Սպազմալիտիկ դեղորայքը՝ նո-շպան և պապավերինը հղիության ընթացքում

24.03.201525082

Բժիշկները լավ գիտեն, որ գրեթե ոչ մի հղիություն չի անցնում առանց որևէ դեղորայքի նշանակման: Եվ եթե նույնիսկ խոսքն անվտանգ վիտամինների մասին է, հղի կանայք ունենում են մի շարք հարցեր՝ ինչո՞ւ է անհրաժեշտ դեղորայք ընդունել և որքանո՞վ է այն անվտանգ ապագա փոքրիկի համար: Այս հոդվածում կխոսենք հղիության ընթացքում նշանակվող դեղամիջոցների մասին:

Պապավերինը և նո-շպան դասվում են այսպես կոչված միոտրոպ ազդեցության սպազմալիտիկների դասին, այսինքն՝ դրանք նվազեցնում են ներքին օրգանների հարթ մկանների տոնուսը, շարժողական ակտիվությունը, որոշ չափով լայնացնում են արյունատար անոթները և այդպիսով նվազեցնում են մկանային օրգանի բարձր տոնուսը:

Կարելի է ասել, որ, ըստ սպազմալիտիկ (հարթ մկանունքը թուլացնող) ազդեցության արտահայտվածության և տևողության, նո-շպան գերազանցում է պապավերինին:

Նո-շպայի շատ բնութագրեր են գերազանցում պապավերինին, և հենց այդ պատճառով է, որ շատ ընկերություններ (օրիգինալ դեղամիջոցի պահպանման ժամկետը լրանալուց հետո) այսօր թողարկում են դրոտավերինի հիդրոքլորիդն իրենց անվանումների ներքո: Այնուամենայնիվ ոչ բոլորին է հաջողվել ստեղծել նո-շպայի անալոգ (համարժեք դեղահաբ):

Նո-շպայի արդյունավետությունը 3-4 անգամ գերազանցում է պապավերինին, ընդ որում՝ այն բնութագրվում է նաև ավելի բարձր կենսահասանելիությամբ, որը կազմում է մոտ 100%, այսինքն՝ դեղահաբի բաղադրիչների գրեթե ամբողջ 100%-ն «աշխատում» է: Օրալային ընդունման դեպքում նո-շպան արագ ներծծվում է, իսկ պապավերինի բաղադրիչները վատ են լուծվում ջրային միջավայրում, այդ պատճառով այն հիմնականում ընդունում են ներերակային (միջմկանային) ճանապարհով կամ ուղիղաղիքային (ռեկտալ) մոմիկների տեսքով: Հղի կանանց նշանակում են վերջին տարբերակով, քանի որ այն անմիջապես ներթափանցում է արյան մեջ ուղիղ աղու անոթներից: Նո-շպաի մեկ այլ դրական հատկանիշն այն է, որ մոմիկների անհարմարության փոխարեն այն դեղահաբերի տեսքով են ընդունում: Վերջիվերջո հաբերը միշտ ձեռքի տակ են և ավելի հեշտ է դրանք ընդունել:

Հղի կանանցից շատերը միշտ իրենց հետ վերցնում են նո-շպա դեղահաբեր և ընդունում են այն չնչին անհարմարության դեպքում: Դա կարող է առաջանալ արգանդի լարվածությունից, որովայնի ստորին հատվածի ցավային զգացողություններից, որոնց ժամանակ նո-շպան հիանալի շտապ օգնություն է ցուցաբերում, բայց դրա ինքնուրույն ընդունումը չի նշանակում, որ պետք է հրաժարվել բժշկի դիմելուց:

Նո-շպայի ազդեցությունն օրգանիզմում շատ արագ է սկսվում՝ դեղահաբի ընդունումից 10-12 րոպե անց, միջմկանային ներարկումից՝ 3-5 րոպե անց, իսկ ներերակային ներարկումից՝ 2-4 րոպե անց: Դեղահաբի առավելագույն արդյունավետությունը զարգանում է 30 րոպե անց: Պապավերինի ազդեցությունն ավելի ուշ է սկսվում (ներերակային կիրառման դեպքում այն զարգանում է 5-10 րոպե անց):

Դեղորայքների պատմությունը

Պապավերինը (ամբողջական անվանումը՝ պապավերին հիդրոքլորիդ) մշակվել է ավելի վաղ քան նո-շպան՝ 50- ական թվականներին: Այն միաժամանակ սկսվել է արտադրվել մի քանի խոշոր ընկերությունների կողմից՝ իրենց դեղագործական հումքից:

Նո-շպան արտադրվում է «Խինոին» գործարանում (Հունգարիա): Դեղամիջոցի ստեղծումն սկսվել է «Խինոին» գործարանի գիտահետազոտական խմբի կողմից պապավերինի արդյունաբերական արտադրության եղանակի մշակմամբ: Նոր միացությունը՝ դրոտավերինի հիդրոքլորիդը (առևտրային անվանումը՝ նո-շպա), սինթեզվել է գործարանի լաբորատորիայում 1961թ.: Հետագայում այդ դեղագործական ընկերության դեղագետները մշտապես կատարելագործում էին հումքը, որից պատրաստվում էր դեղամիջոցը, և այսօր նո-շպան պապավերինի նկատմամբ ունի որոշակի առավելություններ: Այժմ «Խինոին» գործարանը, որտեղ արտադրվում է նո-շպան, մտնում է «Սանոֆի-Սինտելբո» դեղագործական ընկերության կազմի մեջ: Այսպիսով՝ նո-շպան այդ ընկերության օրիգինալ առևտրային ապրանքանիշն է:

Այլ ցուցանիշներով պապավերինը և նո-շպան համարժեք են: Այս երկու դեղամիջոցներն էլ ազդեցություն չեն ունենում նյարդային համակարգի վրա: Նրանք հիանալի համադրվում են ցավազրկողների հետ, ինչը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում անցկացնել համալիր թերապիա: Այդ դեպքում որպես ցավազրկող միջոցներ կիրառվում են պարացետամոլը, ացետիլսալիցիլաթթուն, իբուպրոֆենը, դիկլոֆենակը:

Որոշ դեպքերում պապավերինը և նո-շպան նշանակվում են միասին՝ առավոտյան և ցերեկը կինն ընդունում է նո-շպա դեղահաբեր, իսկ երեկոյան օգտագործում է պապավերինի մոմիկներ: Հնարավոր են նաև նշանակման այլ տարբերակներ՝ կախված իրավիճակից և բժշկի մասնագիտական փորձի վրա հիմնված իր նախընտրությունից:

Հղիության և կրծքով կերակրման ընթացքում պապավերինի հիդրոքլորիդի արդյունավետությունը և անվտանգությունը պարզված չէ: Սակայն դրա հակացուցման հստակ տվյալներ նույնպես չկան: Այդ պատճառով դրանք շարունակվում են կիրառվել: Նո-շպայի անվտանգության պրոֆիլն ավելի մեծ է, այդ պատճառով այն ընդունում են նույնիսկ հղիության ընթացքում: Զարգացման անոմալիաների գծով հունգարական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հետազոտություն է կատարվել (1980-1991թթ) , որի մասնակից 30.663 կանաց 9,5%-ը հղիության ընթացքում ընդունել է նո-շպա (հղիության ընդհատման վտանգի դեպքում՝ 2-րդ կամ 3-րդ ամիսներին կամ վաղաժամ ծննդաբերության վտանգի դեպքում՝ վերջին ամիսներին): Հետազոտության արդյունքերի համաձայն տերատոգեն (պտղի համար վտանգ ներկայացնող) ազդեցություն չի դիտվել: Սակայն այսպիսի հետազոտություններ կատարվել են սահմանափակ քանակությամբ, այնպես որ նո-շպա կարելի ընդունել, բայց միայն բժշկի նշանակմամբ և նրա հսկողությամբ: Պետք է հիշել, որ նույնիսկ այդպիսի վստահված դեղամիջոցներն ունեն հակացուցումներ և կողմնակի ազդեցություններ:

Չպետք է օգտագործել պապավերին կամ նո-շպա՝ դրանց հանդեպ բարձր զգայունության կամ ալերգիայի դեպքում: Դեղորայքն անհրաժեշտ է հատուկ զգուշությամբ և բժշկի հսկողությամբ ընդունել թոքային որոշ հիվանդությունների (բրոնխիալ ասթմա, ծանր բրոնխիտ) և սրտի ռիթմի խանգարումների առկայության պարագայում:

Կողմնակի ազդեցություններից կարող են դիտվել՝ քնկոտություն, սրտխառնոց, գլխապտույտ, սրտխփոց, տապի զգացողություն, ուժեղ քրտնարտադրություն, փորկապություն: Բարձր չափաբաժիններով ընդունելու կամ ներերակային արագ ներարկման դեպքում հնարավոր է սրտի ռիթմի խանգարումներ զարգանան: Այնուամենայնիվ այս երևույթները, հատկապես նո-շպայի ընդունման դեպքում, բավականին հազվադեպ են դիտվում:

Եզրափակելով սպազմալիտիկների մասին խոսակցությունը՝ անհրաժեշտ է ապագա մայրիկներին զգուշացնել, որ չնայած այդ երկու դեղամիջոցները կարելի է գտնել ցանկացած դեղատանը (և դեղարկղում), այնուամենայնիվ պետք է խուսափել դրանցով ինքնաբուժումից՝ հատկապես հոդվածի սկզբում նկարագրված ախտանշանների ի հայտ գալու դեպքում:

Անպայման խորհրդակցեք բժշկի հետ։ Նա կընտրի համապատասխան չափաբաժինը և բուժման ժամկետները: Շատ հաճախ միայն պապավերինի կամ նո-շպայի ընդունմամբ բուժումը չի սահմանափակվում, պետք է հիշել, որ եթե ի հայտ է եկել արգանդի հիպերտոնուս, ապա միայն դեղամիջոցներ ընդունելը բավարար չէ, պահանջվում է նաև հետևել որոշակի կենսակերպի: Պետք է ձեզ և ձեր փոքրիկի համար ապահովել խնայող ռեժիմ՝ նվազեցնել ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածությունը, յուրացնել թուլանալու հնարքները, որոնք կենսականորեն անհրաժեշտ են հղի կնոջը, իսկ արգանդի տոնուսի բարձրացման ամենափոքր նշանների դեպքում՝ խորհրդակցել բժշկի հետ:

Որովայնի ստորին հատվածում անհարմարության առաջացման դեպքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հակացուցված են, ցանկալի է պառկել և հանգստանալ: Սեռական հարաբերությունը նույնպես ցանկալի չէ, քանի որ հեշտանքի ժամանակ տեղի է ունենում արգանդի կծկում, ինչը (բարձր տոնուսի դեպքում) կարող է վիժում հրահրել: Սովորաբար այս պարզ միջոցները բավական են, որպեսզի արգանդի տոնուսն իջնի, իսկ պապավերինը կամ նո-շպան կօգնեն ձեզ հասցնել հղիությունը նրա երկար սպասված ավարտին՝ ժամանակին ծննդաբերելով: