Որովայնի ցավը հղիության ընթացքում

Որովայնի ցավը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կինը ժամանակ առ ժամանակ որոշակի ցավ ու անհարմարություն է զգում մարմնի տարբեր հատվածներում։ Այդ երևույթները պայմանավորված են օրգանիզմի հորմոնային փոփոխություններով, որովայնի մեծացմամբ և հիվանդությունների սրացմամբ, որոնք «քնած» վիճակում են եղել նախքան հղիությունը։ Որովայնը, ի տարբերություն սրտի կամ լյարդի, միայնակ օրգան չէ․ նրանում կան այլ հյուսվածքներ, օրգաններ և համակարգեր։ Եթե ցավում է, ինքնուրույն պարզելը, թե կոնկրետ ինչն է ցավում, դժվար կլինի, ուստի հարկավոր է առանց վարանելու դիմել բժշկի։

Հղիության ընթացքում որովայնում ի հայտ եկող տարատեսակ զգացումներն ու ցավը պայմանականորեն լինում են մանկաբարձական և ոչ մանկաբարձական։ Մանկաբարձական ասելով նկատի ունենք այն զգացումները, որոնք պայմանավորված են հենց հղիությամբ, օրինակ՝ պտղի խաղը կամ թույլ, արագ անցնող ցավը կողային հատվածներում։ Այդ ախտանշանները վտանգավոր չեն և չեն պահանջում բժշկական միջամտություն։ Առաջին եռամսյակում թույլ ցավը խուճապի մատնվելու առիթ չէ, քանի որ պայմանավորված է ֆիզիոլոգիական փոփոխություններով։ Հաճախ այդպիսի ցավն անհանգստացնում է այն կանանց, ում դաշտանը ցավոտ է եղել նախքան հղիանալը։

Պետք է իմանալ, որ եթե որովայնի ստորին շրջանի ցավը ձգող է, նման ծննդաբերության ցավին, նվվացող է, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկի, քանի որ կարող է ինքնաբեր վիժման սկզբի նշան լինել։ Արհեստական ընդհատման հավանականությունը մեծանում է, եթե ցավն սկսում է ուղեկցվել արյունային արտադրությամբ։ Ճիշտ ժամանակին միջոցներ ձեռք առնելու դեպքում հնարավոր է խուսափել վատ ելքից։ Բացի այդ, հղի կնոջ օրգանիզմի հորմոնային փոփոխությունները դանդաղեցնում են ստամոքսի աշխատանքը, ինչն իր հերթին հանգեցնում է փորկապության։ Բարենպաստ միջավայր է ստեղծվում հիվանդածին մանրէների զարգացման և բազմացման համար։ Վիճակը թեթևացնելու նպատակով խորհուրդ է տրվում չծանրաբեռնել ստամոքսը՝ պահպանելով սնվելու ռեժիմը (օրական 4-5 անգամ փոքր չափաբաժիններով)։

Կարդացեք՝ Հղիություն և ճիշտ սննդակարգ․ ի՞նչ են խորհուրդ տալիս սննդաբանները

Ցավ կարող է առաջանալ նաև արգանդի՝ ստամոքսը ճնշելու հետևանքով։ Իմունիտետի անկումը և ներքին օրգանների մանր անոթների արյան շրջանառության փոփոխությունը նույնպես կարող է հիվանդության զարգացման պատճառ լինել։

Ոչ մանկաբարձական խնդիրները ենթադրում են սովորական, բոլորին բնորոշ զգացումներ՝ անկախ տարիքից և սեռից։ Փորի ցավը կարող է տարատեսակ հիվանդությունների ախտանշան լինել։ Անդրադառնանք դրանցից հիմնականներին։

Ապենդիցիտ՝ որդանման ելունի բորբոքում

Հղի կանայք հազվադեպ են բախվում այս խնդրին։ Ցավը սուր է լինում՝ տեղակայված էպիգաստրալ շրջանում, հաղորդվելով աջ զստափոս և աճուկային հատված։ Ջերմությունը բարձրանում է, ի հայտ է գալիս սրտխառնուք և փսխում։ Խնդիրը, ի հայտ գալով երկրորդ եռամսյակում, արտահայտվում է հանկարծակի և սուր ցավով, իսկ որոշ ժամանակ անց ձեռք է բերում նվվացող բնույթ, դիտվում է ջերմության բարձրացում, սրտխառնոց և փսխելու ցանկություն։

Կարդացեք՝ Որդանման ելունի բորբոքումը հղիության ընթացքում

Ցիստիտը

Միզապարկի բորբոքումն արտահայտվում է բնորոշ ձգող ցավով և հեշտոցի վրա ծանրության զգացմամբ։ Միզապարկի լցվելու դեպքում ցավն ուժգնանում է՝ դառնալով կտրող, մեծ ինտենսիվության է հասնում միզարձակման ավարտին։ Ցիստիտ ունենալու դեպքում անընդհատ միզելու ցանկություն է առաջանում, սակայն այդ դեպքում էլ մեզը փոքր չափաբաժնով է հոսում։ Որոշ դեպքերում միզարձակման ավարտին արյուն է նկատվում։

Կարդացեք՝ Ցիստիտ

Խոլեցիստիտ

Այդպես է կոչվում լեղապարկի բորբոքումը, որը դրսևորվում է աջ կողատակի ցավով և ծանրության զգացումով։ Ընդ որում՝ ցավը կարող է լինել ինչպես բութ ու նվվացող, այնպես էլ սուր ու պարբերական։ Առաջին դեպքում խոսքը քրոնիկական խոլեցիստիտի մասին է, երկրորդ դեպքում՝ սուր։ Երբեմն ցավն ուղեկցվում է բերանի դառնահամությամբ, սրտխառնոցով, փսխմամբ, այրոցով, որովայնի փքվածությամբ։

Քրոնիկական գաստրիտ

Եթե նախքան հղիությունն ախտորոշվել է քրոնիկական գաստրիտ, ապա ամենայն հավանականությամբ այն կսրվի հղիության ընթացքում։ Կինն անհարմարություն է զգում որովայնի վերին հատվածում։ Դրանից խուսափելու համար հարկավոր է սննդից բացառել կծու և աղի մթերքները։

Պանկրեատիտ

Պանկրեատիտն ուղեկցվում է որովայնի վերին հատվածի սուր ցավով, անոթային ճնշման անկմամբ, փսխելու ցանկությամբ։

Տասներկումատնյա աղու հիվանդություններ

Աղիքային վարակման մասին է վկայում պորտի շրջանի ցավը, սրտխառնուքը, փսխումը, ջերմության բարձրացումը։ Հղիության ընթացքում սա վտանգավոր է այնքանով, որ աղու տոնուսը նպաստում է արգանդի տոնուսի բարձրացմանը։ Բացի այդ, հիվանդածին բակտերիաների քանակի մեծացումը կարող է հանգեցնել հղիության ընդհատման։

Սննդային թունավորում

Լինում են դեպքեր, երբ որովայնի ցավը պայմանավորված է լինում թունավորմամբ՝ սննդային վարակներով։ Այդպես է լինում, երբ միկրոօրգանիզմները հայտնվում են ստամոքսաղիքային տրակտում՝ առաջացնելով օրգանիզմի թունավորում։ Վարակման հավանական պատճառներն են ջրի աղտոտվածությունը, վատ լվացած սնունդը, կեղտոտ ձեռքերը։ Վարակման դեպքում սկսում է ցավել որովայնը՝ պորտի հատվածում, սրտխառնոց է առաջանում, երբեմն՝ փսխում, ջերմության բարձրացում, ծանր դեպքերում՝ գունատություն, սառը քրտինք, անոթային ճնշման անկում և անոթազարկի արագացում։

Այսպիսով՝ որովայնի ցավի պատճառները տարբեր են, ուստի անծանոթ, անսովոր ցավի ի հայտ գալուն պես հարկավոր է դիմել բժշկական օգնության։

Նորածինների մոտ առկա որոշակի տարօրինակություններ, որոնք առաջին հայացքից կարող են վախեցնել անփորձ ծնողներին

Նորածինների մոտ առկա որոշակի տարօրինակություններ, որոնք առաջին հայացքից կարող են վախեցնել անփորձ ծնողներին

Ծնվելուց հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում երեխայի օրգանիզմը ներարգանդային կյանքից անցում է կատարում դեպի հետծննդյան շրջան

Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից  (շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո

Ինչպե՞ս հեռացնել սպիները էպիզիոտոմիայից (շեքահատում) և ծննդաբերական այլ վնսվածքներից հետո

Հետծննդաբերական նույնիսկ փոքր սպին կարող է վատթարացնել սեռական կյանքի որակը

Ի՞նչ է հարկավոր վերցնել Ձեզ հետ ծննդատուն գնալիս

Ի՞նչ է հարկավոր վերցնել Ձեզ հետ ծննդատուն գնալիս

Առանձին թղթապանակում հարկավոր է հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց կրկնօրինակները

Ճիշտ շնչառությունը ծննդաբերության ընթացքում

Ճիշտ շնչառությունը ծննդաբերության ընթացքում

Ծննդաբերության ընթացքում ճիշտ շնչառությունը հեշտացնում է կծկանքների ընթացքը և բարելավում է մայրիկի և երեխայի ինքնազգացողությունը: