Երկաթդեֆիցիտային սակավարյունությունն ու հղիությունը

Երկաթդեֆիցիտային սակավարյունությունն ու հղիությունը

Ի՞նչ է երկաթդեֆիցիտային սակավարյունությունը (ԵԴՍ)

Երկաթն անփոխարինելի տարր է, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: Այն մասնակցում է օքսիդացման-վերականգնման, արյունաստեղծման, օրգանների ու հյուսվածքների թթվածնամատակարարման գործընթացներին: Սակայն հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում երկաթի յուրացմանը խոչընդոտող լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, որոնց հետևանքով այդ միկրոտարրի մակարդակն արյան մեջ իջնում է և զարգանում դրա անբավարարություն: Հղիության վերջում երկաթի անբավարարություն դիտվում է բոլոր հղիների շրջանում`ակնառու կամ թաքնված ձևով: Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը երկաթի ծանր աստիճանի անբավարարության ցուցանիշ է, որին հատկանշական է արյան կարմիր գնդիկների (էրիթրոցիտներ) գոյացման գործընթացի խանգարումը, մինչդեռ դրա՛նք են բջիջներին թթվածին հասցնողները: Հետևապես հեմոգլոբինի մակարդակի նվազումը (110 գ/լ-ից) դիտվում է հղի կանանց 50%-ի շրջանում, ինչը բացասաբար է անդրադառնում պտղի զարգացման վրա, ինչպես նաև մոր առողջության վրա` հետծննդյան շրջանում:

Երկաթդեֆիցիտային սակավարյունության առաջացման պատճառները և ախտանիշները

Երկաթդեֆիցիտային սակավարյունության առումով խոցելի խմբում են այն կանայք, ովքեր ունեն`

  • բազմապտուղ հղիություն,
  • անամնեզում սակավարյունություն,
  • քրոնիկական հիվանդություններ (բորբոքային կամ վարակիչ),
  • բազմաթիվ ծննդաբերություններ,
  • տոքսիկոզի նշաններ,
  • երկար տարիների երկարատև և առատ դաշտան:

Հղի կանանց օրգանիզմի պահանջը երկաթի հանդեպ անհամեմատ բարձր է, քան հղիությունից առաջ և հետո: Հղիության առաջին եռամսյակում այն իջած է, սակայն երկրորդ և երրորդ եռամսյակներում կտրուկ բարձրանում է`արգանդի, պտղի, ընկերքի աճման, արյան ընդհանուր ծավալում կարմիր գնդիկների և հեմոգլոբինի զանգվածի շատացման հետևանքով, իսկ հղիության վերջում երկաթի հանդեպ պահանջը կազմում է օրական մոտ 6 մգ:

Հղիության ընթացքում հղի կնոջ արյան մեջ երկաթի բավարար քանակը պահպանվելու համար անհրաժեշտ է, որ երկաթի բավարար պաշարներ լինեն նախքան հղիության սկիզբը, ըկերած սնունդը պարունակի բավարար քանակությամբ երկաթ: Ինչպես հետազոտություններն են պարզել, կանանց մեծամասնությունը երկաթի անբավարարությամբ է տառապում սխալ սննդակարգի հետևանքով` չնայած այն հանգամանքին, որ նախքան հղիությունը նրանց օրգանիզմում երկաթի պաշարները եղել են բնականոն սահմաններում:

Շատ դեպքերում սակավարյունությունն ընթանում է հետևյալ ախտանիշներով՝

  • մշտական ընդհանուր թուլությամբ,
  • գլխապտույտով,
  • հևոցով,
  • հաճախակի գլխացավերով,
  • մաշկի գունատությամբ,
  • համային զգացողության այլափոխությամբ,
  • անքնությամբ,
  • ուշագնացությամբ,
  • դյուրհոգնելիությամբ,
  • աշխատունակության անկմամբ,
  • մաշկի փոփոխություններով (չորություն, ճաքճքվածություն):

Հարկ է նշել, որ վերոհիշյալ ախտանիշները ոչ բոլոր հղիների շրջանում են հանդիպում, ուստի սակավարյունության մասին հնարավոր է և չկասկածել:

Ինչո՞վ է վտանգավոր երկաթդեֆիցիտային սակավարյունությունը

Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը հղիության շրջանում կարող է բարդությունների զարգացման պատճառ դառնալ ինչպես մոր, այնպես էլ աճող պտղի օրգանիզմում:

Դրանց շարքին են պատկանում՝

 

  • սպիտակուցային փոխանակության խանգարումները, որոնք հանգեցնում են կնոջ օրգանիզմում սպիտակուցի անբավարարության` նպաստելով այտուցների առաջացմանն ու գեստոզի զարգացմանը,
  • ընկերքի կենսագործունեությունը խանգարող ախտաբանական գործընթացների առաջացումը, որից զարգանում է ընկերքային անբավարարություն, իսկ մի շարք դեպքերում՝ ընկերքի շերտազատում,
  • սննդանյութերի և թթվածնի անբավարար մատակարարման հետևանքով պտղի աճի ու զարգացման հապաղումը,
  • հղիության ընդհատման վտանգի և վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի առաջացումը,
  • պտղի ներարգանդային մահը,
  • ծննդաբերության ընթացքում առատ արյունահոսությունը,
  • ծննդաբերության գործունեության թուլությունը,
  • հետծննդայան շրջանի վարակիչ հիվանդությունները,
  • կաթնագոյացման ցածր մակարդակը,
  • ծնվելուց հետո նորածնի անընկալության ու սակավարյունության զարգացումը:

Ինչպե՞ս են բուժում երկաթդեֆիցիտային սակավարյունությունը

Բժիշկը կարող է որոշել երկաթի անբավարարությունը`ըստ արյան քննության տվյալների, եթե կինը հղիության ընթացքում կանոնավոր հետազոտվում է: Հաճախ անհրաժեշտության դեպքում արյունն ավելի մանրակրկիտ հետազոտության է ենթարկվում:

Եթե արյան ընդհանուր քննության ժամանակ հեմոգլոբինի քանակը լինում է բնականոն թվերի ստորին սահմանին մոտ, ապա բժիշկը խորհուր է տալիս օգտվել հատուկ սննդակարգից` հարուստ երկաթ պարունակող մթերքներով, որոնցից են.

  • սպիտակուցային մթերքներից՝ տավարի միսը, լյարդը, սիրտը, թռչնամիսը, կովի կաթը, հավկիթը,
  • ճարպոտ մթերքներից`պանիրը, կաթնաշոռը, սերուցքը, թթվասերը,
  • ածխաջրատային սննդից` բանջարեղենը (գազար, բողկ, կաղամբ, դդում, ճակնդեղ, լոլիկ),
  • մրգերը (նուռ, կիտրոն, ծիրան, կեռաս), հատապտուղները (մասուր, մորի, հաղարջ, մոշ, ելակ), ընկույզը, ձավարեղենը (բրինձ, հնդկաձավար, վարսակ),
  • ընդավորները (եգիպտացորեն, ոլոռ, լոբի), մեղրը:

Սակայն հարկ է նշել, որ օրգանիզմը մսամթերքից այդ կարևոր միկրոտարրի ընդամենը 25- 30%-ն է յուրացնում, իսկ կենդանական այլ մթերքներից` 10-15 %, բանջարեղենից` 5%-ից էլ պակաս: Ընդհանուր առմամբ, սննդի ճանապարհով ներծծվում է մոտ 2,5 մգ երկաթ, իսկ հատուկ պատրաստուկներից` անհամեմատ շատ, ուստի հղիության ժամանակ հաճախ բժիշկները կանանց նշանակում են դեղորայքային միջոցներ:

Երկաթդեֆիցիտային սակավարյունության ծանր դեպքերում հղիության 20-րդ շաբաթից հետո երկաթի պատրաստուկների հետ մեկտեղ նշանակվում է էրիթրոպոետին սպիտակուցով բուժում` ոսկրածուծում արյունաստեղծումը դրդելու նպատակով: Բացի այդ, երկաթի յուրացման և արյունաստեղծման վրա ազդում է նաև այլ միկրոտարրերի ու վիտամինների (պղինձ, մանգան, վիտամին B12, ֆոլաթթու, ասկորբինաթթու, A, B2, B6, D վիտամիններ) մակարդակն արյան մեջ: Այդ իսկ պատճառով խիստ կարևոր է ընդունել բժշկի նշանակած բազմավիտամինները:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…