Ջրծաղիկը հղիության ընթացքում

Ջրծաղիկը հղիության ընթացքում

Ինչ է ջրծաղիկը և ինչպես է փոխանցվում

Ջրծաղիկը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը հերպեսի վիրուսն է: Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է, տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Եթե մանուկ հասակում հիվանդացել եք ջրծաղիկով, ապա ամենայն հավանականությամբ վարակը չի սպառնում ձեր հղիությանը և չի անդրադառնա նաև երեխայի առողջության վրա: Եթե երբևէ չեք հիվանդացել ջրծաղիկով, ապա պետք է խուսափեք դրանից:

Արդյո՞ք ջրծաղիկը վտանգավոր է հղիության ժամանակ

Եթե հղիության ընթացքում ջրծաղիկով հիվանդանաք, ապա հնարավոր է, որ ապագա երեխայի օրգանիզմում բնածին ջրծաղիկ առաջանա, որն արտահայտվում է մաշկի սպիներով, փոքր քաշով, մտավոր և ֆիզիկական զարգացման հապաղմամբ: Հետևանքները կախված են հղիության ժամկետից, երբ վարակում է տեղի ունեցել: Հղիության ուշ շրջաններում ջրծաղիկն ավելի վտանգավոր է, քան վաղ շրջաններում:

Հղիության վաղ շրջանում վարակվելու դեպքում ջրծաղիկը կարող է հանգեցնել մեռելածին հղիության և վիժման, սակայն եթե պտուղը շարունակում է ապրել, ապա բարդությունների առաջացման վտանգը փոքր կլինի (1%):

Եթե վարակումը եղել է երկրորդ եռամսյակում, հետևանքների վտանգը մոտ 2% է:

Առավել վտանգավոր է վարակումը երրորդ եռամսյակի ընթացքում: Եթե հղի կինը ջրծաղիկով վարակվել է ծննդաբերությունից մի քանի օր առաջ, ապա երեխայի բնածին ջրծաղիկի առաջացման վտանգը կազմում է 20-25%:

Ի՞նչ անել, եթե հղիության ընթացքում շփում է եղել ջրծաղիկով հիվանդ մարդու հետ

Առաջին հերթին փորձեք հիշել արդյո՞ք երեխա ժամանակ հիվանդացել եք ջրծաղիկով: Եթե նախկինում հիվանդացել եք ջրծաղիկով, ապա ամենայն հավանականությամբ ունեք կայուն դիմադրողականություն և կրկին չեք վարակվի հիվանդի հետ շփումից հետո: Այդ պարագայում քայլեր ձեռնարկելու կարիք չկա:

Եթե պատվաստվել եք ջրծաղիկի դեմ, ապա այդ դեպքում ևս չեք վարակվի և պետք չէ անհանգստանալ:

Եթե նախկինում չեք հիվանդացել ջրծաղիկով, կամ վստահ չեք դրանում, ապա պետք է ջրծաղիկի հակամարմինների հայտնաբերման նպատակով արյան հետազոտություն կատարել: Եթե հետազոտության արդյունքում պարզվի, որ դիմադրողականությունը բարձր է ջրծաղիկի նկատմամբ, ապա անհանգստանալու առիթ չեք ունենա: Եթե դիմադրողականություն չլինի, ապա հիվանդի հետ շփումից հետո վարակվելու հավանականությունը 90% է:

Ջրծաղիկի ախտանշանները հղիության ընթացքում

Ջրծաղիկի առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս վարակումից 21 օր անց, չնայած որ միգուցե առաջին նշաններն ավելի վաղ նկատեք (հիվանդի հետ շփումից 2 շաբաթ անց):

Որքան մարդը տարիքով մեծ է վարակման պահին, այնքան վառ են արտահայտվում ախտանշանները, և հիվանդությունն էլ համեմատաբար ծանր է ընթանում: Ներկայացնենք մեծահասակների, ինչպես նաև հղի կանանց դեպքում ջրծաղիկի հիմնական ախտանշանները:

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ինչն ուղեկցվում է գլխացավով, թուլությամբ, մկանային ցավերով, ախորժակի անկմամբ:

Ցանավորում, որն ուղեկցվում է ուժգին քորով: Սա ջրծաղիկի հիմնական նշանն է: Ցանավորումը դրսևորվում է փայլուն, պարզ, թափանցիկ պարունակությամբ բշտիկներով:

Հիվանդը վարակման աղբյուր է դառնում առաջին ցանավորումից երկու օր առաջ և վերջին ցանավորումից հետո ևս մեկ շաբաթ շարունակում վարակման աղբյուր մնալ:

Ի՞նչ անել, եթե հղիության ընթացքում ջրծաղիկի ախտանշաններ են ի հայտ եկել

Կան որոշ հակացուցումներ: Խորհրդակցեք բժշկի հետ: Ջրծաղիկը կարող է խիստ վտանգավոր լիներ ձեր և ձեր երեխայի համար, այդ պատճառով էլ պետք է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ: Նախքան ձեր գինեկոլոգին այցելելը նախազգուշացրեք նրան, որ ջրծաղիկի ախտանշաններ ունեք, որպեսզի վտանգի չենթարկեք հերթում սպասող այլ հղի կանանց:

Ջրծաղիկի բուժումը հղիության ընթացքում

Եթե հաստատվի, որ հիվանդ եք ջրծաղիկով, ստիպված կլինեք որոշ ժամանակ մնալ հիվանդանոցում: Կնշանակվի բուժում Ացիկլովիր հակավիրուսային դեղամիջոցով:

Համոզվելու համար, որ երեխային որևէ վտանգ չի սպառնում, բժիշկը բուժման ընթացքում և բուժման ավարտից մի քանի շաբաթ անց ՈՒՁՀ կնշանակի: Եթե ՈՒՁՀ-ի արդյունքում պտղի զարգացման ծանր անոմալիաներ հայտնաբերվեն, բժիշկը կարող է խորհուրդ տալ դիմել հղիության արհեստական ընդհատման:

Ի՞նչ անել, եթե վարակումը եղել է հղիության երրորդ եռամսյակում

Ինչպես նշվեց, հղիության ուշ շրջանում ջրծաղիկն ավելի վտանգավոր է, հատկապես ծննդաբերությունից օրեր առաջ: Եթե վարակվել եք երրորդ եռամսյակի սկզբում, ապա հնարավոր է, որ ջրծաղիկը լուրջ հետևանքների չհանգեցնի, քանի որ ծննդաբերությանը մոտեցող շրջանում ձեր օրգանիզմը կհասցնի իմունիտետ ձեռք բերել և ընկերքի միջոցով փոխանցել երեխային:

Եթե ջրծաղիկով հիվանդանաք ծննդաբերությունից 3 շաբաթ առաջ, ապա երեխայի բնածին ջրծաղիկի առաջացման վտանգը կմեծանա: Այնուամենայնիվ, եթե անգամ ծննդյան պահին երեխայի մոտ ջրծաղիկի ախտանշաններ նկատվեն, ապա թույլ կարտահայտվեն շնորհիվ իմունիտետի, որ կհասցնի ձեռք բերել ծննդաբերության պահին:

Առավել վտանգավոր է ծննդաբերությունից 5 օր առաջ կամ ծննդաբերությունից հետո առաջին 2 օրերի ընթացքում վարակվելը, քանի որ այդ կարճ ժամանակահատվածում մոր օրգանիզմը չի հասցնի իմունիտետ ձևավորել և փոխանցել ապագա երեխային: Այդ պարագայում երեխայի բնածին ջրծաղիկի առաջացման հավանականությունը շեշտակի կբարձրանա, և առանց համապատասխան բուժման հիվանդությունը կհանգեցնի լրջագույն հետևանքների:

Բարդությւոնների առաջացման վտանգը նվազեցնելու նպատակով անմիջապես ծնվելուց հետո երեխային ջրծաղիկի իմունագլոբուլինով բուժում կնշանակվի: Այս դեղամիջոցը ստանում են ջրծաղիկով հիվանդացած մարդկանց արյունից, դա ջրծաղիկի դեմ հենց այն «իմունիտետն» է, որը հղի կինը չհասցրեց փոխանցել իր ապագա երեխային:

Ջրծաղիկի կանխարգելումը հղիության ընթացքում

Եթե մանուկ հասակում արդեն իսկ հիվանդացել եք ջրծաղիկով, ապա կանխարգելիչ քայլերի կարիք չկա: Անգամ ջրծաղիկով հիվանդի հետ շփումը ձեզ համար վտանգավոր չի լինի:

Եթե երբևէ չեք հիվանդացել ջրծաղիկով, ապա անհրաժեշտ է հետևել մասնագետների խորհուրդներին:

Խուսափեք փոքրիկ երեխաների հետ շփումից և մի այցելեք մարդաշատ վայրեր:

Մի շփվեք այն մարդկանց հետ, ովքեր ունեն հարբուխի ախտանշաններ կամ մաշկի ցանավորում:

Եթե երեխաներ ունեք, ովքեր չեն հիվանդացել ջրծաղիկով, պատվաստում արեք հիվանդության դեմ:

Քանի որ հղիության ընթացքում չի կարելի ջրծաղիկի դեմ պատվաստում անել, արեք դա անմիջապես ծննդաբերությունից հետո: Եթե միայն ծրագրում եք հղիանալ, ապա պատվաստման պահից մինչև բեղմնավորումը պետք է անցնի նվազագույնը 1 ամիս (իսկ ավելի լավ կլինի, եթե սպասեք 3 ամիս):

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…