Հորմոնային խանգարման նշանները

Երիտասարդ աղջիկների հորմոնային շեղումների նշաններն արտահայտվում են 16 տարեկանից հետո դաշտանի բացակայությամբ, ցիկլի անկանոնությամբ, կաթնագեղձերի չզարգացածությամբ կամ թերզարգացածությամբ, մարմնի մազակալմամբ և անչափ նիհարիկությամբ: Սովորաբար դա վկայում է այն մասին, որ օրգանիզմում իգական սեռական հորմոններն արտադրվում են ոչ բավարար քանակով: Վերջինս հնարավոր է շտկել հատուկ դեղամիջոցների միջոցով՝ բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո:
Վերարտադրողական տարիքում հորմոնային խանգարման նշաններն արտահայտվում են դաշանային ցիկլի խանգարումներով՝ հապաղում, սակավ արտադրություն կամ, ընդհակառակը, առատ և ցավոտ: Հորմոնների խախտման մասին են վկայում նաև արգանդային արյունահոսությունները, մաստոպատիան, կրծքի կոշտացումը, մազաթափությունը կամ մազակալումը, կտրուկ գիրացումը, այտուցվածությունը, առատ քրտնարտադրությունը և սեռական ցանկության կորուստը:
Եթե նկատում եք վերոնշյալ նախանշանները կամ անգամ դրանցից մի քանիսը, որոնք ուղեկցվում են գլխացավով, սրտխառնոցով, տրամադրության կտրուկ փոփոխություններով, գլխապտույտով և քնկոտությամբ, ապա անհրաժեշտ է դիմել գինեկոլոգիական խորհրդատվության:
Հորմոնային անհավասարակշռության հիմնական հետևենքը սիրտանոթային և անգամ օնկոլոգիկան հիվանդություններն են, ձվարանների պոլիկիստոզ համախանիշը, միգրենը, արգանդի միոմատոզ հանգույցները, կրկնվող վիժումները, անպտղությունը, կաթնագեղձի ուռուցքները և այլն:
Հորմոնային խախտումները անդրադառնում են երիտասարդ աղջկա կամ կնոջ քաշի վրա. նա կամ անբնական նիհարում է կամ էլ արագ գիրանում: Հորմոնները պատասխանատու են նաև գեղեցկության և մազերի աճի, դեմքի մաշկի գույնի և մաքրության համար. հավասարակշռության խախտման դեպքում մազերը չորանում են, դառնում փխրուն, թափվում են, մաշկը պիգմենտավորվում է, մազակալություն է նկատվում, մարմնի և դեմքի վրա բշտիկներ են առաջանում:
Ցավոք որոշ աղջիկներ անլուրջ են մոտենում նմանատիպ նախանշաններին, հատկապես երիտասարդ տարիքում: Արդյունքում վատնում են թանկարժեք ժամանակը և թույլ տալիս, որ խնդիրները խորանան: Այդ հանգամանքը հետագայում կարող է հանգեցնել երկարատև բուժման և անգամ անպտղության:
Այսպիսով, եթե դաշտանային ցիկլը պարբերաբար խախտվում է և անհասկանալի նախանշաններ եք նկատում, ապա հարկավոր է դիմել գինեկոլոգի: Նախ և առաջ բժիշկը կզննի ձեզ, առողջության վերաբերյալ տեղեկություններ կստանա և տվյալների հիման վրա կառաջարկի ՈւՁՀ և հորմոնների մակարդակն ուսումնասիրող հետազոտություն անել:
Մի անտեսեք կասկածելի նախանշանները և դիմեք բժշկի: Դա կօգնի ճիշտ ժամանակին հայտնաբերել խնդիրները և բուժել: