Ինչպե՞ս շնչել ծննդաբերական ցավը մեղմելու համար․ վարժություններ

Ինչպե՞ս շնչել ծննդաբերական ցավը մեղմելու համար․ վարժություններ

Հղիության սկզբում սովորաբար կինն այնքան տարված է լինում փոքրիկի մասին մտքերով, որ չի մտածում ծննդաբերության ընթացքի մասին: Բայց որքան մոտենում է երկար սպասված օրը, այնքան հաճախ է հարց առաջանում, թե ինչպես վարվել ծննդաբերության ժամանակ, ինչպես մեղմել կծկումները և ինչպես ճիշտ շնչել: Ծննդաբերության ժամանակ ճիշտ շնչառության դերը խիստ մեծ է, քանի որ հենց այն է օգնում կնոջը վերականգնել ուժերը և նպաստում է ծննդաբերության ավելի արագ և թեթև ընթացքին:

Ճիշտ շնչառությունն արագ ծննդալուծման գրավականն է

Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ կծկումների և ճիգերի ժամանակ ճիշտ շնչառությունն օգնում է մեղմացնել ծննդաբերության ընթացքը և նույնիսկ որոշ չափով արագացնել այն: Իսկապե՞ս շնչառության ճիշտ տեխնիկան կարող է նվազեցնել երկունքի ցավը: Այո, իրականում այդպես է:

Ճիշտ շնչառության ժամանակ կինը կարողանում է հանգստանալ, թուլանալ, բացի այդ շնչառության հատուկ տեխնիկաները մշակված են այնպես, որ դիաֆրագման՝ ստոծանին, չի խանգարում ծննդաբերությանը, նույնիսկ օգնում է:

Ինչո՞վ է բացատրվում այն, որ ճիշտ շնչառությունը կարող է ապահովել ծննդաբերության ավելի արագ ընթացք: Ամեն ինչ շատ պարզ է. եթե ծննդաբերության ժամանակ կինը կենտրոնացած է ճիշտ շնչառության վրա, նա ավելի քիչ է ուշադրություն դարձնում ցավին, արգանդի պարանոցն ավելի արագ է բացվում, և հետևաբար՝ փոքրիկն ավելի վաղ է լույս աշխարհ գալիս:

Թթվածինը շատ մեծ դեր ունի ծննդկանի մկանների համար, քանի որ դրա բավարար քանակությունն օգնում է մկաններին ավելի լավ կծկվել, և բացի այդ, հենց փոքրիկին էլ մեծ քանակությամբ թթվածին է անհրաժեշտ, իսկ ճիշտ շնչառությունն ամբողջ օրգանիզմին կապահովի թթվածնով:

Չնայած որ բոլորս ծնվել ենք շնչառության ոչ պայմանական ռեֆլեքսով, միևնույնն է հղի կնոջ համար կարևոր է շնչառական հատուկ վարժությունների տիրապետելը: Ծննդաբերության ժամանակ կինը պետք է հատուկ եղանակով շնչի, դա ոչ մի կերպ չի կարելի համեմատել սովորական շնչառության հետ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է պատրաստվել ծննդաբերությանը և նախօրոք սովորել շնչառական հատուկ վարժությունները:

Նաև պետք է նշել, որ վարժությունները սովորելը մի քանի ամիս է պահանջում, միայն այդ դեպքում դուք կկարողանաք առավելագույն կերպով մարզել ձեր հմտությունները, որոնք կօգնեն ծննդաբերության տարբեր փուլերում օգտագործել համապատասխան շնչառական վարժություններ: Այո, շնչառությունը տարբեր է լինում՝ կախված ծննդաբերության փուլերից: Գլխավորը՝ պետք է հղի կինը կարողանա կառավարել ներշնչելու և արտաշնչելու գործընթացները:

Ճիշտ շնչառական տեխնիկան ըստ ծննդաբերական փուլերի

Այսպիսով, ինչպես արդեն նշվեց, ծննդաբերության յուրաքանչյուր փուլի համար գոյություն ունի շնչառական վարժությունների համապատասխան տեխնիկա: Ավելի մանրամասն դիտարկենք յուրաքանչյուր փուլը և պարզենք այդ փուլերում շնչառական վարժությունների բոլոր առանձնահատկությունները:

Ճիշտ շնչառություն կծկումների ժամանակ

Սովորաբար կինն ուղևորվում է ծննդատուն հենց առաջին կծկումների ի հայտ գալուն պես։ Դրանք մեկ հայտնվում, մեկ անհետանում են, առանձնապես ցավոտ չեն և արտահայտվում են որովայնը ձգելիս: Աստիճանաբար կծկումները դառնում են մշտական և կրկնվում են որոշակի հաճախականությամբ:

Կանոնավոր կծկումների ժամանակ ծննդկանը պետք է հստակ իմանա, թե ինչ չի կարելի անել այս փուլում: Մասնավորապես չի կարելի փորձել ճնշել ցավի զգացողությունը․ մի՛ կծկվեք, մի՛ լարվեք և մի՛ բղավեք: Այդ գործողությունները հանգստություն չեն բերի, ձեր օրգանիզմը կհոգնի և ժամանակից շուտ կհյուծվի, իսկ ցավը միևնույնն է չի դադարի:

Առաջին անգամ ծննդաբերող կանանցից շատերը խիստ լարվում են կծկումների ժամանակ, ինչը ճնշում է ծննդաբերական գործընթացը, քանի որ գերլարվածությունը խանգարում է արգանդի պարանոցի ճիշտ և արագ բացվելուն: Այդ դեպքում բժիշկներն ստիպված են լինում ցավազրկել և խթանել ծննդաբերությունը՝ օգտագործելով դեղորայքային միջոցներ: Կնոջ ճնշվածությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, քանի որ այդ դեպքում փոքրիկին անբավարար քանակությամբ է թթվածին մատակարարվում, ինչը կարող է հանգեցնել թթվածնային անբվարարության, իսկ դա ծննդաբերությունից հետո կարող է ազդել փոքրիկի զարգացման վրա:

Մանկաբույժների կարծիքով այն փոքրիկները, ովքեր ծննդաբերության ժամանակ թթվածնաքաղց ենբտարել, ավելի դժվար են հարմարվում և ավելի մեծ հակում են ունենում հիվանդությունների հանդեպ: Ահա թե ինչու են այսքան կարևոր շնչառական տեխնիկաները, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:

Վարժություններ

Երբ կծկումներն սկսվեն, կատարեք այս վարժությունը՝ չորս հաշվին ներշնչեք քթով, իսկ արտաշնչեք բերանով՝ վեց հաշվին: Հիշե՛ք, որ ներշունչը պետք է ավելի կարճ լինի, քան արտաշունչը: Շրթունքներին խողովակի տեսք հաղորդեք, երբ բերանով արտաշնչում եք: Այս տեխնիկան կօգնի առավելագույնս թուլացնել մկանները, հանգստանալ և հարստացնել օրգանիզմը թթվածնով, քանի որ հենց ամբողջական արտաշունչն է արյունը հագեցնում անհրաժեշտ քանակությամբ թթվածնով:

Այս տեխնիկան կիրառելով՝ ստիպված եք լինելու մշտապես հաշվել և հետևաբար՝ ժամանակ չեք ունենա ցավի մասին մտածելու: Այստեղ կարևոր է քթով ներշնչել և բերանով արտաշնչել:

Երբ կծկումներն ավելի ինտենսիվ և հաճախակի դառնան, պետք է արագացնել շնչառությունը, որի համար խորհուրդ է տրվում հետևյալ տեխնիկան: Շնչառության այս տեսակը նաև անվանում են «շների շնչառություն», ինչը հնարավոր է առաջին հայացքից ծիծաղելի հնչի, բայց ոչ կծկումների ժամանակ: Դուք պետք է շնչեք մակերեսորեն՝ բաց բերանով:

Բաց թողեք բոլոր նախապաշարմունքները և մի վախեցեք ծիծաղելի տեսք ունենալուց, ո՛չ մանկաբարձների, ո՛չ էլ բժիշկներ համար դա զարմանալի չի լինի, քանի որ ձեր գլխավոր խնդիրն է կծկումների ժամանակ առավելագույն կերպով մեղմացնել «տանջանքները» և օգնել երեխային արագ լույս աշխարհ գալ: Այդ պատճառով անհրաժեշտ է մի փոքր բացել բերանը և սկսել հաճախակի շնչել:

Արգանդի պարանոցի բացվելու ժամանակ կարելի է կիրառել մեկ այլ շնչառական տեխնիկա, որը նաև անվանվում է «գնացք»: Այս տեխնիկայի սկզբունքը բավականին պարզ է, կծկումների սկսվելուն պես անհրաժեշտ է շնչել արագ, մակերեսորեն, ներշնչել քթով, իսկ հետո արագ արտաշնչել բերանով՝ շրթունքները պահելով խողովակաձև դիրքով: Այն պահին, երբ կծկումների ինտենսիվությունը նվազում է, և ցավն ավելի մեղմանում, փորձեք հանգստացնել շնչառությունը: Այս մեթոդը կօգնի հաղթահարել կծկումների ամենասուր ցավը:

Ինչպե՞ս է պետք վարվել ծննդաբերական ճիգերի ժամանակ

Երբ սկսվում են ծննդաբերական ճիգերը, ծննդկանը պետք է պարզապես վստահի մանկաբարձին, քանի որ հենց նա է բացատրում, թե ինչպես պետք է վարվել, որպեսզի փոքրիկի ծնունդնանցնի հնարավորինս արագ:

Լսեք մանկաբարձ-գինեկոլոգի խորհուրդները, նա բացատրում է, թե ինչպես շնչել, ինչպես ուժ տալ, երբ է պետք դա անել և երբ է պետք հանգստանալ: Ծննդաբերական ճիգերի միջին տևողությունը մեկ րոպե է: Անհրաժեշտ է առավելագույնս խորը ներշչել և արտաշնչելիս ուժ տալ՝ փորձելով օդի ամբողջ ծավալով ճնշում գործադրել արգանդի վրա:

Ուշադիր եղեք, որ այդ լարվածությունը չկուտակվի գլխում, քանի որ այդ դեպքում չեք խուսափի դեմքի և աչքերի անոթների պատռվելուց: Ձեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն փոքրիկի ծնվելուն: Եթե այնպես լինի, որ չհասցնեք անհրաժեշտ քանակությամբ օդ ներշնչել, անհանգստանալու կարիք չկա, պարզապես կրկին արագ ներշնչեք և նորից ուժ տվեք:

«Մոմի շնչառությունը» ճիգերի ժամանակ համարվում է ամենաարդյունավետը: Այս տեխնիկան կիրառելու համար անհրաժեշտ է քթով ներշնչել, իսկ հետո բերանով արտաշնչել այնպես, կարծես մոմ եք փորձում հանգցնել: Դա կարող է նաև ուղեկցվել ձայնավոր հնչյունների արտաբերմամբ:

Հենց փոքրիկի գլուխը երևա, կարող եք շնչել ավելի ազատ կամ կիրառել վերոնշյալ երկրորդ տեխնիկան:

Եթե ծննդկանը ճիգերի ժամանակ ճիշտ շնչի, փոքրիկը բավականին արագ լույս աշխարհ կգա, արդեն 3-4 ճիգից հետո։ Դրանց ավարտին ցավը հանգստանում է, իսկ եթե կինն ուժ չունի, մանկաբարձը հնարավորություն է տալիս պարբերաբար հանգստանալու:

Լավ կլինի շնչառական վարժությունները հնարավորինս հաճախ կատարել, որպեսզի առավելագույնս նախապատրաստվեք ծննդաբերությանը: Սկզբում հնարավոր է առաջանա «գերօդափոխություն», որի նշաններն են գլխապտույտը, աչքերի առաջ սևանալը, նախաուշագնացության վիճակը: Տվյալ ախտանշաններից ազատվելուն կօգնի ներշնչելը և շունչը պահելը կամ նախապես միացրած ձեռքերի ափերի մեջ շնչելը:

Բաց բերանով շնչելիս երբեմն առաջանում է չորություն բերանի խոռոչում, որից կարելի է ազատվել լեզվի ծայրով քիմքին դիպչելով կամ բերանը ջրով ողողելով:

Ծննդաբերության ժամանակ պատահական շնչառությունը միայն կվատթարացնի և կերկարաձգի դրա ընթացքը: Կառավարեք ձեր յուրաքանչյուր շունչը՝ չմոռանալով այդ ընթացքում հաշվել և մի վատնեք ձեր ուշադրությունն այլ գործերի կամ ցավի վրա, գլխավորը հիշեք, որ փոքրիկի համար ավելի դժվար է ծննդաբերության ընթացքը, այնպես որ՝ կարող եք այդ ընթացքում խոսել փոքրիկի հետ: Լավ կլինի, եթե ծննդաբերության ընթացքում ձեր կողքին լինի հարազատներից որևէ մեկը, ով կկարողանա հանգստացնել ձեզ, որպեսզի կենտրոնանաք միայն շնչառության վրա:

Ցանկալի է վաղ սկսել պարապմունքները, որպեսզի շնչառական վարժությունները սովորական երևույթ դառնան և հեշտությամբ հիշվեն: Ծննդաբերության ժամանակ ճիշտ շնչելու համար կարևոր է, որ կարողանաք թուլանալ և ազատվել խուճապից:

Ամփոփելով ևս մեկ անգամ նշենք, որ ծննդաբերությունը բավականին լուրջ և բարդ ընթացք է ունենում և դրան հարկավոր է նախապատրաստվել: Շատ կարևոր է նաև նախապատրաստվել հոգեբանորեն․ պատկերացրեք իրավիճակներ և ձեր վարքը ծննդաբերության տարբեր փուլերում: Հիշե՛ք, որ բժիշկը և մանկաբարձը ձեր օգնականներն են, այդ պատճառով ուշադիր լսեք նրանց խորհուրդներին և կատարեք նրանց հրահանգները:

Եթե կարողանաք նախապես սովորել և տիրապետել ճիշտ շնչառական տեխնիկաների, դրանք զգալի կերպով կօգնեն թուլանալ և բոլոր ուժերը կենտրոնացնել ծննդաբերության ընթացքի վրա: Թեթև և հաջող ծննդաբերություն ենք մաղթում:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…