Մեզի հետազոտությունը հղիության ընթացքում. ինչու՞ է պարտադիր

Մեզի հետազոտությունը հղիության ընթացքում. ինչու՞ է պարտադիր

Հղիության ընթացքում ապագա մայրիկի օրգանիզմը խիստ փոփոխությունների է ենթարկվում: Մեծացող արգանդը ոչ միայն մեծացնում է որովայնը, այլև ճնշում է որովայնի խոռոչի հետին պատը: Այդ պատճառով շատ օրգաններ՝ օրինակ երիկամները, կարող են հայտնվել շատ անբարենպաստ պայմաններում: Երիկամների ճիշտ աշխատանքի համար շատ կարևոր է, որ նրանցում ձևավորվող մեզը ազատ հոսք ունենա: Եթե գոյություն ունի թեկուզ նվազագույն ճնշում, ապա կառաջանա մեզի լճացում, և երիկամը չափերով կմեծանա: Մի քանի շաբաթ շարունակվող այսպիսի լճացման դեպքում երիկամի մեջ վարակներ են թափանցում՝ հիմնականում միզապարկից: Վարակը կարող է հանգեցնել բորբոքումների և այլ բարդությունների:

Ահա թե ինչու է կարևոր մեզի հետազոտությունը նախքան կնոջ ինքնազգացողության վատանալը: Եթե բարձրորակ քննություն կատարվի, ապա արդյունքները թույլ կտան հայտնաբերել զարգացող հիվանդությունը դեռ վաղ փուլերում: Մեզի հետազոտությունը շատ ինֆորմատիվ է հեստոզի բացահայտման համար: Առհասարակ, երիկամների գրեթե բոլոր հիվանդությունների համար մեզի կլինիկական (ընդհանուր) հետազոտությունը համարվում է գլխավոր հետազոտություն, որն իր նշանակությամբ շարունակում է առաջին տեղում մնալ՝ չնայած լաբորատոր ախտորոշման ժամանակակից հաջողություններին: Պարզապես անհրաժեշտ է ճիշտ հանձնել հետազոտության նմուշը և ճիշտ վերծանել արդյունքները:

Ո՞րն է մեզի նմուշի հանձնման ճիշտ ձևը

Մեզի հետազոտության նմուշի հանձնումը դժվար չէ, սակայն եթե չիմանաք հասարակ կանոնները, ապա հնարավոր է սխալ ախտորոշում ստանաք: 

  • Մեզի նմուշ հանձնելու նախորդ օրը չի թույլատրվում ֆիզիկական ծանրաբեռնվածություն (դա կարող է հանգեցնել մեզում սպիտակուցի առաջացման), չի կարելի ուտել աղի, կծու, թթու սնունդ, ինչպես նաև շատ միս: Այս ամենը կարող է աղավաղել արդյունքները: Ալկոհոլի մասին չնշենք, քանի որ առհասարակ հղի կանանց այն խստիվ արգելվում է: 
  • Մեզի նմուշի համար նախատեսված տարան պետք է լինի մաքուր: Լավ կլինի օգտագործեք հատուկ ստերիլ տարաներ, որոնք կարող եք ձեռք բերել ցանկացած դեղատնից: 
  • Որպես նմուշ անհրաժեշտ է հանձնել առավոտվա մեզը: Գիշերը երիկամներն աշխատում են այլ ռեժիմով, և մեզը դառնում է ավելի խիտ: Բոլորը կհիշեն, որ առավոտյան այն ավելի մուգ գույն է ունենում համեմատած օրվա մեզի հետ: Հենց այդ խտության մեզն է հնարավոր դարձնում շեղումները բացահայտելը: 
  • Նախքան մեզը հավաքելը անհրաժեշտ է մանրակրկիտ լվացում կատարել օճառով: Ավելի հարմար կլինի դա անել լոգանք ընդունելով: 
  • Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս բամբակյա տամպոն տեղադրել հեշտոցում, որպեսզի հեշտոցային արտադրությունը չհայտնվի մեզի նմուշում: 
  • Անհրաժեշտ է տարայի մեջ հավաքել մեզի միջին չափաբաժինը, այսինքն՝ պետք է մոտ 3 վայրկյան միզել զուգարանում, այնուհետև միզել տարայի մեջ, հետո նորից զուգարանում: 
  • Նմուշը լաբորատորիա տեղափոխելիս պետք է խուսափել թափահարումներից: Դա առաջացնում է փրփուր, ինչը կարող է ազդել արդյունքների հստակության վրա: Ժամանակակից լաբորատորիաներում մեզը տեղափոխում են հատուկ խողովակների մեջ, այդպես ավելի հեշտ է և շատ չի թափահարվում: 
  • Նմուշը պետք է տանել լաբորատորիա որքան հնարավոր է շուտ՝ ցանկալի է երկու ժամվա ընթացքում:

Արդյունքերի վերծանում

Լեյկոցիտներ։ Բնականում մեզի մեջ լեյկոցիտների քանակը կնոջ համար պետք է լինի մինչև 6-ը տեսադաշտում: Ըստ Նեչիպորենկոյի՝ նորման կազմում է մինչև 2.000-ը մլ-ում:

Այս թվերի բարձրացումը սովորաբար խոսում է երիկամների, միզապարկի, միզուկի բորբոքման մասին: Լեյկոցիտներն օրգանիզմում կատարում են պաշտպանիչ դեր, նրանք պայքարում են վարակների դեմ: Դա է պատճառը, որ երբ վարակ է հայտնվում միզատար ուղիներում, լեյկոցիտների քանակությունը մեծանում է: Երբեմն լինում է, որ արտաքին սեռական օրգանների ոչ պատշաճ լվացման դեպքում հետազոտությունը ցույց է տալիս մինչև 10 լեյկոցիտ: Թեթև բորբոքման դեպքում կարող են դիտվել 10-15 լեյկոցիտ: Իսկ եթե դրանք հասնում են 40-50, ապա այս ցուցանիշն ավելի լուրջ բան է վկայում, և դա հաճախ պիելոնեֆրիտն է՝ երիկամի բորբոքումը: Հղի կանանց ավելի հաճախ են ունենում այն, քան մյուս կանայք կամ տղամարդիկ: Դա կապված է վարակների ներթափանցման և այն բանի հետ, որ արգանդը ճնշում է գործադրում երիկամների վրա:

Սպիտակուց։ Սովորաբար մեզում սպիտակուց չպետք է լինի: Թույլատրելի է դրա մինչև 0.033 գ/լ, կամ ժամանակակից լաբորատորիաներում՝ ավելի զգայուն սարքերի համար՝ մինչև 0.14 գ/լ.: Հաճախ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սթրեսից հետո մեզում կարող է հայտնվել սպիտակուց: Իսկ հիվանդություններից սպիտակուցի մակարդակի բարձրացման հանգեցնում են պիելոնեֆրիտը, պրոտեինուրիան և հեստոզը:

Պիելոնեֆրիտը երիկամի վարակիչ հիվանդություն է: Դրա ախտանշաններն են՝ ջերմաստիճանի բարձրացումը, գոտկատեղի և երիկամների հատվածում ցավերը (հաճախ միայն մեկ կողմում), ընդհանուր թուլությունը: Մեզում սպիտակուցի հետ բարձրանում է նաև լեյկոցիտների և բակտերիաների մակարդակը: Բուժումը կատարվում է հիվանդանոցում, հղիության երկրորդ կեսին նշանակվում են հակաբիոտիկներ (քանի որ այդ ժամանակահատվածում դրանք արդեն չեն վնասում պտղին):

Որպես հեստոզի նշան՝ մեզում սպիտակուցի հայնվելն ուղեկցվում է նաև այտուցներով և ճնշման բարձրացումով (130/90 մմ ս.ս.): Սա վտանգավոր հիվանդություն է, որը պահանջում է շտապ բուժում՝ ծննդատանը՝ հղիների պաթոլոգիայի բաժանմունքում: Եթե այն չբուժվի, ապա կարող է հանգեցնել ուժգին գլխացավերի, ճնշման կտրուկ բարձրացման, ցնցումների և նույնիսկ պտղի մահվան:

Կետոնային մարմիններ

Սրանք թունավոր նյութեր են, որոնք հայտնվում են մեզում որոշ հիվանդությունների ժամանակ: Հղիության առաջին կեսին դրանց ի հայտ գալը հիմնականում լինում է վաղ տոքսիկոզի պատճառով և ուղեկցվում է փսխումով և օրգանիզմի ջրազրկումով: Եթե նախքան հղիությունը կինն ունեցել է շաքարային դիաբետ, ապա կետոնային մարմինների ի հայտ գալը կարող է նշանակել դիաբետի սրացում:

Շաքար (գլյուկոզա)

Տարբեր լաբորատորիաներ տարբեր կերպ են վերծանում շաքարի քանակությունը՝ կամ խաչերով, կամ հստակ թվերով: Այդ պատճառով յուրաքանչյուր լաբորատորիա ունի իր սահմանած նորմատիվները: Հղիության երկրորդ կեսին շաքարի առկայությունը փոքր քանակությամբ հաճախ համարվում է ոչ էական նշանակության, քանի որ մայրիկի օրգանիզմը մեծացնում է գլյուկոզայի քանակը, որպեսզի այն մատակարարի պտղին: Այնինչ, եթե նրա քանակությունը մեծ է, դա կարող է լինել շաքարային դիաբետի նշան: Այդ դեպքում կդիտվի նաև միզարձակման հաճախացում: Ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է դիմել բժշկի, հանձնել արյան հետազոտության նմուշ և գլյուկոզայի տոլերանտության թեստ:

Բակտերիաներ

Եթե կան բակտերիաներ առանց լեյկոցիտների բարձրացման, ապա դա կարող է ցիստիտի նշան լինել (միզապարկի բորբոքում), կամ երիկամների հիվանդություն: Եթե կինը ոչ մի գանգատ չունի, ապա այն անվանվում է ասիմպտոմատիկ բակտերիուրիա: Այն կարող է լուրջ վտանգ ներկայացնել նույնիսկ առանց գանգատների: Խնդիրն այն է, որ բակտերիաները վաղ թե ուշ միզապարկից կհայտնվեն երիկամում, իսկ հղիության ընթացքում դա շատ ավելի հեշտ է, քանի որ արգանդի ծանրության հաշվին մեզի հոսքը վատանում է: Եթե սա ուղեկցվում է լեյկոցիտներով, ապա ամենայն հավանականությամբ վկայում է երիկամի վարակի մասին: Բացի բակտերիաներից մեզում կարող են հայտնաբերվել նաև սնկեր:

Մեզի ցանքս

Որպեսզի բուժումն ավելի արդյունավետ լինի, բժիշկները հաճախ նշանակում են մեզի ցանքսի հետազոտություն՝ որոշելու հակաբիոտիկների հանդեպ բակտերիաների զգայունությունը: Հետազոտության արդյունքերը հայտնում են 10 օրից, բայց եթե բակտերիաները շատ են, այն հնարավոր է ավելի վաղ պատրաստ լինի: Այս հետազոտությունը շատ կարևոր տեղեկություն է տալիս՝ բակտերիաների անվանումը, տեսակը, որոնք հարուցել են տվյալ հիվանդությունը, և դրանց զգայունությունը տարբեր հակաբիոտիկների հանդեպ: Այդպիսով՝ բժիշկը կարող է նշանակել հենց այն դեղամիջոցը, որն արդյունավետ ազդեցություն կունենա և կօգնի ձեզ ապաքինվել:

Հետազոտություն Նեչիպորենկոյի մեթոդով

Մեզի ընդհանուր հետազոտությունը գլխավոր և ամենատարածված հետազոտությունն է, բայց երբեմն դրանում չեն երևում բորբոքային փոփոխությունները՝ չնայած հիվանդի գանգատներին: Այդ դեպքում բժիշկը նշանակում է հետազոտություն ըստ Նեչիպորենկոյի: Դրա պատասխանը տալիս է ընդամենը երկու ցուցանիշ՝ 1 մլ-ում լեյկոցիտների բնականոն քանակը՝ մինչև 2000, 1 մլ-ում էրիթրոցիտների բնականոն քանակը՝ մինչև 1000։

Այս հետազոտության համար մեզի նմուշը հանձնում են նույն կերպ, ինչ ընդհանուր հետազոտության դեպքում: Ամբողջ տարբերությունն այն է, թե լաբորատորիան ինչպես կհաշվի դրա ցուցանիշները: Սովորական հետազոտության դեպքում լեյկոցիտներն ու էրիթրոցիտները հաշվվում են մանրադիտակի տակ՝ տեսանելի դաշտում, իսկ այս հետազոտության դեպքում՝ միլիլիտրում: Ի սկզբանե այս հետազոտությունը կիրառվում էր այն դեպքերում, երբ բժիշկը փորձում էր տարբերել գլոմերուլոնեֆրիտը պիելոնեֆրիտից (առաջինը ինֆեկցիոն հիվանդություն չէ, իսկ երկրորդը ինֆեկցիոն է), սակայն հիմա այն կիրառվում է ցանկացած բորբոքային պրոցեսի կասկածի դեպքում: Այս ցուցանիշներից բացի մեզում որոշվում է նաև նրա գույնը, խտությունը, ռեակցիան և այլն, բայց սրանք մեծ նշանակություն են ունենում միայն երիկամային հիվանդների համար, այլ ոչ թե հղի կանանց:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: