Փորկապությունը հղիության ընթացքում

17.07.201533303

Հղիության ընթացքում աղիների աշխատանքի խանգարումները շատ տարածված երևույթ են, և կնոջն անհանգստացնում են հատկապես առաջին եռամսյակում: Աղիների աշխատանքը կարգավորելու համար կինը պետք է իմանա խանգարումների առաջացման պատճառները, հետևանքները և կանխարգելիչ միջոցները: Թեև հղիության հետ ուղեկցվող փորկապությունը վերանում է ծննդաբերությունից հետո, այնուամենայնիվ այն պահանջում է բուժում և հետագա կանխարգելում:

Փորկապության պատճառները

Հղիության ընթացքում աղիների խանգարումներն ունենում են առաջացման տարբեր պատճառներ.

  • Պրոգեստերոն հորմոնի մակարդակի բարձրացումը ամենատարածված պատճառներից է: Այն առաջացնում է աղիների աշխատանքի խանգարում, տոնուսի թուլացում, սնունդն աղիներով ավելի դանդաղ է ընթանում, կինն ունենում է որովայնի ստորին հատվածի ցավեր, ծանրության զգացում:
  • Ստամոքսաաղիքային տրակտի աշխատանքի վրա ազդեցություն է թողնում արգանդի մեծացումը: Երկրորդ եռամսյակից այն սկսում է ճնշել աղիները, որոնց աշխատանքը դանդաղում է և առաջանում է փորկապություն:
  • Փորկապության մյուս պատճառը նստակյաց կամ պասիվ ապրելակերպն է:
  • Երբեմն, գինեկոլոգների կողմից նշանակված դեղորայքը, որ պարունակում է երկաթ և կալցիում, հնարավոր է առաջացնի փորկապություն:
  • Փորկապության է հանգեցնում հեղուկի ընդունման սահմանափակումը, ինչին հղի կանայք գուցե դիմեն այտուցներից խուսափելու նպատակով:
  • Պատճառներից է բջջանյութով հարուստ սննդամթերքների անբավարար քանակությամբ ընդունումը:
  • Անկանոն հուզական վիճակը նույնպես հանգեցնում է փորկապության՝ անհանգստությունը, սթրեսը, տարատեսակ հարցերի շուրջ մտահոգությունները:

Այստեղ շատ կարևոր է ուշադրություն հատկացնել մի հանգամանքի վրա, որ գիտնականների կողմից ուսումնասիրվել և ապացուցվել է՝ արգանդի և աղիների փոխազդեցությունը: Սա կայանում է նրանում, որ եթե աղիներն ակտիվ են, ապա արգանդում հնարավոր է կծկումներ առաջանան, ինչը կհանգեցնի արգանդի տոնուսի բարձրացման և հղիության ընդհատման վտանգ կառաջանա:

Այսպիսով, հղիության ընթացքում առաջացած փորկապությունն ազդում է ինչպես մոր, այնպես էլ պտղի վրա:

Փորկապության դեպքում նյութափոխանակության արգասիքները դուրս չգալով պահպանվում են օրգանիզմում, աղիների պատերից ներծծվում են և կարող են ազդել պտղի վրա: Հաստ աղիքում փորկապության ընթացքում մոտ 36 թունավոր նյութեր են գտնվում:

Ապագա մայրիկի աղիների ոչ ճիշտ միկրոֆլորան պատճառ է հանդիսանում պտղի տվյալ օրգանի հիվադության: Փորափքանքը հանգեցնում է արգանդի տոնուսի բաձրացման: Փորկապության ընթացքում ծանրության զգացողությունն ու ցավն առաջացնում են մշտականան անհարմարություն, ինչին հղի կինը ստիպված է լինում դիմանալ: Սա էլ հագեցնում է սթրեսի և անհանգստության:

Փորկապության հետևանքները

Եթե հղիության ընթացքում փորկապությունը մշտական բնույթ է կրում, ապա հետևանքներից հնարավոր չի լինի խուսափել: Այն հանգեցնում է թութքի, ինչի բուժումը հղիության ընթացքում հեշտ չէ, կամ արգանդի տոնուսի բարձրացման, որը գուցե առաջացնի վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն: Չի կարելի թողնել փորկապությունն առանց բուժման, քանի որ դրա պատճառով ծննդաբերության ժամանակ կարող են առաջանալ թարախասեպտիկային բարդություններ, իսկ հետծննդայան շրջանում՝ էնդոմետրիտ:

Բուժումն ու կանխարգելումը

Փորկապության առաջացման հենց սկզբից հղի կինը պետք է տեղեկացնի իր հղիությունը վարող բժշկին, որպեսզի նա կարողանա համապատասխան բուժում նշանակել՝ կախված ժամկետներից: Ոչ ծանր դեպքերում, երբ այլ հիվանդություններ առկա չեն, բժիշկը խորհուրդ կտա կանխարգելիչ միջոցներ և առողջ սննդակարգ:

Կարդացեք՝ Հղիության ընթացքում սնվելու ուղեցույց:

Հղիության վաղ ժամկետներում փորկապության հիմնական պատճառը, ինչպես արդեն նշվել է՝ պրոգեստերոն հորմոնի բարձր մակարդակն է, և տոքսիկոզի պատճառով սնման խանգարումները, որոնց արդյունքում երբեմն ջրազրկում է առաջանում: Շատ կարևոր է, որ կինն այս դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվի և չդիմի լուծողական դեղամիջոցների, քանի որ վերջիններս կարող են դրդել վիժման, կամ առաջացնել պտղի զարգացման արատներ:

Բժիշկները խորհուրդ են տալիս շատ հեղուկ օգտագործել, որպեսզի կանխեն փորկապության առաջացումը: Նույնիսկ տոքսիկոզի դեպքում կարելի է առավոտյան մեկ բաժակ սառը ջուր խմել: Նաև խորհուրդ է տրվում շատ օգտագործել չրեղեն, որոնք պարունակում են մեծ քանակությամբ բջջանյութ:

Ավանդական բժշությունն առաջարկում է մի քանի միջոց փորկապության դեմ, որոնք թույլատրվում են նաև հղիության ընթացքում:

  • Պատրաստման համար անհրաժեշտ է մեկ բաժակ տաք կաթի վրա ավելացնել 10-15 գր. մեղր և խմել քնելուց առաջ:
  • Առաջարկվում է թեյերի մեջ ավելացնել խնձորի կամ կեռասի չիր:
  • Խմել մասուրի, երիցուկի ծաղիկների, ազնվամորու տերևների թուրմ: Այս խառնուրդից մեկ գդալ ավելացնել մեկ բաժակ եռացրած ջրին, թրմել 1.5 ժամ, օգտագործել կես բաժակից օրական երկու անգամ, ուտելուց հետո:

Հղիության երկրորդ և երրորդ եռամսյակում պտուղն արագորեն աճում և զարգանում է, արգանդի չափերը մեծանում են, այն սկսում է ճնշել աղիները: Շատերի դեպքում հենց այս ժամանակահատվածում է սկսում փորկապությունն անհանգստացնել: Եթե այն պարբերաբար է ի հայտ գալիս, ապա կարելի է պարզապես կանխարգելիչ միջոցների դիմել և հետևել սննդակարգին: Սա նշանակում է առողջ սնվել և խմել բավականաչափ հեղուկ օրվա ընթացքում (1.5-2 լ.): Սկսած երկրորդ եռամսյակից պարտադիր պետք է սննդակարգում ներառել բջջանյութով հարուստ մթերքներ՝ նուշ, վարսակաձավար, ցորենի թեփ:

Նաև օգտակար կլինեն հետևյալ խորհուրդները.

  1. Եթե իրավիճակը թույլ է տալիս և պտղին վտանգ չի սպառնում անհրաժեշտ է զբաղվել չափավոր ֆիզիկական ակտիվությամբ:
  2. Սնունդն ընդունել փոքր քանակությամբ, օրական առնվազն 5 անգամ, որոնց միջև ընդմիջումները պետք է լինեն 4 ժամից ոչ ավել:
  3. Սննդակարգից հեռացնել վնասակար մթերքները, չօգտագործել դոնդող, որն անգամ նպաստում է փորկապությանը:
  4. Խուսափել ալերգիա առաջացնող մթերքներից: Հետևել բժշկի խորհուրդներին, եթե նա նշանակել է անհատական սննդակարգ:

Եթե սննդակարգի փոփոխությունները չեն օգնում, բժիշկը նշանակում է դեղորայքային միջոցներ, թեև անհրաժեշտ է զգույշ լինել՝ ընդունել փոքր չափաբաժնով և խիստ անհրաժեշտության պարագայում միայն: Սովորաբար նշանակվում է դյուֆալակ կամ տրանզիպեգ, երբեմն էլ՝ գլիցերինային մոմիկներ: Իսկ ահա հոգնաների մասին պետք չէ մտաբերել քանի որ վտանգավոր են և հնարավոր է առաջացնեն վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն:

Հատկապես դժվար է ընթանում հղիության 38-րդ շաբաթը, երբ պտուղն արդեն պատրաստվում է ծննդաբերության և գլուխն իջնում է կոնքային հատված՝ սեղմելով ուղիղ աղին: Անհրաժեշտ է ճիշտ սնվել և կատարել հատուկ վարժություններ, իսկ ծանր դեպքերում դիմել բժշկի նշանակած դեղորայքի օգնությանը: