Միոմա. հղիությունը և ծննդաբերությունը
Արգանդի միոման հանգեցնո՞ւմ է անպտղության
Սովորաբար միոման չի խոչընդոտում հղիությանը, և բազմաթիվ կանայք հաջողությամբ են ծննդաբերում՝ ունենալով այս խնդիրը: Այնուամենայնիվ անպտղության մի փոքր վտանգ կա: Միոմայի պարագայում անպտղության պատճառները դեռևս լիովին ուսումնասիրված չեն, սակայն այս դեպքում միոմայի բուժումը երբեմն մեծացնում է ապագայում հղիանալու հավանականությունը:
Արգանդի միոմա ունեմ և ցանկանում եմ հղիանալ, ի՞նչ անել
Առաջին հերթին անհրաժեշտ է արգանդի ՈւՁՀ կատարել և արդյունքներով դիմել գինեկոլոգի: Միոմայի առկայության դեպքում հղիություն ծրագրելիս շատ կարևոր է իմանալ, թե որտեղ է տեղակայված միոման, ինչ չափսի է, չկան արդյոք այլ միոմաներ: Միոմայի տեսակը և տեղակայման վայրը կարող են որոշիչ ազդեցություն ունենալ ապագա հղիության և ծննդաբերության հարցում: Օրինակ սուբսերոզային և ինտրամուրալային միոմաները սովորաբար դժվարություններ չեն առաջացնում բեղմնավորման կամ ծննդաբերության ընթացքում: Միևնույն ժամանակ սուբսերոզային (ենթալորձաթաղանթային) միոման անպտղության կամ վիժման ամենից հաճախ հանդիպող պատճառն է: Միոմայի չափսը ևս կարևոր է: Որպեսզի հղիությունը և ծննդաբերությունը հաջող ընթանան, անհրաժեշտ է, որ միոման չդեֆորմացնի արգանդի խոռոչը (չփոփոխի նրա սովորական ձևը):
Պետք է սկզբում բուժել միոման և հետո՞ հղիանալ, թե՞ ընդհակառակը
Սովորաբար արգանդի միոմա կանայք դժվարություն չեն ունենում բեղմնավորման հարցում: Կինը կարող է ինքնուրույն հղիանալ, առանց բուժման: Սովորաբար դրան տրվում է 12 ամիս ժամանակ: Եթե մեկ տարվա ընթացքում հղիություն չի սկսվում, ապա բուժման անհրաժեշտություն կծագի: Եթե կինը 35 տարեկան է, ապա այդ ժամկետը կրճատվում է 6 ամսով: Եթե միոման մեծ է կամ խոչընդոտում է, որպեսզի սերմնաբջիջները ներթափանցեն արգանդի կամ արգանդափողերի մեջ, ապա հնարավոր է, որ առանց բուժման չստացվի հղիանալ: Անհրաժեշտ է նախքան հղիանալը բուժում անցնել նաև այն դեպքում, եթե նախկինում վիժումներ են գրանցվել (միմյանց հաջորդող 2 և ավել վիժում):
Անպտղության բուժումը միոմայի պարագայում
Եթե միոման դարձել է անպտղության պատճառ, և չի հաջողվել հղիանալ 12 ամսվա ընթացքում, ապա պետք է բուժում անցնել: Բուժումը կախված է միոմայի տեղակայումից և չափսից:
Ինչպե՞ս է հղիությունն անդրադառնում միոմայի վրա
Հղիությունը բարենպաստ ազդեցություն է ունենում միոմայի վրա, և այդ է պատճառը, որ բժիշկները երբեմն խորհուրդ են տալիս հղիանալ և ծննդաբերել:
Ճի՞շտ է, որ հղիության ընթացքում միոման աճում է
Միոմաների մեծամասնությունը չի աճում հղիության ընթացքում, սակայն կանանց 20-30%-ի դեպքում այն աննշան մեծանում է հղիության առաջին եռամսյակում: Հազվադեպ է պատահում, որ միոման սկսում է արագ մեծանալ: Նման դեպքերում անհապաղ բուժում է պետք անցնել: Հղիության երրորդ եռամսյակում և ծննդաբերությունից հետո միոման սովորաբար փոքրանում է:
Միոման մեծացնու՞մ է վիժման վտանգը
Մեռելածին հղիության և վիժման վտանգը հղիության առաջին եռամսյակում (առաջին 12 շաբաթում ) կրկնակի մեծ է միոմայի առկայության պայմաններում: Ընդ որում՝ ամենևին էլ կարևոր չէ միոմայի չափը, ավելի կարևոր է քանակը: Մեկ միոմայի դեպքում վիժման վտանգն ավելի քիչ է, քան բազմաթիվ միոմաների դեպքում: Միոմայի տեղակայումը ևս կարևոր է: Եթե այն արգանդի մարմնում է՝ լորձաթաղանթի տակ (սուբմուկոզային), ապա վիժման վտանգը մեծ կլինի ի տարբերություն արգանդի ստորին հատվածում գտնվող միոմայի (ինտրամուրալային կամ սուբսերոզային միոմա): Նշենք նաև, որ միոմա ունեցող հղի կանայք հաճախ արյունային արտազատումներ են ունենում («դաշտան» հղիության վաղ փուլում):
Միոման վտանգավո՞ր է ապագա երեխայի համար
Միոմաների մեծամասնությունն ազդեցություն չի ունենում ապագա երեխայի աճի և զարգացման վրա, սակայն հազվադեպ այն որոշ շեղումներ է առաջացնում: Օրինակ՝ միոման կարող է ճնշել ապագա երեխայի մարմնի որոշ հատվածներ՝ առաջացնելով գանգոսկրի դեֆորմացիա, ծուռվզություն, ձեռքերի կամ ոտքերի դեֆորմացիա: Սակայն նշենք, որ սա ավելի շատ բացառություն է, քան կանոն:
Միոմայով հղիություն. ի՞նչ է պետք իմանալ
Հղիության ընթացքում միոմայի բարդություններից մեկը արգանդի շրջանի ցավն է: Սովորաբար ցավն ի հայտ է գալիս հղիության երկրորդ կամ երրորդ եռամսյակում և պայմանավորված է միոմատոզ հանգույցի արյան շրջանառության խանգարմամբ: Այդպես է լինում, քանի որ հղիության ընթացքում միոման ավելի քիչ արյուն է ստանում, ինչը հանգեցնում է միոմատոզ հանգույցի նեկրոզի՝ բջիջների մահվան: Բժիշկներն այս վիճակն անվանում են կարմիր դեգեներացիա: Հաճախ դեգեներացիայի են ենթարկվում 5 սմ և ավել մեծությամբ միոմաները:
Եթե հղի եք և միոմա ունեք, ապա արգանդի շրջանի ցավն արդեն իսկ առիթ է բժշկի այցելելու համար: Բժիշկը ձեզ ՈւՁՀ-ի կուղղորդի, ինչը կօգնի տեսնել միոմայի փոփոխությունները և դրանից ելնելով՝ անհրաժեշտության դեպքում բուժում կնշանակվի:
Սովորաբար ցավի դեպքում օգնում է անկողնային ռեժիմը, մեծաքանակ հեղուկի օգտագործումը և ցավազրկող դեղամիջոցները: Միայն բժիշկն է նշանակում կատարում և նշում ընդունման հաճախականությունն ու քանակը:
Հազվադեպ, եթե դեգեներացիայի արդյունքում հղի կնոջ և երեխայի առողջությանը վտանգ է սպառնում, միոմայի հեռացման անհապաղ վիրահատություն (միոմէկտոմիա) է անցկացվում: Արգանդի վրա կատարվող վիրահատությունն իր վտանգներն ունի, սակայն գրեթե միշտ բժիշկներին հաջողվում է պահպանել երեխային: Միոմէկտոմիայից հետո հաճախ խորհուրդ է տրվում ծննդալուծումն իրականացնել պլանային կեսարյան հատմամբ:
Ծննդաբերությունը միոմայի դեպքում
Միոմա ունեցող կանանց մեծամասնությունն առանց դժվարությունների է ծննդաբերում: Հազվադեպ միոմայով ծննդաբերությունը որոշ առանձնահատկություններ է ունենում.
- Վաղաժամ ծննդաբերության (մինչև հղիության 37-րդ շաբաթը ) վտանգը միոմա ունեցող կանանց դեպքում ավելի մեծ է, քան միոմա չունեցողների դեպքում:
- Եթե միոման տեղակայված է այն հատվածում, որտեղ ամրացած է ընկերքը, ապա եռակի մեծանում է ընկերքի շերտազատման վտանգը:
- Հաճախ միոմա ունեցող հղի կանայք են ընկերքի առաջադրություն ունենում:
- Պտղի սխալ (ախտաբանական) դիրքը՝ հետույքային առաջադրությունը, հաճախ հանդիպում է միոմա ունեցող հղի կանանց պարագայում:
Արգանդի միոմա. բնական ծննդաբերություն, թե կեսարյան հատում
Միոմայի առկայությունն ինքնին կեսարյան հատման ցուցում չէ, եթե անգամ միոման մեծ է: Հղիության բնականոն ընթացքի, ցանկացած տիպի բարդության բացակայության, պտղի և ընկերքի բնականոն դիրքի պայմաններում միոմա ունեցող հղի կինը կարող է երեխային բարեհաջող լույս աշխարհ բերել բնական ծննդաբերությամբ:
Պլանային կեսարյան հատման անհրաժեշտություն կզգացվի, եթե պտղի դիրքն արգանդում սխալ է, առկա է ընկերքի առաջադրություն, բազմաթիվ միոմաներ, եթե միոման տեղակայված է արգանդի պարանոցում և կարող է խանգարել, որ երեխան անցնի ծննդաբերական ուղով: Բժիշկների մեծամասնությունը խորհուրդ է տ լիս պլանային կեսարյան հատում կատարել նաև այն դեպքերում, եթե նախկինում արդեն իսկ կեսարյան հատում կամ միոմայի հեռացման վիրահատություն է իրականացվել և արգանդի վրա սպիներ են մնացել:
Բժիշկը կարո՞ղ է կեսարյան հատման ընթացքում հեռացնել միոման
Մասնագետների մեծամասնությունը կարծում է, որ կեսարյան հատման ընթացքում միոմայի հեռացումը ցանկալի չէ, քանի որ կարող է վտանգավոր արնահոսության պատճառ դառնալ: Բժիշկը կարող է կեսարյան հատման ժամանակ հեռացնել միոման միայն հույժ անհրաժեշտության դեպքում, օրինակ, եթե միոմայի պատճառով չի հաջողվում կարել արգանդը:
Արգանդի միոմա. հետծննդաբերական շրջան
Սովորաբար հետծննդաբերական շրջանն ընթանում է առանց բարդությունների: Այդուհանդերձ միոմա ունեցող կանայք երբեմն արնահոսություն են ունենում և ընկերքն ուշ է հեռանում: Այս վիճակը սովորաբար հաջողությամբ է բուժվում: Ծննդաբերությունից հետո միոման փոքրանում է: