Պիգմենտային բծերի առաջացման պատճառները հղիության ընթացքում

Պիգմենտային բծերի առաջացման պատճառները հղիության ընթացքում

Հղիությունն այն հրաշալի ժամանակահատվածն է, երբ կնոջ օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում. չէ՞ որ նրա ներսում զարգանում է նոր կյանք: Հղիության ամբողջ ինն ամիսների ընթացքում ապագա մայրիկի օրգանիզմում շարունակ փոփոխություններ են տեղի ունենում և սովորաբար հաճելի, օրինակ՝ փոքրիկի առաջին խաղը, կրծքերի մեծացումը և այլն: Ցավոք երբեմն տհաճություններից խուսափելն անհնար է: Այսպես, կինը միգուցե մի առավոտ արթնանա և տխրությամբ հայտնաբերի, որ նախկինում ունեցած իր նուրբ և փղոսկրի նման սպիտակ մաշկից ոչինչ չի մնացել, իսկ դեմքն ու մարմինը պատվել են դեղնաշագանակագույն բծերով, հետքերով:

Պիգմենտային բծերի առաջացման պատճառները

Հղիության ընթացքում պիգմենտային բծերի առաջացման պատճառները տարբեր են: Առավել տարածված պատճառն օրգանիզմում տեղի ունեցող հորմոնային փոփոխություններն են, որոնց նպատակը կնոջը ծննդաբերությանը նախապատրաստելն է: Որպես հետևանք խանգարվում է պիգմենտների, մասնավորապես մելանինի բաշխումը, որն էլ հենց պատասխանատու է մաշկի գույնի համար: Ընդ որում՝ գոյություն ունի մելանինի 3 տեսակ՝ էումելանին՝ պատասխանատու է սև գույնի համար, ֆակոոմելանին՝ շագանակագույնի համար և ֆեոմելանին՝ դեղին գույնի համար:

Հղիության ընթացքում այս պիգմենտների սինթեզի համար պատասխանատու հորմոնը չի ավելանում, սակայն փոխվում է մաշկի առանձին հատվածների զգայունությունն իգական սեռական հորմոնների՝ էստրոգենների ազդեցության հանդեպ, որոնք էլ հենց մելանինի անհավասարաչափ բաշխման պատճառն են դառնում: Արդյունքում այն կուտակվում է որոշակի հատվածներում՝ առաջացնելով պիգմենատային բծեր:

Գոյություն ունի կարծիք, որ պիգմենտային բծերի առաջացումը կարող է պայմանավորված լինել ֆոլաթթվի, B խմբի, C վիտամինների, երկաթի, ցինկի, պղնձի անբավարարությամբ, ուժեղ սթրեսով կամ գենետիկական նախատրամադրվածությամբ: Բացի այդ, պիգմենտային բծերի առաջացման հավանականությունը մեծանում է ուշ գարնանը և ամռանը մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության պատճառով:

Ի դեպ, գիտնականները նշում են, որ մուգ մաշկով կանանց դեպքում պիգմենտային բծերի առաջացման հավանականությունն ավելի մեծ է, քան սպիտակ մաշկ ունեցողների: Այնուամենայնիվ, այս անվնաս պատճառների մեջ կարող են թաքնված լինել նաև լուրջ խնդիրներ` լյարդի կամ մակերիկամների, գինեկոլոգիական հիվանդությունները, շաքարային դիաբետը կամ վահանաձև գեղձի խնդիրները: Այդ պատճառով պիգմենտային բծերի առաջացման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

Պիգմենտային բծեր կարող են առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, բայց կան հատվածներ, որտեղ դրանք առավել շատ են հանդիպում, օրինակ՝ ճակատ, քիթ, այտոսկրեր, այտեր, վերին շրթունք, կզակ, ուսեր, թևեր, մեջք, կրծքավանդակ, որովայն:

Ի՞նչ անել, երբ պիգմենտային բծեր են ի հայտ գալիս

Նախ և առաջ պետք չէ խուճապի մատնվել: Բարեբախտաբար ծննդաբերությունից հետո հորմոնային ֆոնի կարգավորմանը համընթաց մաշկի բնական գույնը սովորաբար վերադառնում է: Իսկ մինչ այդ խորհուրդ չի տրվում կիրառել հատուկ սպիտակեցնող նյութեր հիպերպիգմենտացիայի դեմ, քանի որ դրանցում պարունակվող մեծաքանակ ակտիվ բաղադրիչները կարող են ապագա փոքրիկի համար խիստ թունավոր լինել և բացասականորեն ազդել նաև կրծքի կաթի որակի վրա:

Այդուհանդերձ, ամիսներ շարունակ տնից դուրս չգալն էլ սխալ է, քանի որ կան բնական միջոցներ, որոնք կարելի է կիրառել, օրինակ կիտրոնի, քաղցր պղպեղի, վարունգի, կաղամբի, կարմիր հաղարջի կամ մաղադանոսի հիմքով քսուքները: Հիպերպիգմենտացիայից ազատվելու համար կարելի է յուրաքանչյուր երեկո դեմքի տվյալ հատվածներում դնել հյութով կամ թուրմով բամբակյա թրջոցներ: Մաշկի տոնուսի համար կարելի է վերը նշված բանջարեղենների և մրգերի հյութը սառեցնել և սառույցի տեսքով դնել դեմքի վրա: Ինչ միջոցի էլ որ դիմեք, հիշեք, որ նմանատիպ միջամտությունները պետք է անել երեկոյան, որպեսզի մաշկը դրանից հետո չենթարկվի արևի ճառագայթների ազդեցությանը: Ավանդական միջոցները, իհարկե, չեն ապահովի արագ արդյունք, բայց կօգնեն ինչ-որ չափով հավասարեցնել մաշկի գունավորումը: Եթե անհապաղ տնից դուրս գալու կարիք է լինում, և ժամանակ չեք ունենում սպասելու քսուքի ազդեցությանը, ապա կարելի է շպար օգտագործել, բայց պետք է ընտրել միայն որակյալ և բնական նյութերից միջոցներ, քանի որ դրանք մաշկից ներթափանցում են մայրիկի, հետևաբար նաև փոքրիկի օրգանիզմ:

Կանխարգելումը

Հիպերպիգմենտացիայից պաշտպանվելու համար կարելի է սննդակարգում ներառել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են վիտամին B-ով, C-ով և միկրոտարրերով՝ հացահատիկային շիլաներ թեփով, կաղամբ, ճակնդեղ, գազար, լոբազգիներ, տերևավոր բանջարեղեն (հազար, սպանախ, կանաչի), լոլիկ, ամբողջական հացահատիկի ալյուրից պատրատված հաց: Նաև խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ հղի կանանց համար նախատեսված վիտամինային հավելումներ ֆոլաթթվով: Սակայն ալերգիաներից խուսափելու համար ցանկալի է խորհրդակցել գինեկոլոգի հետ:

Ինչպես արդեն նշվել է, սովորաբար, պիգմենտային բծերն անհետանում են ծննդաբերությունից հետո: Բայց լինում է նաև այնպես, որ դրանք շարունակում են անհանգստացնել կնոջը երկար տարիներ կամ ի հայտ են գալիս գարնանը: Վերջին դեպքում անհրաժեշտ է նախքան գարունը՝ փետրվար-մարտ ամիսներին, պաշտպանվել արևի ճառագայթներից: Դրա համար կարող եք մաշկի տեսանելի հատվածներում օգտագործել 30-ից բարձր SPF-ով արևապաշտպան քսուքներ: Ընդ որում՝ պետք է հիշել, որ դրանց ազդեցությունն արդեն 4 ժամ անց անհետանում է, և եթե պատրաստվում եք երկար մնալ դրսում, անհրաժեշտ է թարմացնել այն: Հարկ է հիշել նաև, որ արևն առավել ակտիվ է ժամը 11-17:00-ն ընկած ժամանակահատվածում և լավ կլինի այդ ժամերին խուսափել զբոսանքներից: Արևի ճառագայթների ազդեցությունից պիգմենտային բծերի ինտենսիվությունն ու չափերը կարող են էապես մեծանալ:

Ավելորդություն չի լինի հիպերպիգմենտացիայի դեպքում դիմել բժիշկ-մաշկաբանի, ով կօգնի ձեզ լուծել այդ խնդիրը: Այնուամենայնիվ, ինչ քանակի և գույնի էլ որ լինեն ձեր պեպենները, դրանցից խուսափել պետք չէ: Սիրեք ձեզ հենց այդպիսին. չէ՞ որ հիպերպիգմենտացիան մեր օրգանիզմի պաշտպանական ռեկցիան է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, և եթե տվյալ շրջանում է այն ի հայտ գալիս, նշանակում է, որ օրգանիզմն առավելագույն կարիք ունի այդպիսի պաշտպանության: 

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար