Վտանգավոր վիճակներ հղիության 1-ին եռամսյակում

Հղիության առաջին եռամսյակն ընդգրկում է բեղմնավորումից մինչև 12-րդ ամբողջական շաբաթը։
Վտանգավոր վիճակներ
Հղիության առաջին 12 շաբաթվա ընթացքում հաճախ վաղ տոքսիկոզ է առաջանում։ Վտանգավոր երկրորդ վիճակը հղիության ընդհատման սպառնալիքն է, երրորդը՝ գրիպը և շնչառական սուր վարակները։ Վերջիններս կախված են եղանակային և էպիդեմիական բռնկումներից։
Կարդացեք՝ Վտանգավոր վիճակներ հղիության 2-րդ եռամսյակում
Պատճառները
Վաղ տոքսիկոզի առաջացման պատճառները դեռևս լիովին պարզված չեն, այդ իսկ պատճառով էլ բազմաթիվ տեսություններ կան (հորմոնային, նյարդածին, ռեֆլեկտորային, ալերգիկ և այլն)։ Այդ վիճակի հիմնական սկզբունքը բացատրվում է ներքին օրգանների փոփոխությունների արդյունքում կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով։ Այսինքն՝ հղիության ընթացքում օրգանիզմում հորմոնային վերակառուցմանն ի պատասխան ի հայտ են գալիս մարսողական համակարգի խանգարումներ։ Վաղ տոքսիկոզը երեխային պաշտպանում է սննդում առկա վնասակար նյութերից։
Հղիության ընդհատման սպառնալիքը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով՝
- սաղմի գենետիկական հիվանդություններ,
- կնոջ օրգանիզմում հորմոնային խանգարում,
- արտաքին միջավայրի վնասակար գործոնների ազդեցություն,
- քրոնիկական հիվանդությունների սրացում,
- որոշ դեղամիջոցների օգտագործում,
- գինեկոլոգիական հիվանդություններ,
- վարակներ, ինչպես նաև սեռավարակներ,
- սթրեսներ,
- դիմադրողական համակարգի խանգարումներ։
Շնչառական սուր հիվանդությունների կինն առավելապես ենթարկվում է հղիության հենց առաջին եռամսյակում։ Այն պայմանավորված է հորմոնային փոփոխություններով և հղի կնոջ իմունիտետի ճնշմամբ, ինչն ուղղված է օրգանիզմի կողմից սաղմի արտամղման կանխարգելմանը։
Ախտանշանները
Վաղ տոքսիկոզն արտահայտվում է սրտխառնուքով և փսխմամբ։ Ըստ փսխման արտահայտվածության՝ առանձնացնում են վաղ տոքսիկոզի երեք աստիճան՝
- թեթև՝ փսխում օրական հինգ անգամ,
- միջին ծանրության՝ փսխում օրական տասն անգամ,
- ծանր՝ փսխում օրական 20-25 անգամ։
Բացի վերոնշյալ ախտանշաններից, դիտվում է հուզական լաբիլություն (դյուրագրգռություն, լացկանություն), քնկոտություն, համի և հոտի զգայունակության փոփոխություն, առատ թքարտադրություն, անոթային ցածր ճնշում, մաշկի չորություն, մարմնի զանգվածի նվազում, քնի խանգարում։
Հղիության ընդհատման սպառնալիքի նշաններն են՝
- որովայնի ստորին շրջանի ցավ,
- հեշտոցից եկող արյունային արտադրություն,
- ռեկտալային (հետանցքի) ջերմաստիճանի անկում մինչև 37 աստիճան և ցածր։
Բուժումը և կանխարգելումը
Վերոնշյալ խնդիրների կանխարգելումը պետք է սկսել դեռևս հղիության պլանավորման փուլից։ Այդ մասին մանրամասն կարդացեք ստորև նշված հոդվածում։
Կարդացեք՝ Հետազոտությունները հղիության պլանավորման փուլում
Տոքսիկոզի բուժումն սկսվում է սննդակարգի կարգավորումից (սնվել հաճախակի՝ փոքր չափաբաժիններով, հրաժարվել կծու, տապակած և յուղալի ուտեստներից, մեծացնել թարմ բանջարեղենի և մրգեղենի քանակը), սրտխառնուքի կանխարգելման նպատակով պետք է դեռևս անկողնում որևէ բան ուտել (կրեկեր, չիր, չորահաց)։
Հարկավոր է ապահովել ութժամյա լիարժեք քուն, զբոսանք մաքուր օդում, բացառել արտաքին միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունը, խուսափել սթրեսներից։ Տոքսիկոզի ծանր աստիճանի դեպքում կնոջը տեղափոխում են հիվանդանոց և ջրազրկման կանխարգելման նպատակով նշանակում ինֆուզիոն թերապիա (սննդանյութեր, պոլիվիտամիններ և աղային լուծույթներ)։
Հարբուխային հիվանդություններն առաջին եռամսյակում բուժում են ժողովրդական միջոցներով (խոտաբույսերով և վիտամիններով թեյ, խոտաբույսերով և հոտավետ յուղերով ինհալյացիա, քթի լվացում ֆիզիոլոգիական կամ ծովի աղի լուծույթով, քացախով շփում ջերմությունը կարգավորելու նպատակով և այլն)։
Գրիպի և շնչառական սուր հիվանդությունների բուժումն ինքնուրույն, հատկապես դեղամիջոցներով, արգելվում է։
Հղիության ընդհատման վտանգի դեպքում բուժումը պարտադիր անցկացվում է ստացիոնարում, որտեղ անկողնային ռեժիմ է նշանակվում, ինչպես նաև սպազմոլիտիկներ, պրոգեստերոնի դեղամիջոցներ։
Բարդացումները և հետևանքները
Վերոնշյալ բոլոր խնդիրների վտանգն այն է, որ կարող են ինքնաբեր վիժում առաջացնել։ Վիժումից բացի կարող են առաջացնել նաև՝
- պտղի ներարգանդային վարակում (արդյունքում՝ վաղաժամ ծննդաբերություն),
- պտղի պտուղընկերքային (ֆետոպլացենտար) անբավարարություն (ապագայում՝ պտղի ներարգանդային հիպոքսիայի առաջացում և զարգացման հապաղում),
- զարգացման արատով երեխայի ծնունդ,
- փոքր քաշով երեխայի ծնունդ,
- երեխայի նյարդահոգեկան և ֆիզիկական զարգացման հապաղում,
- մկանային հիպոտոնուս։
Բացի այդ, վարակը և ծանր վաղ տոքսիկոզը նպաստում են մոր օրգանիզմում հետևյալ բարդությունների առաջացմանը՝
- օրգանիզմի դեհիդրատացիա և ինտոքսիկացիա,
- խորիոամնիոնիտ (պտղաջի վարակում),
- էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարում,
- քաշի զգալի անկում,
- էքստրագենիտալային (ոչ սեռական ոլորտի) քրոնիկական հիվանդությունների սրացում,
- լյարդի, աղեստամոքսային տրակտի և շնչառական համակարգի հիվանդությունների զարգացում,
- մազերի, եղունգների և ատամների հետ կապված խնդիրների առաջացում (թերվիտամինոզ և ավիտամինոզ)։
Կանխատեսումները
Դրական կանխատեսումներն ուղղակիորեն կախված են խնդրի առաջացման պատճառից, ժամանակին և ճիշտ կատարված բուժումից, ինչպես նաև մի շարք այլ գործոններից՝
- կնոջ տարիքից,
- հղիության ժամկետից,
- հիվանդության ծանրության աստիճանից և ուղեկցող հիվանդություններից։
Կարդացեք՝ Վտանգավոր վիճակներ հղիության 3-րդ եռամսյակում