Հղիության ընթացքում քաշի ավելացման բնական չափը
Ձվաբջջի բեղմնավորումից հետո առաջին իսկ շաբաթների ընթացքում ապագա մայրիկի օրգանիզմն սկսում է ակտիվորեն պատրաստվել պտղին կրելուն և ծննդաբերությանը: Առաջին հերթին մեծանում է այսպես կոչված հղիության հորմոնի՝ պրոգեստերոնի մակարդակը, որը նպաստում է արգանդի ներքին շերտի հաստացմանը, օրգանիզմում հեղուկի և սննդանյութերի կուտակմանը, կաթնագեղձերի աճին: Այդ ամենը, ինչպես նաև հենց պտղի աճը, հանգեցնում է հղիության ընթացքում կնոջ ընդհանուր քաշի ավելացման:
Հղիության 9 ամիսների ընթացքում կինը գիրանում է միջինում 9-14 կգ-ով, իսկ նորածնի քաշը մոտավորապես 2-4 կգ է կազմում: Մյուս կիլոգրամները ավելացած արյան, պտղաջրերի, ընկերքի, արգանդի մեծացման հաշվին են: 3.5 կիլոգրամը պտղի քաշն է, մինչև 1կգ պտղաջրի զանգվածն է, մոտ 0.7 կգ՝ ընկերքի զանգվածը և 1.3 կգ՝ լրացուցիչ արյան ծավալը, որի մի մասը դուրս է գալիս ծննդաբերության ժամանակ: Այդ պատճառով երեխայի լույս աշխարհ գալուց կինը կորցնում է մոտ 6.5 կգ քաշ, իսկ մյուս կիլոգրամները կորցնում է ծննդաբերությունից հետո և երեխային կրծքով կերակրելու ընթացքում:
Հղիության ընթացքում կաթնագեղձերի զանգվածն ավելանում է մոտ 0.4 կգ, արգանդի զանգվածը՝ 1կգ, արտաբջջային հեղուկի զանգվածը՝ 1.5-4.5 կգ, իսկ ճարպաշերտի տեսքով կուտակվող սննդանյութերի զանգվածը մարմնի նորմալ քաշի դեպքում ավելանում է ընդամենը 3.5 կգ: Այդպիսով մարմնի քաշի ավելացումը գլխավորապես տեղի է ունենում հյուսվածքների մեծացման հաշվին, ինչը նպաստում է առողջ երեխա կրելուն և ծննդաբերության բարեհաջող ելքին: Այդ պատճառով էլ առողջ կինը, ով հղիության ընթացքում իր քաշը պահպանում է նորմայի սահմաններում, ծննդաբերությունից ընդամենը մի քանի շաբաթ անց հեշտությամբ վերականգնում է իր կազմվածքը և նախկինում ունեցած մարմնի քաշը:
Կարիք կա՞ քաշը վերահսկելու
Ապագա փոքրիկի և հենց կնոջ առողջությունը, ինչպես նաև ծննդաբերության բարենպաստ ելքն անմիջականորեն կախված են այն բանից, թե պտղի ներարգանդային զարգացման ընթացքում ապագա մայրիկը որքան լրացուցիչ կիլոգրամներ կկուտակի: Այդ պատճառով էլ քաշն անհրաժեշտ է վերահսկել և դա պետք է կատարել հղիության առաջին շաբաթներից սկսած մինչև ծննդաբերություն: Մարմնի նորմալ զանգվածով կնոջ համար հղիության առաջին եռամսյակում քաշի ավելացումը նորմայում կազմում է 300գ ամսական, հղիության 4-5-րդ ամիսներին՝ 400գ, 6-8-րդ ամիսներին՝ մոտ 500 գ ամսական, և միայն հղիության վերջին ամսին կարող է 600գ-ի սահմաններում քաշի ավելացում դիտվել, որը կապված է ծննդաբերությանը նախապատրաստվելու համար օրգանիզմում հեղուկի մակարդակի ակտիվ բարձացման հետ:
Մարմնի ցածր զանգվածով կանայք հղիության ընթացքում կարող են մի փոքր գիրանալ, ինչը տեղի է ունենում ճարպահյուսվածքի տեսքով սննդանյութերի պաշարների ավելացման հետևանքով: Այնպես որ նիհար կնոջ համար քաշի ամսական ավելացումները կարող են մի փոքր ավել լինել: Իսկ ահա ավելի գեր կանայք, ընդհակառակը, հղիության ընթացքում պետք է ավելի քիչ լրացուցիչ քաշ հավաքեն՝ պտղին սննդանյութեր մատակարարելով իրենց սեփական պաշարներից: Ծննդաբերության բարենպաստ ելքն ավելի հավանական է նորմալ քաշով կանանց դեպքում, այդ պատճառով ավելի գեր կանայք, հղիության ընթացքում իրենց իրական քաշը նվազեցնելով, ինքնուրույն և առանց բարդությունների առողջ երեխա լույս աշխարհ բերելու լրացուցիչ հնարավորություն ձեռք կբերեն:
Եթե քաշն արագորեն է ավելանում
Կնոջ քաշն սկսում է ավելանալ բեղմնավորման գրեթե հենց սկզբից: Պրոգեստերոնի մակարդակի կտրուկ բարձրացումը խթանում է արգանդի աճը, կաթնագեղձերի մեծացումը, ճարպաշերտի առաջացումը, մի խոսքով՝ խթանում է պտղի աճի ու զարգացմանն անհրաժեշտ հյուսվածքների զարգացումը և ակտիվորեն նախապատրաստում է օրգանիզմը ծննդաբերության: Եթե հղիության ընթացքում քաշի ավելացումը քիչ է, դա խոսում է նորմալ զարգացող հղիության մասին: Իսկ արագ և մեծ քանակությամբ քաշի ավելացումը վկայում է մայրական օրգանիզմում առկա բազմաթիվ խանգարումների մասին, որոնք կարող են նույնիսկ հանգեցնել պտղի համար տհաճ հետևանքների: Այդ պատճառով էլ այդքան կարևոր է, որ հղիության ընթացքում քաշի ավելացման ցուցանիշները պահպանեք նորմայում, ինչը էականորեն կհեշտացնի հնարավոր խանգարումների ախտորոշման գործընթացը:
Յուրաքանչյուր օրգանիզմ յուրահատուկ է, և հղի կանանց քաշի ավելացումն էլ տարբեր կերպ է տեղի ունենում: Հղիության առաջին եռամսյակում որոշ հղի կանայք նկատում են ոչ թե քաշի ավելացում, այլ հակառակը՝ նվազում, ընդ որում՝ բավականին նորմալ սննդակարգի պայմաններում: Որոշներն էլ արագորեն քաշ են հավաքում հղիության առաջին շաբաթներից սկսած: Մարմնի զանգվածի ավելացման անհատական ցուցանիշները կարող են տարբերվել, սակայն լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների և նորմալ ինքնազգացողության պարագայում դրանք այնքան կարևոր չեն:
Հղի կնոջ սնունդը պետք է լինի բազմազան, այսինքն՝ չի կարելի քաշի ավելացմանը նպաստող այս կամ այն ուտեստները հանել սննդակարգից, եթե նույնիսկ քաշի ավելացումը գերակշռում է նորման: Գլխավոր կանոնը ուտելիքը չչարաշահելն է, բազմատեսակ սնունդ ընդունելը և որոշակի մթերքների սահմանափակումը, այլ ոչ թե դրանց բացառումը: Եթե այնուամենայնիվ քաշի ավելցուկ կա, ապա անհրաժեշտ է սահմանափակել ընդունվող սննդի քանակը, այլ ոչ թե որակը և անել դա աստիճանաբար: Ապագա մայրիկը չպետք է սնվի «երկուսի համար» կամ հատուկ դիետաների հետևի և քաղցած մնա:
Հղիության ընթացքում բազմատեսակ սննդի փոքր քանակությամբ և հաճախակի ընդունումը, բավարար քանակությամբ հեղուկների օգտագործումը և չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունը առողջ ապրելակերպի, ապագա մայրիկի և նրա փոքրիկի առողջության գլխավոր գրավականն են:
Եթե քաշը նվազում է
Ինչպես արդեն նշվեց, հղիության ընթացքում կնոջ քաշը պետք է ավելանա աստիճանաբար և նորմայի որոշակի սահմաններում: Բայց դա միայն կատարյալ դեպքերում, իսկ ավելի հաճախ քաշի ավելացումն անհավասարաչափ է տեղի ունենում, տատանումներով և որոշ դեպքերում նույնիսկ դիտվում է քաշի նվազում: Արդյո՞ք դա բնականոն երևույթ է։
Յուրաքանչյուր կին պետք է ձգտի պահպանել իր համար կատարյալ մարմնի զանգվածը, սակայն ռեժիմով սնվելը, հատուկ չափաբաժիններով սննդակարգ պահպանելը առօրյայում գրեթե անհնար է: Բացի այդ, գոյություն ունեն արձակուրդներ, տոն օրեր և այլ միջոցառումներ, որոնք խանգարում են հղիության հավասարակշռված ընթացքին: Այնպես որ, ամբողջ հղիության ընթացքում քաշը պահպանելը, դրա տատանվող բարձրացումներից ու անկումներից խուսափելը գրեթե անհնար է:
Քաշի հաստատուն նվազումը հղիության ցանկացած փուլում տեղի է ունենում օրգանիզմի սեփական ճարպային պաշարներն այրելու, այսինքն ոչ ինքնակամ նիհարելու հետևանքով: Շատ կանանց համար այս վիճակը կարող է համարվել բնականոն, քանի որ օրգանիզմն ինքնին պատրաստվում է ծննդաբերության և ազատվում է անպետք կուտակումներից: Քաշի կորուստ կարող է դիտվել ամռանն ընդառաջ՝ կապված թարմ բանջարեղենի, մրգերի և հատապտուղների օգտագործմանն անցնելու հետ, քանի որ դրանցից օրգանիզմը վերցնում է օգտակար ածխաջրերը, սպիտակուցներն ու ճարպերը, որոնք հիանալի մարսվում են և չեն կուտակվում օրգանիզմում ճարպաշերտի տեսքով:
Հղիության վերջին ամսում ևս քաշի անկում է դիտվում: Սա նույնպես չի կարելի անվանել խանգարում, քանի որ օրգանիզմը նախապատրաստվում է սպասվող աշխատանքին, խնայում է էներգիան և փորձում է նվազեցնել դրա ծախսը ծննդաբերությանը չմասնակցող օրգանների ու հյուսվածքների գործունեության վրա: Հղիության ընթացքում քաշի անկումն առանձին դեպքերում կարող է որոշակի խանգարումների նշան լինել: Այդ պատճառով քաշի վերահսկումը պետք է կատարել բժշկի հսկողությամբ: Պտղի քաշը հղիության ընթացքում նպատակաուղղված ավելանում է, և եթե հղիության առաջին 20-25 շաբաթներին այն չի կարողանում ազդել մայրիկի քաշի ավելացման վրա, ապա սկսած երկրորդ եռամսյակից փոքրիկի քաշի ամենօրյա ավելացումն արդեն հաշվվում է ապագա մայրիկի քաշի նորման հաշվարկելով:
Հղիության 20-րդ շաբաթում պտուղը կշռում է մոտ 300գ., հաջորդ 4 շաբաթների ընթացքում նրա քաշը կրկնապատկվում է և ևս 3 շաբաթ անց եռապատկվում: Սկսած մոտ 26-28-րդ շաբաթից պտղի քաշը օրական ավելանում է 150 գ-ով, այնուհտև 200գ և նույնիսկ 300 գ, միայն 40-րդ շաբաթից հետո է քաշի ավելացումը պակասում: Ծննդաբերությանը մոտ ժամկետներում պտղի քաշը միջինում կարող է հասնել 3-3.5 կգ: Այնինչ նրա անհատական զարգացման առանձնահատկություններից կախված՝ նորածնի քաշը կարող է տատանվել: Հղիության նորմալ ընթացքի համար գլխավորը սեփական զգացողություններին վստահելն ու փորձառու բժշկի խորհուրդներին հետևելն է: Իսկ ավելորդ կիլոգրամներից հեշտությամբ կարելի է ազատվել կրծքով կերակրման և երեխայի հետագա խնամքի ընթացքում: