Էնդոմետրիումի պոլիպ

Էնդոմետրիումի պոլիպ

Էնդոմետրիումի պոլիպը բարորակ գոյացություն է, որն առաջանում է արգանդի խոռոչում։ Էնդոմետրիումի պոլիպի ձևավորումը հիպերպլաստիկ պրոցես է, այսինքն՝ հավելուրդային, ոչ բնորոշ գոյացություն է, որն առաջանում է էնդոմետրիալ շերտից։ Բազմաթիվ պոլիպների առաջացման կամ կրկնման դեպքում խոսքն արդեն հիվանդության՝ պոլիպոզի մասին է։

Կարդացեք՝ Էնդոմետրիում․ հաստությունը և խանգարումները

Տեսակները

Պոլիպն առհասարակ ախտաբանական գոյացություն է՝ կազմված մարմնից և ոտիկից, որով տարբեր օրգանների ներսում ամրանում է իր հենքին։ Էնդոմետրիումի պոլիպը, ըստ կառուցվածքի և բջիջների կազմի, լինում է՝

  • գեղձային՝ կազմված ստրոմալային բջիջներից՝ ներառյալ արգանդային գեղձերը, 
  • գեղձային-ֆիբրոզային, ունենում է հիմնականում ֆիբրոզային կառուցվածք և հազվադեպ է ներառում արգանդային գեղձերը, 
  • ֆիբրոզային՝ կազմված բացառապես ֆիբրոզային բջիջներից,
  • ադենոմատոզ՝ կազմված գեղձային էպիթելից, օժտված պրոլիֆերացիայի նշաններով և գեղձերի կառուցվածքային վերափոխմամբ։

Պատճառները և ռիսկի գործոնները

Էնդոմետրիումի պոլիպը կարող է առաջանալ ցանկացած տարիքում՝ անկախ սեռական կյանքից, հղիության և ծննդաբերության առկայությունից։ Հիմնականում, սակայն, պոլիպն առաջանում է 30-35 տարեկանում, իսկ պոլիպոզի վտանգն աճում է հիսունում։ Երիտասարդ տարիքում, երբ կինը հղիանում և ծննդաբերում է, հաճախ առաջանում է գեղձային տեսակի պոլիպ, մեծ տարիքում՝ մենոպաուզայից հետո՝ ֆիբրոզային և ադենոմատոզային գոյացություններ, իսկ այ ֆիբրոզային-գեղձային պոլիպը կարող է առաջանալ ցանկացած տարիքում։

Առաջացման հիմնական պատճառներն են՝

  • հորմոնային խանգարումներ՝ էստրոգենների ավելցուկի կամ պրոգեստերոնի անբավարարության ֆոնին, 
  • արգանդը վնասող միջամտություններ՝ աբորտ, քերում, ներարգանդային պարույրի երկարատև կրում, 
  • հղիության ընդհատում, վիժում կամ ծանր ծննդաբերություն,
  • հորմոնային համակարգի խանգարումներ (վահանագեղձի աշխատանքի խանգարում, գիրացում կամ շաքարային դիաբետ), որոնք խաթարում են սեռական հորմոնների փոխանակությունը, 
  • փոքր կոնքի շրջանում բորբոքային քրոնիկական պրոցես, սեռավարակներ՝ էնդոմետրիտի զարգացմամբ, արգանդի ներքին թաղանթի բորբոքում և այլն։

Կարդացեք՝ Կնոջ վերարտադրողական համակարգի հորմոնակախյալ հիվանդություններ

Ախտանշանները

Ախտանշանները տարաբնույթ են՝ կախված պոլիպների քանակից և չափերից։ Մեկ փոքրիկ պոլիպի դեպքում հնարավոր է, որ ախտանշաններ ի հայտ չգան, և այն հայտնաբերվի պատահականորեն։ Եթե պոլիպը մեծ է կամ մի քանի հատ, ապա ի հայտ են գալիս հետևյալ ախտանշանները՝

  • դաշտանային ցիկլի խանգարում (քսվող կամ միջդաշտանային արնահոսություն),
  • առատ կամ երկարատև դաշտան, 
  • ցավոտ դաշտան, 
  • ցավ որովայնի ստորին հատվածում, որն ուժգնանում է սեռական հարաբերությունից կամ օրգազմից հետո, 
  • առատ արտադրություն, հատկապես մեծ պոլիպի դեպքում,
  • մենոպաուզայի ժամանակ հնարավոր է փոքրաքանակ արնահոսություն նկատվի ծանրաբեռնվածությունից կամ սթրեսից հետո։

Ախտորոշումը

Հնարավոր է հայտնաբերել հայելիներով զննման ընթացքում, եթե պոլիպն արգանդի պարանոցի արտաքին օղից դուրս է գալիս, սակայն եթե այն արգանդի մարմնի ներսում է, ապա ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Ճշգրիտ ախտորոշման նպատակով անցկացվում է՝

  • փոքր կոնքի ՈւՁՀ, 
  • ախտորոշիչ հիստերոսկոպիա, որի ընթացքում միաժամանակ հեռացվում է նաև պոլիպը, որի հիստոլոգիական ուսումնասիրությունից հետո պարզվում է նրա տեսակը, կառուցվածքը և հաստատվում է ախտորոշումը։ 

Հարկավոր է պոլիպը տարբերել փոքրիկ սուբմուկոզ միոմայից, էնդոմետրիոզից և հղիության սկզբնական փուլից։

Բուժումը

Էնդոմետրիումի պոլիպը ցուցում է ախտորոշիչ հիստերասկոպիայի և հեռացման համար։ Հիստերոռեզէկտոսկոպիայի ժամանակ պոլիպը հեռացվում է, իսկ արգանդի այն հատվածը, որտեղ ամրացած է եղել այն, կտրվում և այրրում են։ Վիրահատությունն արագ է կատարվում՝ ն/ե կամ սպինալ անզգայացմամբ։ Մոտ տասն օր հնարավոր է, որ արյունային արտադրություն նկատվի արգանդի խոռոչից:

Վարակների կանխարգելման նպատակով վիրահատությունից հետո կարող է բժիշկը հակաբիոտիկներ  նշանակել։ Վիրահատության ընթացքում վերցված նյութն ուղարկվում է պաթոհիստոլեգիական քննության, քանի որ ադենոմատոզ պոլիպի հայտնաբերման դեպքում բուժումն այլ բնույթ է կրում։

Բարդությունները

Հիմնական բարդությունն անպտղությունն է, ինչպես նաև դաշտանային ցիկլի խանգարումները, անեմիան։ Բացի այդ հնարավոր է, որ պոլիպը կրկնվի՝ առաջացնելով պոլիպոզ։ Հազվադեպ էնդոմետրիումի պոլիպը (հիմնականում ադենոմատոզային ձևը) վերածվում է չարորակ ուռուցքի, էնդոմետրիումի քաղցկեղի։

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում