Քրոնիկական էնդոցերվիցիտ

09.12.20156856

Քրոնիկական էնդոցերվիցիտը մի հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում է արգանդի պարանոցի խողովակի լորձաթաղանթը։ Էնդոցերվիցիտ են ունենում հիմնականում վերարտադրողական տարիքի և ակտիվ սեռական կյանք վարող կանայք:

Տեսակները

Ըստ հիվանդության ընթացքի՝ տարբերում են սուր և քրոնիկական էնդոցերվիցիտ, ընդ որում՝ սուր ձևն արագ դառնում է քրոնիկական։ Ըստ բորբոքման տարածվածության՝ լինում է օջախային (տեղային) և դիֆուզ (ցրված)։

Պատճառները

Քանի որ էնդոցերվիցիտն արգանդի պարանոցի հիվանդություն է, ապա նրա առաջացման պատճառների շարքում առաջնային տեղ է գրավում բորբոքման հարուցիչը։ Հիվանդությունը զարգանում է ախտածին միկրոֆլորայի ակտիվացման ֆոնին (ստրեպտոկոկեր, ստաֆիլոկոկեր, աղիքային ցուպիկ, սնկեր և այլ միկրոօրգանիզմներ):

Տիպական էնդոցերվիցիտը պայմանավորված է սեռական ճանապարհով փոխանցվող միկրոօրգանիզմներով (գոնոկոկեր, տրիխոմոնադներ, ուրեապլազմաներ, քլամիդիաներ), սակայն արգանդի պարանոցում բորբոքման առաջացման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, այսինքն՝ նախատրամադրող գործոններ՝

  • միզասեռական համակարգի այլ հիվանդությունները (կոլպիտ, ադնեքսիտ, էնդոմետրիտ, արգանդի պարանոցի էկտոպիա), տարիքը, 
  • սեռական մի քանի զուգընկերների առկայությունը, 
  • բեղմնականխման որոշ մեթոդների օգտագործումն առանց վերահսկելու (սպերմիցիդներ, թթուներով ներլվացում), 
  • թուլացած դիմադրողական համակարգը, 
  • պարանոցի և արգանդի վրա իրականացված մեխանիկական միջամտությունները (աբորտ և քերում, ներարգանդային պարույրի տեղադրում, պարանոցի պատռվածք ծննդաբերության ընթացքում), 
  • նախադաշտանադադարային և դաշտանադադարային տարիքը։

Ախտանշանները

Հիվանդության կլինիկական պատկերը ուղղակիորեն կախված է հիվանդության աստիճանից և հարուցչից, որը խթանել է էնդոցերվիցիտի զարգացմանը։

Սուր ձև։ Սուր էնդոցերվիցիտն ընթանում է վառ արտահայտված ախտանշաններով, հիվանդը գանգատվում է հեշտոցում արտադրության (հաճախ լինում է թարախանման, թանձր), քորի և այրոցի առկայությունից, որովայնի ստորին շրջանի ձգող կամ նվվացող բնույթի ցավից։

Քրոնիկական ձև։ Քրոնիկական էնդոցերվիցիտն ընթանում է թույլ ախտանշաններով կամ էլ առանց ախտանշանների։ Միակ բանը, որ նկատում են հիվանդները, լինում է սպիտակավուն, թանձր, երբեմն արյունախառը, տհաճ հոտով արտադրությունը։

Ախտորոշումը

Էնդոցերվիցիտի տարբերակիչ ախտորոշում իրականացնում են մի շարք դեպքերում․

Հիվանդությունը հեշտ է ախտորոշվում․ գինեկոլոգիական առաջին զննման ընթացքում իսկ հնարավոր է կասկածել։ Բացի այդ, նշանակվում են գործիքային և լաբորատոր մեթոդներով հավելյալ հետազոտություններ՝

  • կոլպոսկոպիա՝ թույլ է տալիս էնդոցերվիցիտը տարբերել արգանդի պարանոցի այլ հիվանդություններից,
  • փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ՝ տրանսաբդոմինալ և տրանսվագինալ, 
  • հեշտոցային քսուքի հետազոտություն միկրոսկոպով, 
  • Վասերմանի ռեակցիա՝ սիֆիլիսը բացառելու նպատակով, 
  • արյան՝ հեպատիտների և ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված հետազոտություն, 
  • արյան ընդհանուր հետազոտություն և մեզի ընդհանուր հետազոտություն, 
  • արյան մակարդելիության հետազոտություն, 
  • սեռավարակների հայտնաբերման հետազոտություն ՊՇՌ՝ պոլիմերազային շղթայական ռեակցիա, մեթոդով (սեռական օրգանների հերպես, քլամիդիոզ, ուրեապլազմոզ, ցիտոմեգալովիրուս), 
  • հեշտոցային արտադրության մանրէաբանական ցանքս միկրոֆլորայի վիճակը և հակաբիոտիկների հանդեպ զգայունակությունը պարզելու նպատակով։

Բուժումը

Բուժումն ուղղված է հարուցչի դեմ պայքարին և դրա վերացմանը։ Կախված ախտածին միկրոօրգանիզմից՝ նշանակվում են հակամանրէային, հակավիրուսային, հակասնկային դեղամիջոցներ և այլն։

Հետևանքները և բարդացումները

Չբուժված էնդոցերվիցիտը կարող է վերածվել քրոնիկական էնդոցերվիցիտի, դառնալ արգանդի պարանոցի էրոզիայի զարգացման կամ բորբոքման պատճառ (ադնեքսիտ, էնդոմետրիտ)։ Խիստ հազվադեպ է լինում, երբ չբուժված հիվանդությունն արգանդի պարանոցի քաղցկեղ է առաջացնում։