Շաքարային դիաբետը և հղիությունը

05.02.20158619

Եթե ունեք առաջին կամ երկրորդ տիպի շաքարային դիաբետ, ուրեմն ստիպված կլինեք լրջորեն նախապատրաստվել հղիությանը: Այդ հիվանդությամբ տառապող կանանց պարագայում հղիության ելքը մեծապես կախված է բեղմնավորման նախապատրաստումից և հիվանդության վերահսկումից:

Դիաբետի պարագայում ստիպված կլինեք ավելի ուշադիր վերահսկել ձեր հիվանդությունը: Այն խիստ   վտանգավոր է, քանի որ երեխային կորցնելու կամ բնածին պաթոլոգիայով երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը մեծ է: Վտանգները նվազեցնելու գործում կօգնի հղիությունը մանրազնին կերպով պլանավորելը և բժշկի ու էնդոկրինոլոգի աջակցությունը:

Անհրաժեշտ է նախօրոք խորհրդակցել մասնագետների հետ: Համապատասխան միջոցների կիրառումը կօգնի նվազեցնել չզարգացող հղիության վտանգները, և կանխել ուշ ժամկետներում պրեէկլամպսիայի զարգացումը: Հայտնի չէ, թե ինչու են դիաբետով կանայք ավելի հակված ինքնաբեր վիժման և պաթոլոգիաներով երեխաներ լույս աշխարհ բերելուն, բայց, ամենայն հավանականությամբ, դրա գլխավոր պատճառն արյան մեջ գլյուկոզայի մակարդակն է, որ մշտապես բարձր է կամ խիստ տատանվում է:

Ընդհանուր առմամաբ շաքարային դիաբետով հիվանդ կանանց դեպքում բնածին արատներով երեխա լույս աշխարհ բերելու հավանականությունը երկու անգամ մեծ է՝ համեմատած առողջ կանանց հետ: Այդպիսի երեխաների դեպքում սրտի հիվանդությունների զարգացման հավանակնությունը 5 անգամ մեծ է, քան մյուսների դեպքում: Ուստի դիաբետով հիվանդ բոլոր ապագա մայրերին խորհուրդ է տրվում անցկացնել պտղի սրտի աշխատանքի լրացուցիչ հատուկ մոնիթորինգ (պտղի էխոսրտագրություն): Ձեզ նաև կնշանակեն լրացուցիչ ուլտրաձայնային հետազոտություն:

Հատկապես կարևոր է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկումը հղիության առաջին յոթ շաբաթների ընթացքում, քանի որ այդ ժամանակահատվածում են ձևավորվում երեխայի օրգան-համակարգերը, և հետևաբար այդ ընթացքում է հավանական սրտի, երիկամների, նյարդային համակարգի արատների զարգացումը: Գլյուկոզայի վերահսկումը պետք է սկսեք դեռ նախքան հղիանալը և շարունակեք դա ամբողջ հղիության ընթացքում:

Նախքան հղիանալը խորհրդակցեք բժշկի հետ: Նա միգուցե խորհուրդ տա մինչև բեղմնավորումը փոփոխել ձեր բուժումը, օրինակ՝ օրալային հիպոգլիկեմիկ դեղամիջոցներից անցնել ինսուլինի: Հետազոտությունները ցույց են տվել, որ երբ դիաբետով հիվանդ ապագա մայրերն անցնում են համապատասխան բուժում, նրանց երեխաների մոտ բնածին արատների զարգացման հավանականությունը խիստ նվազում է:

Հղիանալ փորձող բոլոր կանանց խորհուրդ է տրվում ընդունել ֆոլաթթու: Այն օգնում է կանխել այն խնդիրները, որոնք առաջանում են նյարդային խողովակի ոչ լիարժեք փակման հետևանքով, օրինակ՝ ողնուղեղի ճողվածքը: Ձեր բժիշկը հավանաբար խորհուրդ կտա ընդունել ֆոլաթթվի ավելի մեծ չափաբաժին՝ սովորական 400 մկգ-ից ավել: Այդ պարագայում ֆոլաթթվի չափաբաժինը կարող է սովորականից մոտ 10 անգամ ավել նշանակվել:

Առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար նախքան հղիանալը անհրաժեշտ է կիրառել ստորև նշված միջոցները: Նախքան հղիանալը փորձեք արյան մեջ գլիկոլիզացված հեմոգլոբինը (արյան մեջ շաքարի ցուցանիշ) հասցնել նորմայի:

Մանրամասնորեն վերահսկեք ընդունվող սնունդը, ուշադիր և հաճախ ստուգեք գլյուկոզայի մակարդակը: Ընդունեք օրական 5մգ ֆոլաթթու՝ մինչև հղիության 12-րդ շաբաթը:

Երբ հղիանաք, բժիշկը կնշանակի ձեզ՝

  • ակնաբուժական զննում,
  • երիկամների հետազոտություն,
  • պլանային ուլտրաձայնային հետազոտություն մինչև հղիության 13-րդ շաբաթը և այլն:

Եթե մոր դիաբետը դժվար է վերահսկվում, իսկ երեխան խոշոր է, այդ իրավիճակը կարող է վտանգավոր լինել: Այդ պատճառով պլանային ՈՒՁ հետազոտությունները կօգնեն մանկաբարձներին գնահատել պտղի զարգացումը՝ հետևելով, որ նրա չափերը չգերազանցեն նորման: Երեխայի խոշոր լինելը կարող է բարդացնել ծննդաբերության ընթացքը: Դա է պատճառներից մեկը, որ դիաբետի դեպքում մեծանում է ծննդաբերության խթանման կամ կեսարյան հատման եղանակին դիմելու հավանականությունը: