Ասթման և հղիությունը

Ասթման հղիության ընթացքում հաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է, սակայն հղիությունը կարող է տարատեսակ ազդեցություններ ունենալ կնոջ ասթմատիկ վիճակի վրա: Հղի կանանց գրեթե մեկ երրորդի դեպքում ասթման վատթարանում է, մյուս երրորդի դեպքում՝ բարելավվում, իսկ մյուսների դեպքում՝ մնում անփոփոխ: Սովորաբար ծննդաբերությունից հետո երեք ամիսվա ընթացքում կինը վերադառնում է իր նախկին՝ հղիությունից առաջ տիրող վիճակին:
Հիվանդության ծանրության աստիճանը կարող է կրկնվել հաջորդ հղիությունների ընթացքում, այդ պատճառով բժիշկները սովորաբար ուշադիր հետևում են այն կանանց վիճակին, ում ասթման վատթարացել էր նախորդ հղիության ընթացքում: Եթե ասթմայի բուժում եք ստանում, ապա հղիության պարագայում անհրաժեշտ է շարունակել այն նույնիսկ առաջին եռամսյակի ընթացքում: Ապագա փոքրիկի համար շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում ասթմայի անվերահսկելի նոպաները, քան դրա բուժման համար կիրառվող դեղորայքը:
Ասթմայի համար նախատեսված դեղորայքի մեծ մասն անվնաս է հղիության համար (ներառյալ՝ վենտոլին, բեկոտիդ). բազմաթիվ կանայք շարունակում են իրենց բուժման բնականոն ընթացքը:
Եթե նոր եք փորձում հղիանալ, ապա պետք է համապատասխան մասնագետների հետ քննարկեք բուժումը, քանի որ հնարավոր է անհրաժեշտ լինի ճշտել դեղամիջոցի ընտրությունը կամ չափաբաժինը: Եթե այն կանանց թվին եք դասվում, ում հղիության ընթացքում դիտվում է ասթմայի ընթացքի բարելավում, հավանաբար կարող եք նվազեցնել ընդունվող դեղորայքի չափաբաժինը, բայց կրկին բժշկի հսկողությամբ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե հղիության ընթացքում հիվանդությունը լավ վերահսկվի, կնվազի մոր և մանկան համար որոշակի բարդությունների զարգացման վտանգը: Այդպիսի բարդություններից են՝
- փսխումները հղիության ընթացքում,
- վաղաժամ ծննդաբերությունը,
- պրեէկլամպսիան,
- թերքաշ երեխայի ծնունդը:
Միգուցե հարց առաջանա՝ արդյոք կկարողանա՞ք երեխային կրծքով կերակրել, եթե ասթմայի դեմ դեղամիջոցներ եք ընդունում: Հիմնականում այք, կկարողանաք, քանի որ սովորաբար ասթմայի համար նախատեսված դեղերը չեն ունենում կրծքով կերակրման հակացուցումներ: Ավելի համոզված լինելու համար ճշտեք այդ հարցը ձեզ բուժող բժշկից: