Հղիության արհեստական ընդհատում. տեսակները

Հղիության արհեստական ընդհատում. տեսակները

Հաճախ ծննդաբերությունից հետո երիտասարդ մայրերը, կենտրոնանալով դաշտանի բացակայության վրա և թյուրիմացաբար հույսը դնելով կրծքով կերակրման բեղմնականխիչ ազդեցության վրա, բախվում են հերթական հղիության խնդրին: Այս պարագայում սովորաբար կինն ընտրում է հղիության ընդհատումը՝ կարծելով, որ այն անվնաս միջամտություն է, իսկ եթե վաղ ժամկետում կատարվի, ապա առհասարակ ոչ մի վտանգ չի առաջանա: Իրականում արդյո՞ք այդպես է:

Աբորտը հղիության արհեստական ընդհատումն է մինչև 22-րդ շաբաթը: Աբորտները լինում են իքնաբեր կատարվող (վիժում) և արհեստական (վիրահատական կամ այլ միջամտության միջոցով): Կախված հղիության ժամկետից՝ արհեստական աբորտները լինում են վաղ (մինչև հղիության 12-րդ շաբաթը) և ուշ (12 շաբաթականից ավել): Վաղ հղիուոյան ընդհատումը կատարվում են կնոջ ցանկությամբ, իսկ ավելի ուշ ժամկետներում աբորտի դիմելու որոշումն ընդունում է բժշկական խորհուրդը՝ հիմնվելով կնոջ դիմումի վրա և հաշվի առնելով առկա ցուցումները՝ բժշկական (եթե վտանգ է սպառնում կնոջ կյանքին, պտղի զարգացման ծանր շեղումներ և այլն) և սոցիալական (ամուսնու մահ կամ 1-2-րդ կարգի հաշմանդամություն, բազմանդամ ընտանիք, կեցության պայմանների բացակայություն, փախստականի կարգավիճակ, գործազրկություն, բռնաբարություն, չամուսնացածի կարգավիճակ և այլն):

Դեղորայքային ընդհատում

Դեղորայքային ընդհատման համար հաճախ կիրառվում է մեֆիպրիստոնը (միֆեգին): Այս դեղամիջոցը խոչընդոտում է, որ հղիության հիմնական հորմոնը՝ պրոգեստերոնն ազդի արգանդի վրա, դրանով իսկ նպաստելով հղիության ընդհատմանը: Սովորաբար մեֆիպրիստոնն ընդունում են արգանդի կրճատումն ուժգնացնող և օրգանիզմից պտղաձվի հեռացմանը նպաստող դեղամիջոցների՝ պրոստագլանդինների ոչ մեծ չափաբաժնի ուղեկցությամբ:

Դեղորայքային ընդհատումն իրականացվում է մինչև հղիության 8-րդ շաբաթը և խնդիրների բացակայության դեպքում չի պահանջում վիրահատական միջամտություն կամ անզգայացում: Դեղորայքային ընդհատումից առաջ կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն: Հաջորդիվ տեղեկատվական համաձայնագրի ստորագրումից հետո կինը բժշկի ներկայությամբ ընդունում է դեղամիջոցի 3 հաբ, ինչից հետո կարող է հեռանալ կլինիկայից: Սովորաբար 1-2 օր հետո սկսվում է արնահոսությունը, որը նման է դաշտանային արյանը և վկայում է հղիության ընդհատման ու պտղաձվի հեռացման մասին:

Դեղորայքային ընդհատումից հետո խորհուրդ է տրվում կրկին ուլտրաձայնային հետազոտություն կատարել, որպեսզի համոզվեք, որ արգանդում պտղաձվի մնացուկներ չկան: Վերջիններս կարող են վարակի աղբյուր դառնալ, ծանր արնահոսություն և հետաբորտային այլ խնդիրներ հարուցել: Անհանգստացնող գանգատների դեպքում (սուր ցավ, ջերմության բարձրացում, ծանր արնահոսություն, թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց և այլն) անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի կամ շտապօգնություն կանչել: Այսպիսի դեպքերում հաճախ վիրաբուժական միջամտություն է պահանջվում՝ արգանդի խոռոչի քերում, ըստ էության՝ գործիքային աբորտ:

Դեղորայքային ընդհատման հակացուցումներն են՝

  • Արտարգանդային հղիություն, որը պահանջում է միայն վիրաբուժական միջամտություն:
  • Քրոնիկական մակերիկամային անբավարարություն և բրոնխիալ ասթմայի ծանր աստիճան, քանի որ մեֆիպրիստոնը խաթարում է մակերիկամների հորմոնների ազդեցությունը, որոնք օգտագործվում են նաև ասթմայի բուժման ժամանակ:
  • Սեռական ուղիների վարակիչ-բորբոքային պրոցեսներ (հանուն վարակի տարածման կանխարգելման):
  • Ծանր արնահոսությունների հետևանքով առաջացած հեմորագիական խանգարումներ (արյան մակարդելիության խանգարում): Հղիության ընդհատումն այս պարագայում պետք է իրականացնել միայն կլինիկայի պայմաններում և բժշկի հսկողությամբ:

Երբեմն (դեպքերի 2%-ը) դեղորայքային ընդհատումն անարդյունավետ է լինում, քանի որ դեղամիջոցը աբորտային ազդեցություն չի թողնում և հղիությունը չի ընդհատվում:

Վակուումային ասպիրացիա

Հղիության ընդհատման այս ձևը կիրառելի է վաղ ժամկետներում, երբ պտղաձվի տրամագիծը թույլ է տալիս, որ այն անցնի վակուում-ասպիրատորի մեջ: Վակուում-ասպիրատորը նման է մեծ ներարկչի՝ հատուկ դետալով, որը մտցվում է արգանդի խոռոչի մեջ: Ստեղծվող վակուումը նպաստում է, որ պտղաձուն պոկվի արգանդի պատից, սակայն հավանականությունը, որ սաղմի ոչ բոլոր հյուսվածքները կառանձնանան պատից, մեծ է: Այդ պատճառով էլ ասպիրացիայից հետո անհրաժեշտ է կրկին ուլտրաձայնային հետազոտություն անցկացնել: Մնացուկների առկայության դեպքում անհրաժեշտ է արգանդի խոռոչի քերում կատարել, ինչը նման է սովորական գործիքային հղիության ընդհատմանը: Այս տեսակի աբորտն իրականացնում են ընդհանուր անզգայացմամբ:

Գործիքային ընդհատում

Սա հղիության ընդհատման ամենատարածված ձևն է և իրականացվում է մինչև հղիության 12-րդ շաբաթը: Ներկայում գործիքային աբորտը կատարվում է ներերակային անզգայացամբ, ներարկումից վայրկյաններ անց քուն է սկսվում: Անզգայացման եղանակը որոշում է բժիշկ-անեսթեզիոլոգը՝ ըստ այցելուի անհատական ցուցումների և հակացուցումների:

Արգանդի պարանոցը լայնացվում է, այնուհետև արգանդի խոռոչ է մտցվում հատուկ գործիք, ինչով և կատարվում է խոռոչի քերումը: Բարդությունների առաջացման վտանգը նվազում է, եթե միջամտությունից առաջ և հետո կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն և արգանդի խոռոչի զննում հիստերոսկոպի միջոցով: Այնուամենայնիվ, գործիքային աբորտը վիրաբուժական միջամտություն է, որը կատարվում է անզգայացմամբ, այդ իսկ պատճառով էլ հնարավոր չէ լիովին բացառել բարդությունները:

Արգանդի խոոչի քերման հազվադեպ հանդիպող, սակայն ամենավտանգավոր բարդությունն արգանդի պատի վնասումն է և թափանցումը դեպի որովայնի խոռոչ: Ծանր արնահոսությունը, պերիտոնիտը, որովայնի խոռոչի օրգանների վնասումը կարող են մահացու ելքի պատճառ դառնալ:

Վաղ շրջանում առաջացող բարդություններից են արնահոսությունը, արյան մակարդելիության խանգարումը: Երբեմն արգանդի խոռոչում արգանդի պարանոցի սպազմի հետևանքով արյան թանձրուկներ են կուտակվում, ինչը կարող է կրկնակի քերում պահանջել:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…