Արգանդի պարանոցի պոլիպ

10.03.201631222

Արգանդի պարանոցի պոլիպը բարորակ նորագոյացություն է, որն առաջանում է արգանդի պարանոցի վրա կամ ցերվիկալ խողովակում։ Առաջացման պատճառները մինչ այժմ պարզ չեն, սակայն ենթադրվում է, որ խթանիչ գործոնը հորմոնային խանգարումն է, ինչպես նաև իմունային խանգարումները, կնոջ օրգանիզմի տարիքային փոփոխությունները, հոգեբանական գործոնները, սթրեսները։ Ախտանշանները սովորաբար բացակայում են, սակայն երկրորդական փոփոխությունների ի հայտ գալու դեպքում հնարավոր է, որ ձգող ցավ զգացվի, սեռական հարաբերությունից հետո արյունային արտադրություն սկսվի և այլն։ Արգանդի պարանոցի պոլիպի դեպքում բուժումը ենթադրում է դրա հեռացում։

Առաջացման պատճառները

Ինչպես նշվեց արգանդի պարանոցի պոլիպների առաջացման պատճառները պարզ չեն, սակայն պարզ է այն, որ դրանք կարող են առաջանալ ցանկացած տարիքում, անգամ դեռահասների կամ փոքր աղջիկների (մինչև 9տ․) արգանդի պարանոցում, սակայն հիմնականում առաջանում են պրեմենոպաուզայի շրջանում, 40-45 տարեկանից հետո։

Առաջացման հնարավոր գործոններն են՝

  • հորմոնային խանգարումներ, որոնք առաջացել են գինեկոլոգիական հիվանդությունների պատճառով (ձվարանների դիսֆունկցիա, ձվարանի կիստա, արգանդի միոմա, էնդոմետրիոզ և այլն), 
  • հորմոնային տարիքային փոփոխություններ՝ պրեմենոպաուզա, կամ հղիություն,
  • սթրեսներ, հոգեհուզական վիճակի անկայունություն, դեպրեսիա, 
  • մեխանիկական վնասվածքներ՝ ստացած ախտորոշման նպատակով արված ցանկացած միջամտության արդյունքում՝ հիստերասկոպիա, ախտորոշիչ քերում և այլն, 
  • լորձաթաղանթի քրոնիկական բորբոքումներ՝ էնդոցերվիցիտ, պարանոցի վնասում աբորտի կամ ծննդաբերության ժամանակ:

Երբեմն պոլիպներն ուղեկցվում են պարանոցի հիվանդություններով՝ էկտոպիա, ցերվիցիտ, լեյկոպլակիա, պսևդաէրոզիա կամ արգանդի պարանոցի էրոզիա, ատրոֆիկ կոլպիտ, էնդոմետրիումի պոլիպ և այլն։

Հեշտոցի դիսբիոզի (դիսբակտերիոզ) և սեռավարակների դեպքում ևս մեծանում է պոլիպի առաջացման վտանգը (բակտերիալ վագինոզ, միկոպլազմոզ, ուրեապլազմոզ, սեռական օրգանների հերպես, քլամիդիոզ, իգական սեռական օրգանների բորբոքումներ, համակցված վարակներ և այլն)։

Ախտանշանները

Մեկ պոլիպը, ինչպես նաև փոքրները սովորաբար իրենց չեն զգացնում և հայտնաբերվում են պատհմամբ կամ պլանային զննման, կամ էլ այլ առիթով բժշկի այցելելու ժամանակ։

Բորբոքման, պոլիպի վնասումից հետո վարակման դեպքում հնարավոր է, որ հետևյալ ախտանշաններն ի հայտ գան՝

  • ձգող ցավ որովայնի ստորին հատվածում, որն ուժգնանում է դաշտանից առաջ, 
  • մեծաքանակ արտադրության արտահոսք հեշտոցից, 
  • արյունային արտադրություն (պոլիպի վնասման դպքում)։

Վերարտադրողական տարիքի կանանց դեպքում ախտանշանները զուգակցվում են անպտղության կամ դաշտանային ցիկլի խանգարումների հետ։ Հնարավո՞ր է, որ արգանդի պարանոցի պոլիպը քաղցկեղ առաջացնի։ Այո, հնարավոր է, սակայն խիստ հազվադեպ է այդպես լինում։

Հղիության ընթացքում պոլիպի հայտնաբերման դեպքում պարանոցի ռեֆլեկտոր գրգռման պատճառով մեծանում է ինքնաբեր վիժման (հատկապես վաղ ժամկետներում), ինչպես նաև իսթմիկացերվիկալային անբավարարության վտանգը։

Հարկավոր է անհապաղ դիմելբժշկի և հավելյալ հետազոտվել, եթե ի հայտ են եկել հետևյալ ախտանշանները՝

Պոլիպի հայտնաբերումը

Արգանդի պարանոցի պոլիպները հայտնաբերվում են հեշտոցի զննման, ցերվիկոսկոպիայի, կոլպասկոպիայի, ինչպես նաև արգանդի պարանոցից վերցված նմուշի հյուսվածքաբանական հետազոտության միջոցով։

Հեշտոցի զննում

Գինեկոլոգիական սովորական զննման ընթացքում բժիշկը կարող է հայելիների միջոցով տեսնել պարանոցի փոփոխությունները, նրա հաստացումը, ինչպես նաև պոլիպանման գոյացությունները, որոնք սովորաբար վարդագույն են լինում։ Եթե պոլիպը ենթարկված է լինում կերատինիզացիայի և պատված է լինում բազմաշերտ էպիթելով, ապա սպիտակավուն երանգ է ունենում։ Եթե այն մանուշակագույն է կամ մուգ կարմիր, ուրեմն նրանում խանգարված է արյունաշրջանառությունը։ Հեշտոցի մուտքի շրջանում առկա պոլիպները սովորաբար լինում են ամուր-էլաստիկ կամ փափուկ։

Կոլպասկոպիա և ցերվիկասկոպիա

Ցերվիկասկոպիան թույլ է տալիս մանրակրկտորեն ուսումնասիրել արգանդի պարանոցը։ Բժիշկը տեսախցիկի օգնությամբ կարող է տեսնել փոքր պոլիպները, որոշել դրանց կառուցվածքը, հնարավոր նեկրոզը, բորբոքումը և պարանոցի այլ փոփոխությունները։ Օնկոլոգիական բնույթը հաստատելու կամ հերքելու նպատակով հիստերասկոպիայի ընթացքում գինեկոլոգը արգանդի պարանոցի բիոպսիա է կատարում։ Երբեմն բիոպսիան թույլ է տալիս հեռացնել փոքրիկ պոլիպները։

ՈւՁՀ

Պոլիպի առկայությունը կարող է վկայել նաև էնդոմետրիոզի առկայության մասին։ Այդ պատճառով էլ հերքման կամ հաստատման նպատակով կատարվում է գինեկոլոգիական ՈւՁՀ, որն օգնում է գնահատել էնդոմետրիումի հաստությունն ու կառուցվածքը, արգանդի հավելումների, փողերի և ձվարանների վիճակը։

Բուժումը

Բուժումը ենթադրում է պոլիպի հեռացում, քանի որ դեղորայքային թերապիան անիմաստ է։ Չհեռացնելու դեպքում պոլիպները կարող են արնահոսության պատճառ դառնալ, հանգեցնել անպտղության և ամենավտանգավորը՝ դառնալ չարորակ։

Պոլիպը հեռացվում է բժշկական հատուկ գործիքով այն պտտելու միջոցով, որից հետո լիարժեք հեռացման նպատակով կյուրետկայով մանակրկտորեն քերում են լորձաթաղանթը։ Պոլիպի հատվածը հավելյալ մշակվում է լազերային կամ կրիոգեն մեթոդով, այրվում է պոլիպի ամրացման հատվածը։

Եթե ՈւՁՀ-ի արդյունքում հայտնաբերվել են նաև էնդոմետրիումի փոփոխություններ, կատարվում է արգանդի խոռոչի ախտորոշիչ քերում։ Եթե պոլիպը տեղակայված է լինում արտաքին օղի կողքին, կատարվում է սեպաձև կտրվածք և կարվում։ Եթե պոլիպը տեղակայված է լինում պարանոցի վերին բաժիններում, հեռացման համար պահանջվում է հիստերասկոպիական վերահսկում։ Պոլիպը կտրելուց հետո հեռացված հյուսվածքներն ուղարկվում են հյուսվածքաբանական հետազոտության, որպեսզի պարզեն նորագոյացության բարորակ կամ չարորակ լինելը։ Ըստ հետազոտության արդյունքների՝ նշանակվում է հորմոնային, հակաբորբոքային թերապիա։ Մշտապես կրկնվելու դեպքում կատարվում է պարանոցի կոնուսաձև հեռացում։ Հղիության ընթացքում թույլատրվում է հեռացնել պոլիպը, թե այն մեկ սանտիմետրից մեծ է, աճում է, ունի նեկրոզի, չարորակ պոլիպի նշաններ, արնահոսում է։

Պոլիպի հեռացումից հետո երկու-երեք շաբաթվա ընթացքում հնարավոր է, որ լորձային կամ արյունային արտադրություն նկատվի, որովայնի ստորին հատվածի ցավ զգացվի։ Այդ բնական է, շուտով անցնում է և բուժում չի պահանջում։

Հեռացմանը հաջորդող երկու շաբաթվա ընթացքում ցանկալի չէ՝

  • ներլվացում կատարել, 
  • սեռական հարաբերություն ունենալ, 
  • ասպիրին, ացետիլսալիցիլաթթու օգտագործել, 
  • սաունա, շոգեբաղնիք գնալ, վաննա ընդունել, 
  • տամպոն օգտագործել (կարելի է օգտագործել միայն հիգիենիկ միջադիր), 
  • զբաղվել սպորտով, ֆիզիկական ծանր աշխատանք կատարել։