Դիսմենորեա (ցավոտ դաշտան) և օլիգոմենորեա (սակավ դաշտան)

Դիսմենորեա (ցավոտ դաշտան) և օլիգոմենորեա (սակավ դաշտան)

Դիսմենորեան հիվանդություն չէ, այլ համախտանիշ, որը ներառում է նյարդաներզատական, հոգեկան, զգայական շեղումներ և որոնք դիտվում են կանանց դաշտանի ընթացքում: Դրանք բոլորն զգալի չափով վատացնում են կյանքի որակը` պահանջելով բժշկի միջամտություն:

Տարբերում են առաջնային և երկրորդային կամ ձեռքբերովի դիսմենորեա:
Առաջնային դիսմենորեան գործառութային բնույթ ունի, քանզի սեռական օրգանների ախտահարում չկա: Զատում են կծկողական (սպաստիկ) դիսմենորեա, ինչը բավականին շատ է տարածված կանանց շրջանում և ենթադրում է ցավոտ դաշտան: Կծկողական դիսմենորեայով տառապում է երիտասարդ կանանց մոտավորապես 80%-ը, որոնցից 18%-ի շրջանում այն դրսևորվում է ծանր ձևով: Կծկողական դիսմենորեան ցուցում է դպրոցական և սպորտային պարապմունքներից ազատվելու համար: Սովորաբար այդպիսի դիսմենորեան զգալի թեթևանում է երեխա ունենալուց հետո, մինչդեռ աշխատանքային հաջողությունների ձգտելով` հղիությունը հետաձգելը կարող է լրջորեն խորացնել ցավերը:

Տարբերում են նաև օլիգոմենորեա (սակավ դաշտան), երբ դաշտանային ցիկլերի միջև ընդմիջումն ավելի քան 40 օրվա է հասնում: Դիտվում են դեպքեր, երբ միջդաշտանային ընդմիջումներն անկանոն են, և արյունահոսություն կարող է դիտվել տարին միայն մեկ անգամ: Նման դեպքերը հազվադեպ են` միայն մի քանի տոկոս, սակայն, այնուամենայնիվ, կան: Երկրորդային կամ ձեռքբերովի դիսմենորեան օրգանական է. այս դեպքում դաշտանային ցավերը կապված են գինեկոլոգիական որևէ հիվանդության կամ ախտահարման հետ:

Դիսմենորեայի նշանները

Դիսմենորեան յուրահատուկ է որովայնի ստորին մասերում սաստիկ ցավերով, որոնց հետևանքով օրգանիզմը կարող է մինչև իսկ հյուծվել: Ցավերը կծկող բնույթ ունեն կամ ճիգեր են հիշեցնում, կարող են լինել նաև տնքացող, նքոցանման, բութ: Այդպիսի ցավային զգացողությունն ուղեկցվում է զգայական-հոգեբանական դրսևորումներով` որպես ընկճախտ, դյուրագրգռություն, անքնություն կամ քնկոտություն, համի զգացողության խանգարում կամ անհագ ախորժակ: Կարող է ուղեկցվել սրտխառնոցով, փսխումով, վքնածությամբ, գլխացավերով, ուշագնացությամբ, հաճախակի միզարձակությամբ կամ այտուցներով, ինչպես նաև քրտնարտադրությամբ:

Սովորաբար նման ախտանիշներն ի հայտ են գալիս դաշտանի առաջին օրը կամ նախորդ օրը: Առաջնային դիսմենորեան ամեն կնոջ համար յուրովի դրսևորում ունի. մի շարք դեպքերում այն արտահայտվում է միայն ցավային զգացողությամբ, երբեմն էլ ցավերին միանում են ևս մի քանի ախտանիշներ, այդ թվում` սրտխառնոց, փսխում, գլխապտույտ կամ գլխացավ:

Համախտանիշը կարող է արտահայտվել երեք կերպ։ 

1. Մի ձևն այն է, երբ դիսմենորեան կնոջ կյանքը փոքր-ինչ անհարմար է դարձնում, քանզի ցավերը չափավոր են և ցավազրկողների օգնությամբ դյուրությամբ հաղթահարելի, թեև դա չի նշանակում, թե պետք է անուշադրության մատնել ու բժշկի չդիմել. ժամանակի հետ, միևնույնն է, ցավերը կսաստկանան, իսկ խնդիրն ավելի ևս կխորանա:


2. Մեկ այլ ձևի դեպքում դիսմենորեան արտահայտվում է ուժգին ցավերով, որոնց ավելանում է անքնությունը, տագնապը, փսխումն ու սրտխառնոցը: Իր հաճախականությամբ դիսմենորեայի այդ ձևը կանանց` նման վիճակների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում: Խնդիրը լուրջ սահմանափակումներ է մտցնում կանանց բնականոն կենսակերպում` ազդելով նրանց աշխատունակության վրա, հանգեցնելով ընկճախտի: Դիսմենորեայի այս ձևը թելադրում է դեղորայքային պատրաստուկների կիրառման անհրաժեշտություն:


3. Դիսմենորեայի ծանր ձևը մյուսներից քիչ է հանդիպում: Այս ձևին հատուկ են որովայնի ստորին մասերում, ինչպես նաև գոտկաշրջանում շատ ուժգին, անտանելի ցավերը, որոնց հաճախ միանում են սրտի շրջանի ցավերը, ուշագնացությունը, հաճախասրտությունը: Դիսմենորեայի ծանր ձևի դեպքեում սովորական ցավազրկողներն անզոր են, ուստի հարկ է բժշկի դիմել: Կծկողական դիսմենորեային հատուկ են ցավոտ կծկանքը, ծակող բնույթի ցավերը: Սովորաբար կանանց վիճակը վատանում է դաշտանի առաջին երկու օրը: Ցավերին սովորաբար միանում են ուշագնացությունը, սրտխառնոցը, դիտվում է նախադաշտանային համախտանիշ: Հիմնականում կանայք առաջին օրերն անկողնում են անցկացնում:

Օլիգոմենորեան (սակավ դաշտան) ենթադրում է դաշտանի հազվակիություն, բայց կան նաև ուրիշ նշաններ: Սովորաբար այս երևույթը հանդիպում է անպտուղ կանանց շրջանում: Սակավ դաշտանի դեպքում կանանց դեմքը, ինչպես նաև կուրծքն ու մեջքը պատվում է կորյակներով, խանգարվում է ճարպափոխանակությունը: Դեպքերի քառորդում, հորմոնների արտազատման խանգարումներով պայմանավորված, դիտվում է մազոտություն` առատ մազածածկ կրծքի, դեմքի, որովայնի, վերջույթների շրջանում:

Օլիգոմենորեան զուգորդվում է մարմնի զանգվածի ավելացմամբ, ինչպես նաև կմախքի ու մկանների`արական հատկանիշների ձևավորմամբ: Մարմնի վրա հաճախ կարմիր բծեր են հայտնվում, նվազում է սեռական հակումը: Հաճախ դիսմենորեան հանդիպում է այն կանանց ու աղջիկների շրջանում, ովքեր երկար ժամանակ գտնվում են հարկադրական կանգնած դիրքում` սպորտով զբաղվելիս կամ աշխատանքի բերումով, որն ուղեկցվում է նյարդային լարվածությամբ, ուշադրության կենտրոնացմամբ: Դիսմենորեան հետազոտողները հակված են նաև ժառանգական գործոնների որոշակի դերակատարման կողմը: Դիսմենորեայի առաջացման գործում կարող են ազդել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք տարած վարակիչ հիվանդություններն են, գերտաքացումը կամ մրսածությունը: Դիսմենորեան հաճախ է հանդիպում գեր կանանց շրջանում:

Դիսմենորեայի բուժումը

Դիսմենորեան բուժելու նպատակով կիրառելի են դեղամիջոցներ, ֆիզիոլոգիական ու հոգեբանական ազդեցություններ: Կարևոր է պատճառը` գինեկոլոգիական ախտահարումը վերացնելը: Հոգեբանական ներգործությունն ուղղված է հերթական դաշտանի ժամանակ սպասվող ցավերի հանդեպ վախի վերացմանը: Այդ նպատակի համար ցուցված են տրանկվիլիզատորներն ու հակադեպրեսանտները` նյարդաբանի նշանակմամբ: Ֆիզիոթերապիան նախատեսում է հանքաջրաբուժություն, գալվանական օձիք, սինուսոիդային հոսանք:

Դիսմենորեայի նշանները թեթևացնելու համար հաճախ կիրառվում է ասեղնաբուժությունը: Դեղորայքից օգտագործվում են ոչ ստերոիդային հակաբորբոքիչները, ինչպես նաև հեստագենները և օժանդակ միջոցները (վիտամիններ, հակասպազմատկներ): Նշանակվում է Մագնե-6: Օլիգոմենորեայի բուժման միջոցները նշանակվում են բացառապես բժշկի կողմից` ուղղված ձվազատման արհեստական դրդմանը:

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարություն (ՁՎԱ)

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը…

Ցիստիտ

Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է…

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցում (արգանդի պրոլապս)

Արգանդի իջեցումը (արգանդի պրոլապս) առաջանում է…

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցում

Ձվաբջիջների սառեցումը (oocyte cryopreservation) ժամանակակից …