Հղիության վակուումային ընդհատում

Հղիության ընդհատման տվյալ մեթոդն իր անվտանգ և ապահով մոտեցումով տարբերվում է վիրաբուժական աբորտի այլ տեսակներից: Այն նշանակվում է բժիշկ գինեկոլոգի կողմից այնպիսի բժշկական ցուցումների դեպքում, ինչպես հղիության չհաջողված դեղորայքային ընդհատումն է, պտղի զարգացման անոմալիաները, մոր կյանքին վտանգ սպառնացող քրոնիկական հիվանդությունները, կամ պարզապես կատարվում է կնոջ ցանկությամբ:
Հղիության վակուումային ընդհատումը կատարվում է առաջին եռամսյակում (նախընտրելի է 6-12 շաբաթներում): Որքան վաղ ժամկետներում այն կատարվի, այնքան քիչ կլինի բարդությունների առաջացման վտանգը: Տվյալ վիրահատությունը տևում է 5-10 րոպե, և 1-2 ժամ անց կինն արդեն դուրս է գրվում: Ի տարբերություն արգանդի խոռոչը քերելու եղանակին՝ արգանդի վնասված հատվածն ընդամենը 20 սմ խորանարդ է կազմում, այսինքն արգանդի լորձաթաղանթի վնասումը շատ չնչին է:
Վակուումային աբորտի բացասական կողմն այն է, որ այն անցանկալի հղիությունից ազատելու 100%-անոց արդյունք չի երաշխավորում: Վիճակագրական տվյալներով՝ 2% դեպքերում պտղաձուն մնում է իր տեղում:
Վակուումային աբորտի հակացուցումները
Այս միջամտությունը հակացուցված է վարակային հիվանդությունների սուր ընթացքի փուլում՝ հերպեսից մինչև սովորական մրսածություն: Սա պայմանավորված է նրանով, որ այդ դեպքում հնարավոր է վարակը փոխանցվի սեռական օրգաններին և հանգեցնի հետվիրահատական բարդությունների: Այդ պատճառով, հիվանդության առկայության դեպքում բժիշկը նշանակում է դեղորայքային բուժում նախքան վիրահատությունը:
Մյուս հակացուցումը արտարգանդային հղիությունն է: Այս պաթոլոգիայի դեպքում պտղաձուն զարգանում է արգանդից դուրս, ինչը վտանգավոր է մոր կյանքի համար: Արյան վատ մակարդելիության պարագայում բժիշկը կառաջարկի աբորտի և բուժման անցկացման անհատական եղանակ:
Շատ կանանց մտահոգում է՝ արդյոք այս միջամտությունը ցավոտ է: Այն կարող է անցկացվել տեղային անզգայացման կամ ներերակային անզգայացման ներքո, բայց միջամտությունն իրենով ուժգին ցավային զգացողություններ չի առաջացնում: Հնարավոր է մի փոքր անհարմարության զգացողություն լինի արգանդի պարանոցի բացվելիս: Վիրահատությունից հետո բնական է որովայնի ստորին հատվածում ձգող ցավերի առաջացումը, քանի որ վակուումային ասպիրացիան վերջիվերջո վիրաբուժական միջամտություն է: Ընդհանուր առմամբ, բուն միջամտության ժամանակ վառ արտահայտված ցավեր չեն դիտվում:
Վիրահատության հիմքում ընկած է էլեկտրավակուումային գործիքի օգտագործումը: Դրա միջոցով արգանդում ստեղծվում է կայուն բացասական ճնշում, և արդյունքում պտղաձուն շերտազատվում է և դուրս գալիս: Այս միջամտության դեպքում արգանդի անոթները չեն տուժում, իսկ արգանդի պարանոցը լայնացնող մետաղական գործիքներից հրաժարվելն օգնում է խուսափել վնասվածքներից: Այսպիսով նվազում է ցերվիկալ անբավարարության հավանականությունը, ինչը, հնարավոր է խոչընդոտեր հետագա հղիությունը:
Վիրահատության նախապատրասվելը
Կինը նախ և առաջ խորհրդատվության է գնում գինեկոլոգի մոտ, ով պարզում է հղիության ժամկետները, որոշում է աբորտի տեսակը, նշանակում է անհրաժեշտ ստուգումները: Սովորաբար խորհուրդ է տրվում ըստ անհրաժեշտության հանձնել հետևյալ անալիզները՝
- արյան ընդհանուր անալիզ,
- մեզի ընդհանուր անալիզ,
- հեշտոցի միկոֆլորայի որոշման քսուք,
- արյան մակարդելիությունը ստուգող անալիզ,
- սեռավարակների հայտնաբերման համար՝ ՊՇՌ անալիզ,
- RW,
- հեպատիտի և ՄԽԳ անալիզ և այլն:
Կարդացեք՝ Մարդու խորիոնային գոնադոտրոպինը (ՄԽԳ) հղիության ընթացքում:
Անալիզների արդյունքներով գնահատվում է կնոջ առողջական վիճակը, բացառվում են տվյալ միջամտության հակացուցումները:
Վիրահատության ընթացքը
Բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո կատարվում է վակուումային ասպիրացիան: Վիրահատությունն անցկացվում է գինեկոլոգիական աթոռի վրա, կինը պառկում է, ինչպես սովորական ստուգման ժամանակ, հեշտոցի ներքին պատերն ու մուտքը մշակվում են հականեխիչ լուծույթով: Եթե կինը նախկինում չի ծննդաբերել, ապա անհրաժեշտ է հատուկ գործիքի միջոցով լայնացնել արգանդի պարանոցը: Հատուկ խողովակի միջոցով էլեկտրական պոմպը ներմուծվում է արգանդի խոռոչ, որտեղ այն ստեղծում է 0.5 մթնոլորտային ճնշման դաշտ: Գործիքը զգուշությամբ անցկացվում է արգանդի պատերով՝ հպվելով լորձաթաղանթին: Այդ ընթացքում պտղաձուն շերտազատվում է և քաշվում է խողովակի մեջ: Քանի որ արգանդի հյուսվածքները հեռացվում են, այն սկսում է կծկվել, որի ընթացքում հնարավոր է որոշակի սպազմ լինի:
Հետվիրահատական շրջան
Վիրահատության տևողությունը 5 րոպե է: Ավարտից հետո հիվանդին հարկավոր է մի քանի ժամյա հանգիստ բուժհաստատությունում: Վարակներից խուսափելու համար բժիշկը նշանակում է համապատասխան հակաբիոտիկների կուրս, իսկ եթե կինն ունի կծկումային ցավեր՝ նաև ցավազրկող դեղամիջոցներ: Լավ կլինի ողջ օրը նվիրեք հանգստանալուն: Եթե բարդություններ չառաջանան հաջորդ օրը կարելի է վերադառնալ առօրյա գործերին: Միջամտությունից 2-3 շաբաթ անց հարկավոր է այցելել բուժող բժշկին, անցնել ՈՒՁ և այլ հետազոտություններ:
Սեռական հարաբերություններից պետք է հրաժարվել մոտ 2-3 շաբաթ, որպեսզի արգանդը հասցնի ապաքինվել: Պարտադիր պետք է խուսափել հղիությունից առնվազն երկու ամիս: Եթե վիրահատությունից որոշ ժամանակ անց հղիության թեստը և ՄԽԳ անալիզը դրական արդյունք են ցույց տալիս, սա կարող է խոսել նրա մասին, որ պտղի և ընկերքի հեռացումն ամբողջությամբ չի կատարվել և հղիությունը պահպանվել է: Շատ վտանգավոր է, եթե պարզվի, որ հղիությունն արտարգանդային է: Այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ վիրահատությունից երկու շաբաթ անց կինն անպայման դիմի գինեկոլոգի և ըստ անհրաժեշտության անցնի ՈՒՁ հետազոտություն:
Հղիության ընդհատման վակուումային տարբերակը նվազագույն վտանգներ է կրում՝ համեմատած մյուս մեթոդների հետ: Բայց պետք է հասկանալ, որ այս միջամտությունը կյանքի բնական ցիկլում այնուամենայնիվ որոշակի ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, այդ թվում և հետագայում երեխա լույս աշխարհ բերելու կարողության վրա: