Ինչի համար է կատարվում արգանդի պարանոցի նմուշառումը (բիոպսիա)

Կանանց ամենասարսափելի հիվանդություններից մեկը արգանդի պարանոցի քաղցկեղն է, որն օնկոլոգիական հիվանդությունների շարքում առաջինն է: Հիվանդանալու վտանգը սպառնում է հիմնականում 35-55 տարեկան՝ հասուն և աշխատունակ տարիքի կանանց: Ի դեպ, մասնագետներն այդ հանգամանքը կապում են սեռական ակտիվության և զուգընկերների հաճախակի փոփոխության հետ: Մի խոսքով՝ նրանց դեպքում, ովքեր անկանոն սեռական կյանք են վարում, արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է: Երևի թե այս պնդումը գրեթե չի վերաբերում երիտասարդությանը, քանի որ մինչև 35 տարեկան անձանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը խիստ հազվադեպ է հանդիպում:
Ինչպես էլ որ իրեն պահի կինը կյանքի տարբեր ոլորտներում, ինչ վտանգների էլ որ ենթարկի իր առողջությունը, նրան օգնության կհասնեն ժամանակակից բժշկության ձեռքբերումները: Առաջին հերթին ախտորոշում են չարորակ ուռուցքները՝ նշանակելով ցիտոլոգիական հետազոտություն (պապանիկոլաուի թեստ կամ ՊԱՊ), ինչպես նաև կոլպոսկոպիա: Եթե վերջիններիս արդյունքները արգանդի պարանոցի ախտահարման կասկած են հարուցում, ապա ախտորոշման ճշգրտման նպատակով կատարվում են ավելի լուրջ հետազոտություններ՝ նմուշառում (բիոպսիա): Սա մի միջամտություն է, որի ընթացքում հիվանդից վերցվում է ախտահարված հատվածի մի փոքրիկ կտոր, այնուհետև ուսումնասիրվում է հզորագույն մանրադիտակով: Այսպիսի հետազոտության ցուցում կլինի մարդու պապիլլոմավիրուսի որոշակի տեսակների՝ 16-րդի և 18-րդի հայտնաբերման դեպքում: Հենց այս հարուցիչն է համարվում արգանդի պարանոցի չարորակ ուռուցքների առաջացման պատճառ, և սա ապացուցված բժշկական փաստ է: Այդ պատճառով էլ կնոջ մոտ պապիլլոմավիրուսի բարձր օնկոգեն տիպերի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է այն մշտական վերահսկողության տակ պահել, որպեսզի բաց չթողնվի ախտաբանական փոփոխությունների սկիզբը:
Գոյություն ունեն նաև մի շարք հակացուցումներ, որոնց առկայության դեպքում նմուշառում չի կատարվում: Դրանք առաջին հերթին սուր փուլում գտնվող հիվանդություններն են, ինչպես նաև արյան մակարդելիության հետ կապված խնդիրները: Այսօրինակ միջամտություններն էլ ինքնին անվնաս չեն: Ըստ էության՝ այս միջամտությունը փոքրիկ վիրահատություն է և դրանից հետո հնարավոր է, որ բարդություններ առաջ գան՝ արնահոսություն և վարակի առաջացում: Անհրաժեշտ է անպայման նախապատրաստվել նմանատիպ վիրահատական միջամտություններին: Այսպիսով, եթե անզգայացում է նախատեսվում, ապա միջամտությունից մեկ օր առաջ պետք է դադարեցնել ջրի և սննդի ընդունումը: Վիրահատությունն անցկացվում է դաշտանային ցիկլի առաջին փուլում, հերթական դաշտանի ավարտից հետո:
Արգանդի վզիկի նմուշառման մի քանի տեսակ կա, ընդ որում՝ դրանցից մի քանիսի դեպքում բժիշկները ոչ միայն հետազոտության նմուշ են վերցնում, այլև մասնակի կամ ամբողջովին հեռացնում են հյուսվածքի ախտահարված հատվածը (այդպես է արվում մասնավորապես կոնիզացիայի ժամանակ): Երբեմն դրանք ամբուլատոր հիմունքներով են իրականացվում (օրինակ պոլիկլինիկայում) և ցավազրկում չեն պահանջում, քանի որ արգանդի պարանոցում ցավային ընկալիչներ չկան: Սակայն նմուշառման որոշ տեսակներ իրականացվում են միայն ստացիոնարի պայմաններում և պարտադիր անզգայացմամբ:
Տրեպանոբիոպսիայի դեպքում մեկ կամ անմիջապես մի քանի ախտահարված հատվածից վերցնում են 15-25 քառ. մմ չափսով հյուսվածքի նմուշ: Էնդոցերվիկալային կյուրետաժը (քերում) ենթադրում է նմուշառում հատուկ սուր գործիքով լորձի քերման միջոցով:
Նմուշի չափսը և հավաքման ձևն ամբողջովին կախված են բիոպսիայի տեսակից և տվյալ իրավիճակից: Սովորաբար վերոնշյալ ցանակացած միջոցով ստացված նմուշը դրվում է ֆորմալդեհիդի մեջ և ուղարկվում հիստոլոգիական հետազոտության: Հյուսվածքի կտորների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո եզրակացություն է տրվում, որում նկարագրվում է արգանդի պարանոցի իրական վիճակը. կամ այնտեղ ամեն բան նորմալ է, կամ որոշակի բորբոքում, վարակ կա, կամ էլ իսկապես չարորակ բնույթի փոփոխություններ են կատարվում:
Այսպիսի հետազոտության նշանակությունը դժվար է գերագնահատել, քանի որ այն համարվում է ժամանակակից ախորոշման մեթոդ և ճշգրիտ է 99%-ով: Սովորաբար հիստոլոգիական ախտորոշումը, որը կատարվում է արգանդի պարանոցի բիոպսիայի արդյունքների հիման վրա, համարվում է վերջնական և չի ենթարկվում որևէ փոփոխության կամ բողոքարկման: Հենց այս հետազոտությունից հետո է կազմվում դիտարկման լավագույն ծրագիրը և թերապիայի պլանը:
Եթե կան բիոպսիայի անցկացման բոլոր ցուցումները, հրաժարվել դրանից պետք չէ: Ավելի լավ է դիմանալ այդ միջամտությանը, իմանալ իրավիճակի զարգացման կանխատեսումները և հնարավոր բուժումը, քան ապրել վախով:
Նմանատիպ նյութեր

Արգանդի խոռոչի պատերի քերում

Հիստերոսալպինգոգրաֆիա. ի՞նչ միջամտություն է, ե՞րբ է ցուցված

Արգանդի պարանոցի հիվանդությունների բուժում. կոնիզացիա

Հետվիրահատական շրջանը արգանդի միոմայի հեռացումից հետո

Արգանդի թափածակում (պերֆորացիա)
