Մեզի հետազոտությունը հղիության ընթացքում. ինչու՞ է պարտադիր
Հղիության ընթացքում ապագա մայրիկի օրգանիզմը խիստ փոփոխությունների է ենթարկվում: Մեծացող արգանդը ոչ միայն մեծացնում է որովայնը, այլև ճնշում է որովայնի խոռոչի հետին պատը: Այդ պատճառով շատ օրգաններ՝ օրինակ երիկամները, կարող են հայտնվել շատ անբարենպաստ պայմաններում: Երիկամների ճիշտ աշխատանքի համար շատ կարևոր է, որ նրանցում ձևավորվող մեզը ազատ հոսք ունենա: Եթե գոյություն ունի թեկուզ նվազագույն ճնշում, ապա կառաջանա մեզի լճացում, և երիկամը չափերով կմեծանա: Մի քանի շաբաթ շարունակվող այսպիսի լճացման դեպքում երիկամի մեջ վարակներ են թափանցում՝ հիմնականում միզապարկից: Վարակը կարող է հանգեցնել բորբոքումների և այլ բարդությունների:
Ահա թե ինչու է կարևոր մեզի հետազոտությունը նախքան կնոջ ինքնազգացողության վատանալը: Եթե բարձրորակ քննություն կատարվի, ապա արդյունքները թույլ կտան հայտնաբերել զարգացող հիվանդությունը դեռ վաղ փուլերում: Մեզի հետազոտությունը շատ ինֆորմատիվ է հեստոզի բացահայտման համար: Առհասարակ, երիկամների գրեթե բոլոր հիվանդությունների համար մեզի կլինիկական (ընդհանուր) հետազոտությունը համարվում է գլխավոր հետազոտություն, որն իր նշանակությամբ շարունակում է առաջին տեղում մնալ՝ չնայած լաբորատոր ախտորոշման ժամանակակից հաջողություններին: Պարզապես անհրաժեշտ է ճիշտ հանձնել հետազոտության նմուշը և ճիշտ վերծանել արդյունքները:
Ո՞րն է մեզի նմուշի հանձնման ճիշտ ձևը
Մեզի հետազոտության նմուշի հանձնումը դժվար չէ, սակայն եթե չիմանաք հասարակ կանոնները, ապա հնարավոր է սխալ ախտորոշում ստանաք:
- Մեզի նմուշ հանձնելու նախորդ օրը չի թույլատրվում ֆիզիկական ծանրաբեռնվածություն (դա կարող է հանգեցնել մեզում սպիտակուցի առաջացման), չի կարելի ուտել աղի, կծու, թթու սնունդ, ինչպես նաև շատ միս: Այս ամենը կարող է աղավաղել արդյունքները: Ալկոհոլի մասին չնշենք, քանի որ առհասարակ հղի կանանց այն խստիվ արգելվում է:
- Մեզի նմուշի համար նախատեսված տարան պետք է լինի մաքուր: Լավ կլինի օգտագործեք հատուկ ստերիլ տարաներ, որոնք կարող եք ձեռք բերել ցանկացած դեղատնից:
- Որպես նմուշ անհրաժեշտ է հանձնել առավոտվա մեզը: Գիշերը երիկամներն աշխատում են այլ ռեժիմով, և մեզը դառնում է ավելի խիտ: Բոլորը կհիշեն, որ առավոտյան այն ավելի մուգ գույն է ունենում համեմատած օրվա մեզի հետ: Հենց այդ խտության մեզն է հնարավոր դարձնում շեղումները բացահայտելը:
- Նախքան մեզը հավաքելը անհրաժեշտ է մանրակրկիտ լվացում կատարել օճառով: Ավելի հարմար կլինի դա անել լոգանք ընդունելով:
- Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս բամբակյա տամպոն տեղադրել հեշտոցում, որպեսզի հեշտոցային արտադրությունը չհայտնվի մեզի նմուշում:
- Անհրաժեշտ է տարայի մեջ հավաքել մեզի միջին չափաբաժինը, այսինքն՝ պետք է մոտ 3 վայրկյան միզել զուգարանում, այնուհետև միզել տարայի մեջ, հետո նորից զուգարանում:
- Նմուշը լաբորատորիա տեղափոխելիս պետք է խուսափել թափահարումներից: Դա առաջացնում է փրփուր, ինչը կարող է ազդել արդյունքների հստակության վրա: Ժամանակակից լաբորատորիաներում մեզը տեղափոխում են հատուկ խողովակների մեջ, այդպես ավելի հեշտ է և շատ չի թափահարվում:
- Նմուշը պետք է տանել լաբորատորիա որքան հնարավոր է շուտ՝ ցանկալի է երկու ժամվա ընթացքում:
Արդյունքերի վերծանում
Լեյկոցիտներ։ Բնականում մեզի մեջ լեյկոցիտների քանակը կնոջ համար պետք է լինի մինչև 6-ը տեսադաշտում: Ըստ Նեչիպորենկոյի՝ նորման կազմում է մինչև 2.000-ը մլ-ում:
Այս թվերի բարձրացումը սովորաբար խոսում է երիկամների, միզապարկի, միզուկի բորբոքման մասին: Լեյկոցիտներն օրգանիզմում կատարում են պաշտպանիչ դեր, նրանք պայքարում են վարակների դեմ: Դա է պատճառը, որ երբ վարակ է հայտնվում միզատար ուղիներում, լեյկոցիտների քանակությունը մեծանում է: Երբեմն լինում է, որ արտաքին սեռական օրգանների ոչ պատշաճ լվացման դեպքում հետազոտությունը ցույց է տալիս մինչև 10 լեյկոցիտ: Թեթև բորբոքման դեպքում կարող են դիտվել 10-15 լեյկոցիտ: Իսկ եթե դրանք հասնում են 40-50, ապա այս ցուցանիշն ավելի լուրջ բան է վկայում, և դա հաճախ պիելոնեֆրիտն է՝ երիկամի բորբոքումը: Հղի կանանց ավելի հաճախ են ունենում այն, քան մյուս կանայք կամ տղամարդիկ: Դա կապված է վարակների ներթափանցման և այն բանի հետ, որ արգանդը ճնշում է գործադրում երիկամների վրա:
Սպիտակուց։ Սովորաբար մեզում սպիտակուց չպետք է լինի: Թույլատրելի է դրա մինչև 0.033 գ/լ, կամ ժամանակակից լաբորատորիաներում՝ ավելի զգայուն սարքերի համար՝ մինչև 0.14 գ/լ.: Հաճախ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սթրեսից հետո մեզում կարող է հայտնվել սպիտակուց: Իսկ հիվանդություններից սպիտակուցի մակարդակի բարձրացման հանգեցնում են պիելոնեֆրիտը, պրոտեինուրիան և հեստոզը:
Պիելոնեֆրիտը երիկամի վարակիչ հիվանդություն է: Դրա ախտանշաններն են՝ ջերմաստիճանի բարձրացումը, գոտկատեղի և երիկամների հատվածում ցավերը (հաճախ միայն մեկ կողմում), ընդհանուր թուլությունը: Մեզում սպիտակուցի հետ բարձրանում է նաև լեյկոցիտների և բակտերիաների մակարդակը: Բուժումը կատարվում է հիվանդանոցում, հղիության երկրորդ կեսին նշանակվում են հակաբիոտիկներ (քանի որ այդ ժամանակահատվածում դրանք արդեն չեն վնասում պտղին):
Որպես հեստոզի նշան՝ մեզում սպիտակուցի հայնվելն ուղեկցվում է նաև այտուցներով և ճնշման բարձրացումով (130/90 մմ ս.ս.): Սա վտանգավոր հիվանդություն է, որը պահանջում է շտապ բուժում՝ ծննդատանը՝ հղիների պաթոլոգիայի բաժանմունքում: Եթե այն չբուժվի, ապա կարող է հանգեցնել ուժգին գլխացավերի, ճնշման կտրուկ բարձրացման, ցնցումների և նույնիսկ պտղի մահվան:
Կետոնային մարմիններ
Սրանք թունավոր նյութեր են, որոնք հայտնվում են մեզում որոշ հիվանդությունների ժամանակ: Հղիության առաջին կեսին դրանց ի հայտ գալը հիմնականում լինում է վաղ տոքսիկոզի պատճառով և ուղեկցվում է փսխումով և օրգանիզմի ջրազրկումով: Եթե նախքան հղիությունը կինն ունեցել է շաքարային դիաբետ, ապա կետոնային մարմինների ի հայտ գալը կարող է նշանակել դիաբետի սրացում:
Շաքար (գլյուկոզա)
Տարբեր լաբորատորիաներ տարբեր կերպ են վերծանում շաքարի քանակությունը՝ կամ խաչերով, կամ հստակ թվերով: Այդ պատճառով յուրաքանչյուր լաբորատորիա ունի իր սահմանած նորմատիվները: Հղիության երկրորդ կեսին շաքարի առկայությունը փոքր քանակությամբ հաճախ համարվում է ոչ էական նշանակության, քանի որ մայրիկի օրգանիզմը մեծացնում է գլյուկոզայի քանակը, որպեսզի այն մատակարարի պտղին: Այնինչ, եթե նրա քանակությունը մեծ է, դա կարող է լինել շաքարային դիաբետի նշան: Այդ դեպքում կդիտվի նաև միզարձակման հաճախացում: Ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է դիմել բժշկի, հանձնել արյան հետազոտության նմուշ և գլյուկոզայի տոլերանտության թեստ:
Բակտերիաներ
Եթե կան բակտերիաներ առանց լեյկոցիտների բարձրացման, ապա դա կարող է ցիստիտի նշան լինել (միզապարկի բորբոքում), կամ երիկամների հիվանդություն: Եթե կինը ոչ մի գանգատ չունի, ապա այն անվանվում է ասիմպտոմատիկ բակտերիուրիա: Այն կարող է լուրջ վտանգ ներկայացնել նույնիսկ առանց գանգատների: Խնդիրն այն է, որ բակտերիաները վաղ թե ուշ միզապարկից կհայտնվեն երիկամում, իսկ հղիության ընթացքում դա շատ ավելի հեշտ է, քանի որ արգանդի ծանրության հաշվին մեզի հոսքը վատանում է: Եթե սա ուղեկցվում է լեյկոցիտներով, ապա ամենայն հավանականությամբ վկայում է երիկամի վարակի մասին: Բացի բակտերիաներից մեզում կարող են հայտնաբերվել նաև սնկեր:
Մեզի ցանքս
Որպեսզի բուժումն ավելի արդյունավետ լինի, բժիշկները հաճախ նշանակում են մեզի ցանքսի հետազոտություն՝ որոշելու հակաբիոտիկների հանդեպ բակտերիաների զգայունությունը: Հետազոտության արդյունքերը հայտնում են 10 օրից, բայց եթե բակտերիաները շատ են, այն հնարավոր է ավելի վաղ պատրաստ լինի: Այս հետազոտությունը շատ կարևոր տեղեկություն է տալիս՝ բակտերիաների անվանումը, տեսակը, որոնք հարուցել են տվյալ հիվանդությունը, և դրանց զգայունությունը տարբեր հակաբիոտիկների հանդեպ: Այդպիսով՝ բժիշկը կարող է նշանակել հենց այն դեղամիջոցը, որն արդյունավետ ազդեցություն կունենա և կօգնի ձեզ ապաքինվել:
Հետազոտություն Նեչիպորենկոյի մեթոդով
Մեզի ընդհանուր հետազոտությունը գլխավոր և ամենատարածված հետազոտությունն է, բայց երբեմն դրանում չեն երևում բորբոքային փոփոխությունները՝ չնայած հիվանդի գանգատներին: Այդ դեպքում բժիշկը նշանակում է հետազոտություն ըստ Նեչիպորենկոյի: Դրա պատասխանը տալիս է ընդամենը երկու ցուցանիշ՝ 1 մլ-ում լեյկոցիտների բնականոն քանակը՝ մինչև 2000, 1 մլ-ում էրիթրոցիտների բնականոն քանակը՝ մինչև 1000։
Այս հետազոտության համար մեզի նմուշը հանձնում են նույն կերպ, ինչ ընդհանուր հետազոտության դեպքում: Ամբողջ տարբերությունն այն է, թե լաբորատորիան ինչպես կհաշվի դրա ցուցանիշները: Սովորական հետազոտության դեպքում լեյկոցիտներն ու էրիթրոցիտները հաշվվում են մանրադիտակի տակ՝ տեսանելի դաշտում, իսկ այս հետազոտության դեպքում՝ միլիլիտրում: Ի սկզբանե այս հետազոտությունը կիրառվում էր այն դեպքերում, երբ բժիշկը փորձում էր տարբերել գլոմերուլոնեֆրիտը պիելոնեֆրիտից (առաջինը ինֆեկցիոն հիվանդություն չէ, իսկ երկրորդը ինֆեկցիոն է), սակայն հիմա այն կիրառվում է ցանկացած բորբոքային պրոցեսի կասկածի դեպքում: Այս ցուցանիշներից բացի մեզում որոշվում է նաև նրա գույնը, խտությունը, ռեակցիան և այլն, բայց սրանք մեծ նշանակություն են ունենում միայն երիկամային հիվանդների համար, այլ ոչ թե հղի կանանց: