Վերոշպիրոն դեղամիջոցը գինեկոլոգիայում
Վերոշպիրոն դեղամիջոցը (սպիրոնոլակտոն) բժիշկներին վաղուց է հայտնի իր արդյունավետությամբ և դրական հատկություններով:
Դեղամիջոցի ներգործությունը
Վերոշպիրոնի հիմնական գործառույթը հյուսվածքներից հեղուկի դուրսբերումն է, այսինքն՝ միզամուղ ազդեցությունը: Սակայն ի տարբերություն նմանատիպ այլ միջոցների, այս դեղամիջոցն օրգանիզմից չի հեռացնում կալիումը, նատրիումը և քլորը, ընդհակառակը, նպաստում է վերջիններիս կուտակմանը:
Սա այս դեղամիջոցի հիմնական գործող նյութի և ալդոստերոն հորմոնի (արտազատում է մակերիկամների կեղևը) նմանության հետևանքն է: Կապվելով ալդոստերոնի ընկալիչների հետ՝ վերոշպիրոնը մեծացնում է մեզի հետ դուրս մղվող հեղուկի քանակը՝ միաժամանակ նվազեցնելով կալիումի հեռացումը, մեզի թթվայնությունը և դրանով իսկ կանխելով հյուսվածքների այտուցվածությունը: Սովորաբար ազդեցությունն ակնհայտ է դառնում բուժման 2-5-րդ օրը:
Բացի այդ վերոշպիրոնն օժտված է հակաանդրոգինային հատկությամբ և ճնշում է տեստոստերոնի դիհիդրատեստոստերոն հորմոնի վերամշակման արագությունը: Դա դրսևորվում է արական հորմոններ արտադրող օրգաններում, ինչպես նաև սեռական գեղձերում, մաշկում, մազի ֆոլիկուլներում՝ նպաստելով հիպերանդրոգենիա ունեցող կանանց մաշկային ծածկույթների մազակալման ինտենսիվության նվազմանը և նրանց ֆերտիլության բարձրացմանը: Ընդ որում՝ բուժման ընթացքում էնդոկրին համակարգի որևէ լուրջ կողմնակի ազդեցություն չի նկատվում:
Ցուցումները և հակացուցումները գինեկոլոգիայում կիրառման պարագայում
Գինեկոլոգիայում վերոշպիրոն է նշանակվում հետևյալ հիվանդությունների և վիճակների բուժման համալիր թերապիայի կազմում:
- Հիպերանդրոգենիա
- Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ
- Դաշտանային ցիկլի խանգարումներ
- Ավելորդ մազակալում՝ հիրսուտիզմ
- Հյուսվածքների այտուցվածություն հիպերտոնիային հետ համատեղ
- Կոսմետիկական խնդիրներ՝ առաջացած արական հորմոնների մեծ քանակության հետևանքով (յուղոտ մաշկ, մազաթափություն և այլն)
Այս դեղամիջոցը հակացուցված է՝
- հղիության և կրծքով կերակրման շրջանում,
- երիկամային ծանր անբավարարության դեպքում,
- Ադիսոնի հիվանդության ժամանակ,
- հիպերկալիեմիայի և հիպոնատրիեմիայի դեպքում,
- մանկական տարիքում (մինչև 3 տ.),
- բաղադրիչների նկատմամբ զգայունության պարագայում:
Պետք է զգույշ օգտագործել՝
- օրգանիզմում կալցիումի ավելցուկի,
- շաքարային դիաբետի,
- վիրաբուժական միջամտության նախապատրաստվելու,
- դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում,
- տարեց շրջանում,
- լյարդի հիվանդությունների պարագայում:
Վերոշպիրոնի օգտագործման առանձնահատկությունները և հնարավոր կողմնակի ազդեցությունները
Դեղամիջոցը երբեմն մի շարք կողմնակի ազդեցություններ է թողնում՝
- սրտխառնուք, փսխում, լուծ, որովայնի ցավ, փորկապություն,
- լյարդի աշխատանքի խանգարում,
- քնկոտություն, գլխացավ,
- ջրի և աղի փոխանակության խանգարում և լաբորատոր որոշ ցուցանիշների փոփոխություն,
- դաշտանային ցիկլի խանգարումներ, դաշտանի նմանվող արնահոսություններ,
- կաթնագեղձերի ցավ,
- ալերգիկ ռեակցիաներ, քոր,
- երիկամների աշխատանքի խանգարում:
Վերոշպիրոնի ընդունման շրջանում արգելվում է՝
- ոգելից խմիչքների օգտագործումը,
- բուժման սկզբում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք մեծ ուշադրություն են պահանջում, օրինակ՝ մեքենա վարելը,
- կալիումով հարուստ մթերքների օգտագործումը (բանան, նարինջ, թուրինջ, լոլիկ, ծիրան):
Դեղաքանակը, բուժման տևողությունը, ինչպես նաև դաշտանային ցիկլի փուլը որոշում է բժիշկը՝ ելնելով տվյալ կնոջ օրգանիզմի անհատական առանձնահատկություններից, հիվանդության տեսակից և ծանրության աստիճանից: