Ձվազատումը խթանող դեղամիջոցներ
Անպտղություն ունեցող բազմաթիվ կանանց նշանակվում է կլոմիֆեն դեղամիջոցը, որը բարձրացնում է կանոնավոր ձվազատման հավանականությունը: Կլոմիֆենով բուժումը շատ տարածված է, այն վերարտադրողական համակարգի վերականգնման փորձված միջոցներից մեկն է:
Ու՞մ է նշանակվում կլոմիֆենով բուժում
Կլոմիֆենով բուժումը համապատասխանում է այն կանանց, ում դաշտանն անկանոն է, ով ունի ձվարանի պոլիկիստոզ և այլն: Կլոմիֆենն օգտագործում են նաև այն դեպքերում, երբ բացահայտված չեն անպտղության պատճառները:
Ինչպե՞ս է գործում կլոմիֆենը
Ակտիվ բաղադրիչը կլոմիֆեն ցիտրատն է: Հակաէստրոգենային դեղամիջոց է, որը կիրառվում է հաբերի տեսքով: Դրա գործունեությունը հիմնված է երկու հորմոնների մակարդակի բարձրացման վրա, որոնք խթանում են ձվարանները և նպաստում ձվաբջջի ազատմանը: Այն հիպոֆիզին հրաման է տալիս ավելի շատ վերարտադրել այդ հորմոնները, որոնք առաջացնում են ձվազատում: Ֆոլիկուլախթանիչ հորմոնը ձվարաններին ստիպում է պատրաստել մի քանի հասուն ձվաբջիջ: Այնուհետև դեղամիջոցի ընդունման ցիկլի ավարտից հետո հիպոթալամուսն սկսում է արտադրել լյուտեինիզացնող հորմոն: Վերջինս հաղորդում է ձվարաններին, որ ժամանակն է ֆոլիկուլից ազատելու ձվաբջիջը և ուղղելու այն դեպի ֆալոպյան փողեր: Այս գործընթացը կոչվում է ձվազատում:
Որքա՞ն է տևում այս բուժումը
Կլոմիֆենն սկսում են ընդունել դաշտանային ցիկլի 3-րդ կամ 5-րդ օրից սկսած մոտ 5 օր: Սովորաբար դեղահաբի ընդունումից 5-9 օր անց սկսվում է ձվազատումը: Բժիշկը սովորաբար վերահսկում է բուժման առաջին ցիկլը ՈՒՁ հետազոտությամբ, որպեսզի համոզվի, որ ձվարաններում հասունանում են ֆոլիկուլներ, և ձվաբջիջը դուրս է գալիս: Կանանց մեծամասնությունն անցնում է կլոմիֆենով բուժման առավելագույնը 3-6 փուլ: Սովորաբար մեկ-երկու փուլը բավական է լինում ձվազատման կարգավորման համար: Եթե վեց ամիս անց բուժման հաջողության ապացույց չկա, բժիշկը հավանաբար կքննարկի ձեզ հետ բուժման այլ տարբերակներ:
Այնուամենայնիվ խորհուրդ է տրվում բուժման կուրսը ընդմիջումներով շարունակել մինչև 12 փուլ, քանի որ ձվազատման վերսկսման մեծ հավանականություն կա այդքան երկարատև շարունակական թերապիայի պարագայում: Ձվարանի պոլիկիստոզի համախտանիշ (ՁՊՀ) ունեցող կանանց համար այս բուժումը կարող է արդյունավետ չլինել, քանի որ ՁՊՀ կանանց 15 % - 40 %-ի օրգանիզմը կայուն է կլոմիֆենի նկատմամբ: Այս կայունությունը հաճախ է հանդիպում այն կանանց շրջանում, ում մոտ մարմնի զանգվածի ինդեքսը(ՄԶԻ) բարձր է 25-ից: Այս դեպքում մարմնի զանգվածի փոքր՝ 5 %, կորուստը կարող է օգնել բարձրացնել ձվազատման հավանականությունը:
Ձեր բժիշկը կարող է նաև նշանակել մետֆորմին, որը բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունությունը: Մետֆորմինը կարող է օգնել ձեզ պատասխանել կլոմիֆենի փոխազդեցությանը: Ապացուցվել է, որ այն բարձրացնում է ձվազատման և բեղմնավորման հավանականությունը:
Ին՞չ այլ դեպքերում կարող է նշանակվել կլոմիֆեն
Կլոմիֆենը և ձվազատումը խթանող այլ դեղամիջոցներ նշանակվում են անպտղության բուժման կուրսից առաջ, օրինակ՝ ԱՄԲ-ից առաջ, որպեսզի խթանեն ձվաբջիջների արտադրությունը, որոնք անհրաժեշտ են այդ գործընթացի իրականացման համար: Կլոմիֆենը կարող է նաև որոշ դեպքերում օգնել տղամարդկանց սերմի ցածր մակարդակի կամ սպերմատոզոիդների անբավարար շարժունակության պատճառով առաջացած հորմոնալ բալանսի խախտման դեպքում:
Կա՞ն արդյոք կողմնակի ազդեցություններ
Ձվազատումը խթանող դեղամիջոցները կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ՝ ներառյալ տրամադրության անկում, ձվարանների չափերի մեծացում, գերխթանման համախտանիշ, ցավ որովայնում, կաթնագեղձերում, անքնություն, սրտխառնոց և փսխում, տեսողության սրության կորուստ, հոգնածություն, դյուրազգացություն, դեպրեսիա, քաշի ավելացում և ավելի հազվադեպ դեպքերում՝ ձվարանի կիստա: Բացի այդ, կլոմիֆենի ընդունումը կարող է առաջացնել ցերվիկալ ուղու լորձի խտացում, այդ պատճառով հնարավոր է ցանկանաք օգտագործել սերմնահեղուկի վրա չեզոք ազդեցությամբ հեշտոցային լուբրիկանտներ (խոնավացնող քսուք):
Այն կանանց մոտ, ովքեր կլոմիֆենն ընդունում են ձվազատումը խթանող այլ դեղորայքի, օրինակ՝ մարդու դաշտանադադարային գոնադոտրոպինի (ՄԴԳ) հետ, երբեմն զարգանում է ձվարանի գերխթանման համախտանիշ (հիպերստիմուլյացիա): Այդուհանդերձ, միայն կլոմիֆենի ընդունման պարագայում այս բարդությունը հազվադեպ է հանդիպում: Ձվարանի գերխթանումը լուրջ վիճակ է, որի մասին կարող են հուշել քաշի ավելացումը և փքվածության, հագեցածության զգացումը: Դա զարգանում է այն դեպքում, երբ դուք չափազանց լավ եք արձագանքում դեղամիջոցներին և արտադրվում են չափազանց շատ ձվաբջիջներ: Սովորաբար խնդիրը լուծվում է ինքնաբերաբար՝ բժշկի մանրակրկիտ վերահսկողությամբ, բայց այնուամենայնիվ այս հիվանդությունը հազվադեպ կարող է կյանքի համար վտանգ ներկայացնել:
Որքա՞ն է հաջողության հավանականությունը
Զույգերից շատերին հետաքրքրում է բուժման հաջողության երկու հարց՝ ձվազատման և հղիության հավանականությունը: Ձվազատումը խթանող դեղամիջոցները բավականին արդյունավետ են: Դրանց ընդունման ֆոնի վրա կանանց 70 %-ն ունենում է ձվազատում, ընդ որում՝ բուժման հենց առաջին եռամսյակում: Իսկ նրանցից 15 %-50 %-ին հաջողվում է հղիանալ: Բուժման հաջողության նման ցուցանիշները պայմանավորված են մնացած բոլոր գործոնների ազդեցությամբ՝ ներառյալ սեռական կյանքի ժամանակահատվածի ընտրությունը՝ դաշտանային ցիկլի փուլերին համապատասխան, ինչպես նաև ձեր տարիքն ու քաշը և զուգընկերոջ սպերմատոզոիդների ակտիվությունը:
Ին՞չ է անհրաժեշտ իմանալ այս դեղամիջոցների մասին
Կա մի տեսություն, համաձայն որի տվյալ դեղամիջոցի հակաէստրոգենային ազդեցությունը բարձրացնում է վիժելու հավանականությունը: Հետազոտություններից մեկի արդյունքները ցույց տվեցին, որ վիժման հավանականությունը կազմում է 13-25 %, այնինչ ենթադրվում էր, որ անպտղության բուժում չանցած զույգերն ունեն նույն տոկոսային հավանականությունը: Գոյություն ունեն շատ քիչ տվյալներ ձվազատումը խթանող դեղամիջոցներով բուժումից հետո մասնավորապես առողջ երեխաների լույս աշխարհ գալու մասին, քանի որ մասնագետների մեծ մասը գլխավորապես հետաքրքրված է ձվազատման և հղիության հաջողման ցուցանիշների հետազոտությամբ: Ձվազատման խթանմանն ուղղված դեղամիջոցնորը կարող են հանգեցնել մեկից ավելի ձվաբջիջների հասունացմանը և ազատմանը, ինչը բարձրացնում է բազմապտուղ հղիության հավանականությունը: Կլոմիֆեն ընդունող կանանց երկվորյակներ ունենալու հավանականությունը կազմում է 7 %, իսկ եռյակ ունենալու հավանակնությունը՝ 0,5 %: