Ռետրոխորիալ հեմատոմա
Ռետրոխորիալ (գրավիդարային) հեմատոման արյան թանձրուկի կուտակումն է արգանդի պատի և պտղաձվի, ավելի ճիշտ՝ պտղձվի թաղանթի՝ խորիոնի միջև առկա տարածության մեջ։ Խորիոնն ապագայում՝ 16-րդ շաբաթից հետո, վերածվում է ընկերքի, նշանակում է, որ այն նույն գործառույթներն է իրականացնում, ինչ ընկերքը։ Ռետրոխորիալ հեմատոման առաջանում է հղիության առաջին եռամսյակում։
Սովորաբար ախտաբանական այդ վիճակը հղիության ընդհատման սպառնալիքի հետևանք է լինում, սակայն կարող է առաջանալ արգանդի պատի անոթների վնասման հետևանքով, ընդ որում՝ վնասվում են խորիոնի թավիկների պատճառով, երբ խորիոնն աճում է։
Տեսակները
Ըստ առաջացման ժամանակի՝ առանձնացնում են ռետրոխորիալ և ռետրոընկերքային հեմատոմա, որոնք սկզբունքորեն նույնն են։ Ըստ ծանրության աստիճանի՝ ռետրոխորիալ հեմատոման լինում է թեթև, միջին և ծանր։
Պատճառները
Հեմատոմայի ձևավորման պատճառները նման են այն գործոններին, որոնք վիժման վտանգ են առաջացնում`
- արգանդի վրա մեխանիկական ազդեցություններ (վնասվածքներ),
- հորմոնային խանգարումներ (պրոգեստերոնի անբավարարություն),
- պտղաձվի գենետիկական շեղումներ (զարգացման արատներ),
- սթրեսներ,
- ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն,
- արգանդի բորբոքային և ուռուցքային հիվանդություններ (էնդոմետրիտ, էնդոմետրիոզ, միոմա),
- սեռավարակներ,
- մասնագիտական վտանգներ (ճառագայթում, աղմուկ, վիբրացիա),
- տոքսիկոզ և գեստոզ,
- անոթային ճնշման կտրուկ տատանումներ,
- սեռական օրգանների ինֆանտիլիզմ և շեղումներ,
- թմրանյութերի, ոգելից խմիչքների և ծխախոտի օգտագործում,
- համակարգային հիվանդություններ (համակարգային կարմիր գայլախտ),
- քրոնիկական սոմատիկ հիվանդություններ (շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ և այլն),
- արյան մակարդման համակարգի հիվանդություններ,
- անոթների, ինչպես նաև արգանդի անոթների ախտաբանական վիճակներ,
- աղտոտված էկոլոգիա և այլն։
Ախտանշանները
Սովորաբար հեմատոման պատահմամբ հայտնաբերվում է պլանային ՈւՁՀ-ի ընթացքում։ Կինը գանգատներ չի ունենում և իրեն լավ է զգում, սակայն երբեմն ռետրոխորիալ հեմատոմային ուղեկցում են հղիության ընդհատման սպառնալիքի նշանները։
Հիմնական դրսևորումը լինում է հեշտոցից եկող մուգ կարմիր կամ շագանակագույն արնախառն արտադրությունը։ Վերջինիս ինտենսիվությունն աննշան է և կախված է հեմատոմայի չափսերից ու հղիության ժամկետից։
Մուգ կարմիր արտադրությունը հեմատոմայի դեպքում ավելի շատ դրական, քան բացասական նշան է։ Այն վկայում է հեմատոմայի դատարկվելու մասին։
Վտանգավոր արտադրություն
Վառ կարմիր արտադրությունը լավ ախտանշան չէ, հատկապես երբ ուղեկցվում է որովայնի ստորին շրջանի ցավով։ Այն վկայում է կամ հեմատոմայի մեծացման և վիժման վտանգի ուժգնացման մասին, կամ էլ այն մասին, որ հեմատոման նոր է ձևավորվել և անհապաղ բուժում է պահանջում։
Բացի այդ, կնոջն անհանգստացնում է ձգող կամ նվվացող բնույթի ցավը, որն ի հայտ է գալիս որովայնի ստորին հատվածում կամ գոտկատեղի շրջանում։ Սովորաբար ցավը մշտական է լինում, սակայն կարող է և պարբերաբար ծագել ու ուժգնանալ ֆիզիկական աշխատանքից հետո և այլ գործոնների ազդեցությամբ։
Որոշ դեպքերում ռետրոխորիալ հեմատոման ընթանում է առանց ախտանշանների և հայտնաբերվում է ծննդաբերությունից հետո, երբ ընկերքի վրա երևում է արնազեղման հին հետքը։
Ախտորոշումը
Ռետրոխորիալ հեմատոմայի ախտորոշման հիմնական միջոցը արգանդի և պտղաձվի ՈւՁՀ-ն է, որի ընթացքում հայտնաբերվում են հետևյալ նշանները՝
- արգանդի պատի տեղային հաստացում, ինչը վկայում է արգանդի տոնուսի բարձրացման մասին,
- պտղաձվի ձևի փոփոխություն վերջինիս վրա միոմետրիումի հաստացած հատվածի ճնշման արդյունքում (պտղաձուն ձեռք է բերում կաթիլի ձև),
- ռետրոխորիալ հեմատոմայի հայտնաբերում, չափսերի, տեղակայման հատվածի հստակեցում։
Բացի այս, ըստ ցուցման անհրաժեշտ են լաբորատոր հետևյալ հետազոտությունները՝
- արյան և մեզի ընդհանուր հետազոտություն,
- արյան մակարդելիության որոշման հետազոտություն,
- միկրոֆլորայի հետազոտմանն ուղղված քսուքի ուսումնասիրում,
- արյան կենսաքիմիական հետազոտություն,
- սեռավարակների հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ,
- հորմոնների հետազոտություն (ըստ ցուցումների):
Բուժումը
Ռետրոխորիալ հեմտոմայի բուժմամբ զբաղվում է մանկաբարձ-գինեկոլոգը։ Թերապևտիկ միջոցառումները շարունակվում են հղիության ընդհատման վտանգի ամբողջ ընթացքում, ինչպես նաև կրկնվում են վտանգավոր ժամկետներում (12-14, 20-24, 28-32, 36-38-րդ շաբաթներում)։ Արգանդի տոնուսը և վիժման սպառնալիքի նշանների վերացման նպատակով նշանակվում է անկողնային ռեժիմ:
Արգելվում է՝
- սեռական կյանք վարել,
- ծանր իրեր բարձրացնել,
- ֆիզիկական ծանր աշխատանք կատարել։
Այս և այլ նպատակներով կնոջը հնարավոր է հոսպիտալացնել։ Խորհուրդ է տրվում կարգավորել սննդակարգը՝ բացառելով գազագոյացմանը նպաստող մթերքները (կաղամբ, լոբեղեն), ինչպես նաև շոկոլադը, սուրճը, կոպիտ բջջանքը։ Գազով լեցուն ստամոքսը ճնշում է գործադրում արգանդի վրա և ուժգնացնում վիժման վտանգը՝ մեծացնելով հեմատոման։ Հարկավոր է խուսափել սթրեսային իրավիճակներից և հանգիստ պահել հոգեհուզական վիճակը։ Կախված դրությունից՝ բժիշկը մի շարք դեղամիջոցներ է նշանակում։
Հետևանքները և կանխատեսումները
Մեծամասամբ ռետրոխորիալ հեմատոման հղիության հետագա ընթացքին չի սպառնում։ Ծննդալուծումն իրականացվում է բնական ճանապարհով և առանց բարդությունների։ Բացասական կանխատեսման նշան է հեմատոմայի մեծ չափսը կամ եթե հեմատոմայի ընդգրկման տարածքը 40% և ավել է լինում պտղաձվի չափսերից։
Հնարավոր հետևանքները՝
- ինքնաբեր վիժում,
- չզարգացող հղիություն,
- պտղի ներարգանդային քրոնիկական հիպոքսիա,
- պտղի ներարգանդային զարգացման հապաղում։