Ֆիզիոթերապիան գինեկոլոգիայում

26.05.20147023

Ֆիզիոթերապիան գինեկոլոգիական խնդիրների կանխարգելման և բուժման կարևորագույն բաղադրիչն է և բնութագրվում է առավելագույն արդյունավետությամբ ու նվազագույն վնասակարությամբ, ինչը թույլ է տալիս այն կիրառել ինչպես ապաքինման առաջնային, այնպես էլ որպես երկրորդային եղանակ:

Որո՞նք են այս մեթոդի առավելությունները

Գինեկոլոգիական շատ խնդիրներ հարուցվում են փոքր կոնքի օրգաններում լճացած երևույթների պատճառով, ինչն զգալիորեն դժվարացնում է դրանց գործառույթների վերականգնման և բուժման ընթացքը: Բացի այդ, նմանատիպ խնդիրները վերացնելու հարցում միայն դեղորայքի օգտագործումը բավական չէ, այդ պատճառով էլ ֆիզիկական գործոնները միակն են, որոնք կարող են այս պարագայում իսկապես օգնել:

Ֆիզիոթերապիան խթանող և մարզող, ընդհանուր առմամբ բարենպաստ ազդեցություն է գործում կնոջ օրգանիզմի վրա: 

  • Գինեկոլոգիայում ֆիզիոթերապիայի կիրառումն օգնում է վերացնել կամ նվազեցնել ցավերը
  • Վերականգնում է օրգանների գործունեությունը 
  • Նվազեցնում է բորբոքային պրոցեսների ակտիվությունը 
  • Օրգաններում և հյուսվածքներում բարելավում է արյան շրջանառությունը, ինչպես նաև լիմֆաշրջանառությունը 
  • Արագացնում է հյուսվածքների վերականգնումը 
  • Բարելավում է հյուսվածքային նյութափոխանակությունը 
  • Վերականգնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը

Բացի այս, ֆիզիկական գործոնների օգնությամբ կատարվող բուժումը.

  • Թույլ է տալիս զգալիորեն կրճատել վերականգնման տևողությունը 
  • Կրկնվող երևույթների և բարդությունների կանխարգելման հրաշալի միջոց է 
  • Լավ համատեղելի է դեղորայքի ընդունման և այլ միջամտությունների հետ 
  • Թույլ է տալիս նվազեցնել դեղորայքի ճնշումն օրգանիզմի վրա և խուսափել կողմնակի ազդեցություններից կամ էլ առհասարակ խուսափել դեղերի ընդունումից 
  • Ազդեցությունը պահպանվում է երկար ժամանակ՝ մի քանի շաբաթից մինչև կես տարի

Ո՞ր գործոններն են դասվում ֆիզիոթերապևտիկների շարքը

Գինեկոլոգիական հիվանդությունների բուժման հարցում կիրառվում են ֆիզիկական գործոնների հետևյալ հիմնական խմբերը.

Բնական

Բուժական այս մեթոդները հիմնված են հանքային ջրերի և բուժիչ ցեխերի կիրառման վրա: Վերջիններս մեծաքանակ կենսաբանորեն ակտիվ նյութեր են պարունակում, որոնք օրգանիզմի վրա թողնում են խթանող և ընդհանուր վերականգնիչ ազդեցություն: Գործնականում նմանատիպ բուժումից հետո բոլոր դեպքերում բարելավվում կամ վերջնականապես բուժվում են կանանց հիվանդություններից շատերը:

Ջերմային

Ջերմային մեթոդները ներառում են պարաֆինային բուժում և օզոկերիտոթերապիա, որոնք խթանում են ձվարաններում էստրոգենի արտադրմանը, ունեն հակաբորբոքային և ներծծող ազդեցություն:

Հատուկ սարքեր

Ժամանակակից գինեկոլոգիայում կիրառվում են.

  • Մագնիսաթերապիան (ունի հակաբորբոքային ազդեցություն, հաճախ կիրառվում է վիրահատություններից հետո) 
  • Էլեկտրաթերապիա (բարելաում է արյան շրջանառությունը, ցավազրկում է, վերացնում է մկանային և անոթային սպազմները) 
  • Ուլտրաձայնային թերապիա (ցավազրկում է, փափկեցնում է կպումները, խթանում է հորմոնների արտադրությունը, լավացնում է արյան շրջանառությունը) 
  • Ֆոտոթերապիա (ինֆրակարմիր և լազերային ճառառագայթներն արգանդի և ձվարանների վրա թողնում են հակաբորբոքային, ամրացնող ազդեցություն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթները մանրէազերծող ազդեցությամբ են օժտված և կիրառվում են արտաքին սեռական օրգանների ու հեշտոցի բորբոքումների բուժման համար) 

Ֆիզիոթերապևտիկ բուժման արդյունքը կախված է գործոնի տեսակից, միջամտության քանակից և չափաբաժնից: Սովորաբար օպտիմալ արդյունքն զգացվում է բուժման մի քանի կուրս անցնելուց հետո:

Ցուցումներ և հակացուցումներ

Ֆիզիոթերապիան ցուցված է հետևյալ վիճակների և հիվանդությունների դեպքում.

  • Մագնիսաթերապիայի միջոցով վերականգնում վիրահատական միջամտությունից հետո, ինչպես նաև աբորտից և արգանդի քերումից հետո
  • Անպտղություն
  • Արգանդի քրոնիկական բորբոքումներ 
  • Կպումներ 
  • Դաշտանային ցիկլի խանգարում 
  • Հորմոնային համակարգի խանգարում 
  • Կոնքի քրոնիկական ցավ 
  • ԱՄԲ-ից առաջ էնդոմետրիումի նախապատրաստում 
  • Վիժում կամ մեռելածնություն ունեցած կնոջ վերականգնում կամ նախապատրաստում հղիությանը

Բացի այդ, այսպիսի բուժում է անցկացվում.

  • Հղիության ընթացքում արգանդի տոնուսը նվազեցնելու նպատակով, թունավոր հղիության դեպքում կամ մոր օրգանիզմ որոշ դեղերի ներմուծման համար՝ պտղի վրա դրանց անբարենպաստ ազդեցությունը նվազեցնելու նատակով 
  • Հետծննդաբերական շրջանում բարդությունների առաջացումը կանխելու համար 
  • Կարերի ապաքինման
  • Կրծքի պտուկների ցավոտ ճաքերի, լակտոստազի, մաստիտի կանխարգելման և բուժման համար (այս նպատակով հաճախ կիրառվում է ուլտրաձայնային թերապիան)

Հակացուցումներն են.

  • Օնկոլոգիական հիվանդություններ 
  • Սուր հիվանդություններ և սրված քրոնիկական բորբոքումներ 
  • Սուր երիկամային կամ լյարդային անբավարարություն 
  • Արյան շրջանառության սուր խանգարում 
  • Արգանդային արյունահոսություն 
  • Ձվարանների և արգանդի ուռուցք 
  • Սեռական օրգանների տուբերկուլյոզ 
  • Թարախային հիվանդություններ 
  • Կոնդիլոմաներ, դիսպլազիաներ, լեյկոպլակիաներ

Պետք է նշել, սակայն, որ որոշ հակացուցումների առկայության դեպքում անգամ բժիշկը կարող է ֆիզիոթերապիայի այս կամ այն մեթոդը նշանակել՝ ելնելով անհատական մոտեցումից:

Միջամտության առանձնահատկությունները

Ֆիզիոթերապիայի ժամանակակից մեթոդները կիրառվում են ինչպես արտախոռոչային եղանակով (ներգործություն մաշկային ծածկույթների վրա), այնպես էլ ներխոռոչային եղանակով (հեշտոցային և հետանցքային): Ընդ որում՝ վերջինս շատ ավելի արդյունավետ է գործում:

Հրատապ ցուցման բացակայության դեպքում գինեկոլոգոգիական հիվանդությունների բուժումն սկսում են դաշտանային ցիկլից 5-7 օր առաջ: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ միջամտությունը, համընկնելով ձվազատման հետ, հաճախ հանգեցնում է օրգանիզմի անցանկալի ռեակցիաների, իսկ դաշտանի ընթացքում կատարվող թերապիան ուժգնացնում է արյունահոսությունը:

Ֆիզիոթերապիան անցկացվում է միզապարկի դատարկումից հետո, այնուհետև հարկ է լինում սեանսին հաջորդող 20-30 րոպեն անցկացնել սենյակում: Բացի այդ, բուժման ընթացքում պետք է խուսափել մրսելուց:

Ինչպես փորձն է ցույց տալիս, բուժիչ ֆիզիկական գործոնները, որոնք կիրառվում են մանկաբարձական և գինեկոլոգիական համալիր բուժման մեջ, օգնում են կանանց բարելավել և պահպանել վերարտադրողական առողջությունը: