Էպիլեպսիան և հղիությունը
![Էպիլեպսիան և հղիությունը](/static/articles/07/29/xl-iJ5Sgq18Uj.jpg)
Ես ունեմ էպիլեպսիա: Ին՞չ պետք է իմանամ նախքան հղիանալը:
Եթե ունեք էպիլեպսիա և մտածում եք երեխա լույս աշխարհ բերելու մասին, կարևոր է, որ նախքան դա խորհրդակցեք թերապևտի և գինեկոլոգի հետ: Քննարկեք, թե ինչպես կարող եք ձեր հղիությունը դարձնել առողջ՝ նվազագույնի հասցնելով էպիլեպտիկ նոպաները: Էպիլեպսիան և դրա բուժման համար կիրառվող դեղամիջոցները կարող են և վտանգավոր լինել հղիության համար, սակայն կան միջոցներ, որոնք նվազագույնի են հասցնում դրանք, ուստի անհրաժեշտ է վաղ նախապատրաստվել:
Էպիլեպսիայի բուժման որոշ դեղամիջոցներ ունեն հղիության ընթացքում կիրառման ավելի երկար պատմություն, քան մյուսները, այդ պատճառով ավելի շատ տեղեկություն է հայտնի այն կողմնակի ազդեցությունների մասին, որոնք կարող են վնաս հասցնել զարգացող պտղին:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ փոխել ընդունվող դեղամիջոցը նախքան հղիանալու փորձերը: Ընդ որում՝ ձեր նպատակն է նախքան հղիանալը նվազեցնել ընդունվող դեղամիջոցների քանակը և չափաքանակը նվազեցնել, որպեսզի վերահսկեք էպիլեպտիկ նոպաները և կանխեք ապագա երեխայի վրա բացասական ազդեցությունների վտանգը: Խորհուրդ է տրվում բուժման նոր ռեժիմին հարմարվելու կամ դեղորայքից լիովին հրաժարվելու ժամանակահատվածում շարունակել պաշտպանվել: Եթե ձեր էպիլեպսիան դժվար վերահսկելի է, ապա և՛ ձեր, և՛ ձեր փոքրիկի համար ավելի անվտանգ կլինի հետևել նախկինում կիրառվող դեղորայքային բուժմանը: Ամենագլխավորը՝ փորձել հնարավորին չափ վերահսկել էպիլեպտիկ նոպաները:
Ֆոլաթթվի բարձր մակարդակը կարող է օգնել կանխարգելել նյարդային խողովակի ոչ լիարժեք փակման հետևանքով առաջացող բնածին արատները, ինչպես օրինակ ողնաշարային ճողվածքը: Եթե էպիլեպսիայի բուժման դեղեր եք ընդունում, ձեզ հավանաբար անհրաժեշտ կլինի ավելի մեծ քանակությամբ ֆոլաթթու, քանի որ էպիլեպսիայի համար նախատեսված դեղամիջոցներն ազդեցում են դրա ներծծման վրա: Սովորական չափաբաժնի՝ 400 մկգ-ի փոխարեն ձեզ անհրաժեշտ կլինի 10 անգամ ավել՝ մոտ 5մգ ընդունել: Գինեկոլոգը կընտրի ձեզ համապատասխան չափաբաժին: Ֆոլաթթվի ընդունումը պետք է սկսել նախքան հղիությունը և շարունակել մինչև հղիության 12-րդ շաբաթը:
Էպիլեպսիայի համար դեղորայք ընդունող կանանց մեծամասնությունը լույս աշխարհ է բերում առողջ երեխաներ: Այնինչ գոյություն ունի որոշակի պաթոլոգիաների առաջացման մեծ վտանգ՝ ներառյալ սրտի բնածին արատը, քիմքի կամ շուրթերի ճեղքվածքը, նյարդային խողովակի թերությունը և հիպոսպադիան: Հենց այդ պատճառով հղիության ամբողջ ընթացքում բժիշկները հիմնավոր կերպով կհետևեն ձեզ, կնշանակեն լրացուցիչ ուլտրաձայնային հետազոտություններ և արյան հետազոտություն:
Ձեզ երևի կանհանգստացնի այն, որ դուք կարող եք հերթական նոպայի ժամանակ վնասել փոքրիկին կամ մտահոգվում եք, թե կկարողանա՞ք նրան կրծքով կերակրել: Նոպայի ժամանակ երեխային վնասելու վտանգը շատ աննշան է: Ձեր բժիշկները մի քանի գործնական խորհուրդ կտան, թե ինչպես կարող եք պաշտպանել ձեր փոքրիկին: Էպիլեպսիայի բուժման դեղորայք ընդունող կանանց մեծամասնությունը կրծքով է կերակրում, քանի որ դա ընդհանուր առմամբ ապահով է: Կրծքով կերակրումն ահռելի առավելություն է երեխայի առողջության համար: