Վերականգնումը ծննդաբերությունից հետո
Ոչ միշտ է ծննդաբերությունից հետո գեղեցկությունը վերադառնում: Երբեմն հղիությունից հետո խնդիրներ են մնում, որոնք անհանգստացնում են երիտասարդ մայրերին. ավելորդ քաշ, կախ ընկած որովայն, պիգմենտային բծեր, հղիության զոլեր կամ վարիկոզային աստղիկներ: Այս բոլոր խնդիրներն էլ լուծելի են: Անդրադառնանք դրանց առանձին-առանձին:
Ավելորդ քաշ
Կանանցից շատերը կրծքով կերակրման շրջանում ոչ թե նիհարում են, այլ գիրանում՝ դա արդարացնելով այն բանով, թե սնունդը երեխային է անհրաժեշտ: Իսկապես, ձեր մեծ ախորժակն ապացուցում է, որ երեխան «խմում» է կալորիաներով հագեցած ձեր բոլոր ճաշերն ու ընթրիքները: Նա ստանում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իր աճի համար, իսկ դուք հանգիստ շարունակում եք ճարպ կուտակել: Ինչու՞ է այդպես լինում: Որովհետև պարտադիր չէ շատ ուտել, գլխավորը որակյալ և առողջ սնունդ ուտելն է: Ճիշտ սննդակարգի դեպքում դուք ոչ միայն չեք գիրանա, այլև կնիհարեք ոչ ի վնաս երեխայի. չէ՞ որ կրծքով կերակրումն ավելի մեծ էներգիա է խլում, քան հղիությունը: Այժմ ձեր օրգանիզմին օրական սովորականից 500 կալորիա ավել է պետք: Այդ պատճառով էլ բավարար քանակով կալորիաներ ընդունեք, բայց խուսափեք դատարկ՝ առանց սպիտակուցների, վիտամինների և հանքանյութերի սննդամթերքներից: Շատ հեղուկ խմեք: Այն կօգնի բթացնել քաղցի զգացումը, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում ուտելուց առաջ կում-կում մեկ բաժակ հանքային ջուր խմել: Փորձեք օրվա ընթացքում մի քանի անգամ ուտել՝ փոքր չափաբաժիններով, և որպեսզի գիշերը քաղցի զգացում չունենաք, քնելուց առաջ մեկ բաժակ կեֆիր կամ կաթ խմեք:
Ձգտելով նիհարել՝ մի չափազանցրեք ֆիզկուլտուրայի դերը, հատկապես, եթե կեսարյան հատմամբ եք ծննդաբերել: Խուսափեք փորի հատվածում լարվածություն առաջացնող բոլոր տեսակի գործերից: Եթե ծննդաբերությունը բնական ճանապարհով է կատարվել և առանց բարդությունների, կարելի է ծննդաբերությունից մեկ շաբաթ անց սկսել պարզագույն վարժություններ անել: Կարելի է նաև Կեգելի վարժություններն անել՝ հեշտոցի մկանների լարում և թուլացում:
Նիհարելու հարցում կօգնի նաև ձեր երեխան, եթե հաճախակի գրկեք նրան և քայլեք: Սա հրաշալի մարզանք է ձեռքերի մկանների համար: Հրաշալի նախավարժանք կարող է լինել մանկասայլակով զբոսանքը:
Կախ ընկած որովայն
Հղիության ընթացքում որովայնի առաջնային պատը խիստ ձգվում է, իսկ ծննդաբերությունից հետո կախ ընկնում: Որպեսզի այդպես չլինի, անհրաժեշտ է որոշակի վարժություններ անել: Եթե չեք արել, հոգ չէ, փորի մկանների ձգման հատուկ վարժությունների միջոցով արագ կվերականգնեք նախկին տեսքը:
Արյան շրջանառության բարելավման համար օգտակար է լոգանքի ժամանակ սառը կամ կոնտրաստային ջրով մերսումը՝ ժամացույցի սլաքի ուղությամբ, ամեն օր, 10-15 րոպե: Կարելի նաև օգտագործել կոսմետիկ միջոցներ, որոնք շատ են այսօր: Դրանցից են առաձգականությունն ու ձգությունը պահող մարմնի քսուքներն ու լոսյոնները:
Պիգմենտային բծեր
Հղիության երկրորդ կեսում ի հայտ եկող պիգմենտային բծերը երբեմն անհանգստացնում են կանանց: Դրանք լինում են ոչ միայն դեմքի վրա, այլև մարմնի և սովորաբար անհետանում են ծննդաբերությունից հետո 3-4 ամսվա ընթացքում: Պիգմենտային բծերն առաջանում են հորմոնային փոփոխությունների հետևանքով, ավելի կոնկրետ՝ նպաստում է հատուկ հորմոնի ակտիվացումը, որն ազդում է մելանինի ձևավորման վրա: Որպեսզի դրանք արագ անհետանան, կարող եք հատուկ դիմակներ օգտագործել: Բացի այդ, գոյություն ունեն գունային հետքերն անցկացնելու այլ կոսմետիկ միջոցներ, օգնում են նաև պեպենների դեմ քսուքները: Չանցնելու դեպքում կարելի է դիմել ուլտրաձայնային մաքրման:
Հղիազոլեր (ստրիաներ)
Զոլերը ծննդաբերության անբաժան ուղեկիցներն են: Դրանք մնում են որովայնի և ազդրերին: Եթե բաց գույնի մաշկ ունեք և զոլերը նկատելի չեն, ապա կարող եք հեշտությամբ վերացնել դրանք կոլագեն և А ու Е վիտամին պարունակող հատուկ քսուքներով, իսկ ոչ շատ մեծ զոլերը՝ կոսմետիկ կենտրոններում կատարվող հատուկ միջամտություններով:
Երակների վարիկոզային լայնացում
Շատ կանանց ոտքերի վրա ծննդաբերությունից հետո անոթային աստղիկներ են հայտնվում, որոնք վարիկոզային լայնացման նշաններ են: Վառ արտահայտված վարիկոզ են ունենում հատկապես երկվորյակ լույս աշխարհ բերած կանայք: Այս հիվանդության հետքերը վերացնելու նպատակով ծննդաբերությանը հաջորդող 6 ամսվա ընթացքում կարող եք հատուկ հակավարիկոզային քսուքներ և բուժական զուգագուլպաներ օգտագործել: Այս միջոցները հաճախ նշանակում է բժիշկը:
Գոյություն ունեն նաև վարիկոզի բուժման վիրահատական մեթոդներ, որոնք կիրառվում են միայն լակտացիայից հետո, իսկ եթե չեք կերակրում երեխային՝ ծննդաբերությունից հետո 3 ամսից ոչ շուտ: Բուժման վիրահատական մեթոդի ընտրությունը կախված է լայնացած երակների ձափից: Փոքր երակներն աննկատելի են դարձնում հատուկ ներարկումների միջոցով: Առավել լուրջ դեպքերում վարիկոզային երակները հեռացնում են: Պետք չէ թույլ տալ, որ բանը հասնի վիրահատության: Ավելի լավ է կանխարգելել երակների լայնացումը՝ հղիության ընթացքում կատարելով հատուկ պահանջները, սակայն ծննդաբերությունից հետո էլ ամեն բան կորած չէ: Երակների լայնացման հակում ունեցող կանանց համար օգտակար է «Հեծանիվ» վարժությունը. մեջքի վրա պառկելով պետք է շարժել ոտքերը հեծանիվ քշելու նման: Այս վարժությունը պետք է կատարել ամեն օր, գոնե 20 անգամ, բայց ծննդաբերությունից հետո 2 ամսից ոչ շուտ:
Ինչպես տեսնում եք, չկան անելանելի իրավիճակներ: Կարևոր է, որ կարողանաք ճիշտ կազմակերպել ձեր օրվա ռեժիմը, երեխայի խնամքով տարված չմոռանաք ձեր մասին և փորձեք այնպես անել, որ լավ լինի բոլորի համար: Իհարկե, ամեն բան միանգամից չի հաջողվի, բայց աստիճանաբար կսովորեք հիանալի մայր և անկրկնելի կին լինել: Համբերատար եղեք, թույլ մի տվեք ձեզ անհանգստանալ և հանգստությունը փնտրել սառնարանում: Ավելի լավ է նայեք ձեր հրաշք փոքրիկին և վայելեք երջանկությունը: