Դեղորայքի ընդունումը հղիության ընթացքում

Դեղորայքի ընդունումը հղիության ընթացքում

Բոլոր ապագա մայրերը հղիության ինն ամիսների ընթացքում գոնե մեկ անգամ ստիպված են եղել դեղորայք ընդունել: Մի կողմից դա կապված է կնոջ առողջական վիճակի ցածր ցուցանիշների և քաղաքներում ոչ բարենպաստ էկոլոգիայի հետ: Մյուս կողմից էլ դրան նպաստում է դեղորայքային միջոցների լայն հասանելիությունը. չէ՞ որ այսօր կարելի է համացանցում կարդալ և մոտակա դեղատնից ձեռք բերել համապատասխան դեղամիջոցը և արագ ու հեշտորեն ինքնուրույն «բուժվել»: Այնինչ պետք է հիշել, որ գրեթե յուրաքանչյուր դեղորայք հղիության ընթացքում ընդունելիս վտանգավոր է ինչպես պտղի, այնպես էլ մոր համար, այդ պատճառով դեղորայքի ընդունման անհրաժեշտությունը պետք է որոշի միայն բժիշկը: Ինչու՞: Պարզենք միասին:

Մասնագետները հղիության վրա դեղորայքի ազդեցությունների ուսումնասիրմանը սկսել են լուրջ վերաբերվել անցյալ դարի կեսերից: Դա կապված էր նրա հետ, որ ապագա մայրերի համար անվտանգ համարված հանգստացնող միջոցը՝ տալիդոմիտը, պարզվեց, որ դարձել էր ավելի քան 10 հազար նորածինների մոտ լուրջ ֆիզիկական արատների պատճառ: Այս դեպքից հետո բժիշկներն սկսեցին բոլոր դեղորայքային միջոցները համարել պտղի համար վտանգավոր, և խորհուրդ տալ հղի կանաց հնարավորինս խուսափել դրանց ընդունումից հղիության ամբողջ ընթացքում:

Ընդհանուր առմամբ այս կամ այն դեղորայքի վնասակար ազդեցությունն արտահայտվում է հետևյալ կերպ՝

  • սաղմը մահանում է նախքան արգանդի պատին ամրանալը կամ դրանից հետո (սաղմի մահվան ազդեցություն),
  • ի հայտ են գալիս պտղի օրգանների և համակարգերի աշխատանքի խանգարումներ, բայց լուրջ դեֆորմացիաներ տեղի չեն ունենում (էմբրոտոքսիկ ազդեցություն),
  • պտղի օրգանիզմում ի հայտ են գալիս ֆունկցիոնալ, կառուցվածքային և կենսաքիմիական խանգարումներ՝ հիմնականում հանգեցնելով լուրջ հետևանքների (թունավորման ազդեցություն):

Դեղարայքը հղիության ընթացքում

Որոշ դեղամիջոցներ բացասաբար են անդրադառնում հղիության վրա նույնիսկ նախքան հղիանալը. դրանք կազմափոխում են կնոջ և տղամարդու սեռական բջիջները (օրինակ՝ ֆենոբարբիտալը, հակացնցումային միջոցները և այլն): Այդ պատճառով դրանց ընդունման ընթացքում, ինչպես նաև բուժման կուրսի ավարտից մի քանի ամիս անց դեռ անհրաժեշտ է հուսալիորեն պաշտպանվել: Հղիության ընթացքում դեղորայքն առավել վտանգավոր է առաջին եռամսյակում (հատկապես ներարգանդային զարգացման առաջինից ութերորդ շաբաթներում), երբ տեղի է ունենում ապագա երեխայի օրգանների և համակարգերի սկզբնավորումը և ձևավորումը: Ավելի ուշ ժամկետներում դրանք սովորաբար չեն առաջացնում արտահայտված անոմալիաներ, սակայն կարող են հանգեցնել օրգանիզմի ֆունկցիաների, ինչպես նաև ծնունդից հետո փոքրիկի ֆիզիկական և հոգեկան վիճակի խանգարմանը:

Կարդացեք՝ Սպազմալիտիկ դեղորայքը՝ նո-շպան և պապավերինը հղիության ընթացքում

Բացի այդ, դեղամիջոցները կարող են բացասաբար ազդել նաև ապագա մայրիկի վրա: Դա կապված է նրա հետ, որ այդ առանձնահատուկ ժամանակահատվածում նրա բոլոր օրգան-համակարգերը փոքր-ինչ այլ կերպ են աշխատում, փոխվում են դեղանյութերի ներծծման, դուրսբերման և օրգանիզմի վրա ներգործության պրոցեսները, դրանք կարող են դառնալ ավելի թունավոր, ընդհանրապես «չաշխատել», առաջացնել ալերգիա, խանգարել այլ օրգանների աշխատանքը և այլն:

Ինքնաբուժումը վտանգավոր է

Տալիդոմիդի ողբերգությունից և լայնածավալ հետազոտություններից հետո մասնագետները բոլոր դեղամիջոցներն ըստ պտղի համար ռիսկի աստիճանի պայմանականորեն բաժանեցին մի քանի խմբերի՝ հարաբերականորեն անվտանգներից մինչև հղիության ընթացքում հակացուցվածները: Այդ տեղեկատվությունը հայտնի է բոլոր բժիշկներին և դեղամիջոց ընտրելիս նրանք ղեկավարվում են դրանով: Բացի այդ, պտղի վրա դեղամիջոցների ազդեցությունը կախված է նաև չափաբաժնից, ընդունման տևողությունից, ընդունման   եղանակից, հղիության ժամկետից, ապագա մայրիկի օրգանիզմի վիճակից: Այդ պատճառով բժիշկները, ունենալով հատուկ գիտելիքներ, կարող են հարաբերակցել պտղի համար բոլոր ռիսկերը և մոր համար օգուտը՝ նշանակելով անհրաժեշտ դեղեր:

Հղիության ընթացքում արգելված դեղամիջոցներ

Օրինակ՝ շատ կանայք հղիության տարբեր ժամկետներում սուր վիճակների առաջացման դեպքում ընդունում են ասպիրին՝ չիմանալով այն մասին, որ ուշ ժամկետներում այն կարող է ճնշել արգանդի կրճատվելու ունակությունը, ինչպես նաև արյունահոսություն առաջացնել երեխայի և մոր օրգանիզմում: Ստրեպտոմիցինը հանգեցնում է լսողության խանգարման, իսկ հազի դեմ որոշ դեղամիջոցներ պարունակում են յոդ, որը կարող է պտղի մոտ առաջացնել վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ: Վիժման վտանգը մեծացնում և արգանդի տոնուսն ուժեղացնում է հալվեն (алоэ) և այլն: Տետրացիկլինային շարքի հակաբիոտիկները փոխում են ատամների գույնը, հանգեցնում կատարակտի առաջացման և պտղի կմախքի զարգացման հապաղման:

Ոչ պակաս կարևոր դեր է խաղում նաև վիտամինների ավելցուկային օգտագործումը: Այսպես, A վիտամինի շատ մեծ չափաբաժինները հանգեցնում են վիժման, պտղի սրտի ախտահարումների և հիդրոցեֆալիայի, իսկ D վիտամինի ավելցուկը կարող է դառնալ նորածնի հոգեկան զարգացման հապաղման պատճառ: Հղիության ընթացքում դեղերի վնասակար ազդեցությունը կարելի է անվերջ թվարկել, սակայն ամեն դեպքում մենք ինքներս հազիվ թե կարողանանք կշռադատել այս կամ այն դեղամիջոցի բոլոր ռիսկերը և օգուտները, այդ պատճառով այդ բարդ գործն ավելի լավ է վստահել բժշկին:

Բուժումը հղիության ընթացքում, անվտանգության տեխնիկա

Չի կարելի ընդունել ցանկացած դեղամիջոց առանց բժշկի նշանակման, եթե նույնիսկ դրանք նախկինում ձեզ օգնել են:

Այլ բժիշկների դիմելիս անմիջապես զգուշացրեք ձեր հղի լինելու (կամ հղիություն պլանավորելու) մասին, որպեսզի նա անվտանգ դեղամիջոցներ նշանակի:

Ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել չափաբաժինը, որը նշանակել է բժիշկը:

Փորձեք փոփոխություններ մտցնել ապրելակերպում՝ ավելի քիչ նյարդայնանալ, ավելի շատ հանգստանալ, ճիշտ սնվել:

Սահմանափակեք մեծաքանակ մարդկանցով լի վայրեր այցելելը, ավելի քիչ օգտվեք տրանսպորտային միջոցներից:

Մի ընդունեք նոր սնունդ և մի օգտագործեք նոր կոսմետիկ միջոցներ ալերգիաներից խուսափելու համար:

Սնվեք միայն որակյալ մթերքներով և ցանկալի է՝ ձեր կողմից պատրաստված, որպեսզի բացառվեն սննդային վարակները:

Կարդացեք՝ Կուրանտիլի (դիպիրիդամոլ) ընդունումը հղիության ընթացքում:

Ամփոփում

Բարեբախտաբար հղիության ընթացքում դեղորայքի ընդունումը վնասակար լինելուց բացի կարող է նաև օգտակար լինել: Այդպես՝ անեմիայի, մալարիայի, տուբերկուլյոզի, երիկամների քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային համակարգի և այլ հիվանդությունների, ինչպես նաև վիտամինների և արգանդաընկերքային արյան հոսքի բարելավման համար ընդունվող դեղերը ոչ միայն բարելավում են ապագա մայրիկի վիճակը, այլև նպաստում են պտղի բնականոն զարգացմանը, իսկ ծննդաբերության ժամանակ դեղորայքի ողջամիտ ընդունումը կարող է նվազեցնել ցավերը և ծննդաբերական ու մանկաբարձական վնասվածքների հավանականությունը:

Պետք է հիշել՝ ցանկացած դեպքում դեղորայքի ընդունումը հղիության ընթացքում պետք է լինի միայն անհրաժեշտության դեպքում և միայն բժշկի նշանակմամբ:

Մակաբույծները մեր ներսում․ ինչո՞ւ են կլոր որդերը վտանգավոր 

Մակաբույծները մեր ներսում․ ինչո՞ւ են կլոր որդերը վտանգավոր 

Աղիքային վարակ է, որն առաջացնում են մինչև 40 սմ երկարություն ունեցող կլոր որդերը։

Պե՞տք է ընդունել կանխարգելիչ հաբեր ճիճվակրության դեմ 

Պե՞տք է ընդունել կանխարգելիչ հաբեր ճիճվակրության դեմ 

Երբեմն մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխային ամեն տարի դեղահաբեր տալ` ճիճվակրությունը կանխելու համար, հատկապես եթե տանը կենդանիներ կան

Ինչպե՞ս հասկանալ, որ չզարգացող հղիություն է և ի՞նչ անել 

Ինչպե՞ս հասկանալ, որ չզարգացող հղիություն է և ի՞նչ անել 

Չզարգացող հղիությունը պայման է, երբ սաղմը կամ պտուղը մահացել է, բայց դեռ արգանդում է

Ինչու է առաջանում աճուկային հատվածի ճողվածք․

Ինչու է առաջանում աճուկային հատվածի ճողվածք․

Ի՞նչ է աճուկային հատվածի ճողվածքը,  որո՞նք են դրա ախտանիշները