակին և ճիշտ կատարված բուժումից, ինչպես նաև մի շարք այլ գործոններից՝

  • կնոջ տարիքից, 
  • հղիության ժամկետից, 
  • հիվանդության ծանրության աստիճանից և ուղեկցող հիվանդություններից։

Կարդացեք՝ Վտանգավոր վիճակներ հղիության 3-րդ եռամսյակում