Սեռական օրգանները ծննդաբերությունից հետո

Սեռական օրգանները ծննդաբերությունից հետո

Հետծննդաբերական շրջանում կանանց անհանգստացնող խնդիրներից մեկը սեռական օրգանների իջեցումն է։ Պատճառած անհարմարությունից բացի, այն կարող է հանգեցնել լուրջ հիվանդությունների առաջացման, ուստի ծննդաբերությունից որոշ ժամանակ անց կինը պետք է այցելի գինեկոլոգի՝ ստուգելու սեռական օրգանների վիճակը։

Կնոջ վերարտադրողական համակարգի օրգանների աշխատանքն ավելի լավ պատկերացնելու նպատակով անդրադառնանք ֆիզիոլոգիային։

Կա կոնքի հատակ հասկացությունը։ Այն մկանային յուրատիպ թաղանթ է, որը ներքևում փակում է կոնքի ոսկորները և վեր պահում այդ շրջանի բոլոր օրգանները։ Կոնքի շրջանի այն հատվածը, որը տեղակայված է հեշտոցի և պոչուկի միջև, կոչվում է շեք։ Կոնքի մկանները հենարան են կնոջ վերարտադրողական օրգանների, ինչպես նաև ուղիղ աղիքի և միզարձակման խողովակի համար։ Այդ օրգանների ճիշտ, բնականոն տեղակայումը կախված է կոնքի մկանների վիճակից, որի խանգարումը հանգեցնում է սեռական օրգանների իջեցման կամ արտանկման։

Կարդացեք՝ Արգանդի իջեցում

Ախտանշանները

Սեռական օրգանների արտանկման նշանները տարբեր կերպ են արտահայտվում։ Կինը հիմնականում ցավ է զգում, գոտկատեղում և որովայնի ստորին հատվածում՝ լայնացում, ծանրություն։ Այդ նշաններն ի հայտ են գալիս մեկ օրվա ընթացքում, իսկ պառկած ժամանակ կորչում են կամ շատ թույլ արտահայտվում։ Հնարավոր է, որ անմիզապահություն զարգանա կամ միզարձակումը հաճախակիանա և դժվարանա, ինչը բուժման ընթացքում երկարատև անգործության պայմաններում կարող է վերածվել լուրջ հիվանդության՝ պիելոնեֆրիտի։

Այն պայմանավորված է միզասեռական համակարգի օրգաններ ներթափանցած վարակով։ Դրսևորվում է գոտկատեղի բութ ցավով, ջերմության բարձրացմամբ, սրտխառնուքով, դժվարացած միզարձակմամբ, մեզի գույնի և թափանցիկության փոփոխությամբ, ընդհանուր թուլությամբ և հոգնածությամբ։

Միզապարկի աշխատանքի խանգարումները կարող են ուղեկցվել անմիզապահությամբ, հիմնականում՝ փռշտալու, ծիծաղելու կամ հազալու ժամանակ։ Ստամոքսն այդ խանգարումներին արձագանքում է փորկապության և կոլիտների առաջացմամբ, կղանքը և գազերը պահելու անկարողությամբ։

Կարդացեք՝ Անմիզապահությունը հղիության ընթացքում

Սեռական կյանքն այդ ընթացքում բավականություն չի պատճառում հեշտոցի մկանների տոնուսի և առաձգականության խանգարման հետևանքով։ Դաշտանը ցավոտ բնույթ է կրում, ուղեկցվում առատ արնահոսությամբ։ Այդպես է լինում արգանդի դիրքի փոփոխության և դաշտանային արտադրության արտահոսքի դժվարացման հետևանքով։

Նմանատիպ դեպքերն ավարտվում են անպտղությամբ։ Հեշտոցի պատերի աննշան իջեցումը երբեմն աննկատ է անցնում՝ սկսելով զարգանալ տարիներ անց։ Այդ գործընթացին են միանում նաև միզարձակման ու մարսողական համակարգի օրգանները, ինչն զգալիորեն ազդում է կյանքի որակի վրա և առաջացնում այլ հիվանդություններ։

Առաջացման պատճառները

Կոնքի մկանների վնասվածք կամ ձգում կարող է առաջանալ ծննդաբերության ընթացքում։ Դրան կարող են նախորդել շեքի պատռվածքները կամ սխալ ներաճած կարերը, ինչպես նաև վարակումը ծննդաբերությունից հետո։

Էպիզիոտոմիան կամ փոքրիկ պատռվածքները չեն կարող այդպիսի հետևանքների հանգեցնել, քանի որ անմիջականորեն չեն դիպչում մկանների ամբողջականությանը։ Անգամ բնականոն ընթացող ծննդաբերությունը կարող է հանգեցնել փոքր կոնքի օրգանների պատերի իջեցման, ինչը կարելի է բացատրել մկանների ձգումով, որը հաճախ հանգեցնում է սֆինկտերի մկանների (շրջանաձև մկաններ, որոնք անուսն ու միզուկը սեղմած են պահում՝ թույլ չթալով, որ պարունակությունը դուրս գա) աշխատանքի խանգարման։

Կարդացեք՝ Ծննդաբերությունը և էպիզիոտոմիան

Սեղմանների կիրառման կամ կրկնակի ծննդաբերության դեպքում կապող ապարատը թուլանում է, բացի այդ կրկնակի ծննդաբերությունը հաճախ բնորոշվում է խոշոր պտղի ծնունդով։ Եթե պտղի գլխի անցումը դժվարանում է, իսկ ճիգերն անարդյունավետ են, մանկաբարձը որոշում է էպիզիոտոմիա (շեքի հյուսվածքների հատում) կատարել՝ կանխելու կոնքի հատակի մկանների թուլացումը։

Կոնքի օրգանների արտանկման պատճառ կարող է դառնալ հորմոնային անհավասարակշռությունը, ծանր իրեր բարձրացնելը, ինչպես նաև քրոնիկական հիվանդությունները, որոնք ուղեկցվում են նյութափոխանակության խանգարմամբ՝ շաքարային դիաբետ, նյութափոխանակության ժառանգական հիվանդություններ, մետաբոլիկ համախտանիշ։

Բուժումը

Եթե օրգանները պահող մկանների աշխատանքի խանգարումն աննշան է, և գանգատներ չկան, ապա բուժում չի պահանջվում։ Անմիզապահության դեպքում ավանդական կամ վիրահատական բուժում է անցկացվում։

Հեշտոցի պատերի արտանկման բուժումն իրականացվում է ավելորդ հյուսվածքների հեռացմամբ և կարելու միջոցով շեքի մկանների ամրացմամբ։ Հետագայում ծննդալուծումն իրականացվում է միայն կեսարյան հատմամբ։

Կանխարգելումը

Կանխարգելման նպատակով կարելի է կատարել Կեգելի վարժությունները, որոնք ուղղված են կոնքի հատակի մկանների ամրացմանը, ենթադրում են շեքի մկանների կծկում և թուլացում՝ որոշ ժամանակ մի վիճակում պահելով։

Կարդացեք՝ Կեգելի վարժությունները հղիության ընթացքում

Այդ վարժություններն օգտակար են նաև առողջ կանանց, քանի որ բարելավում են փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունը և ամրացնում հեշտոցի մկանները։ Օգնում են նախապատրաստվել ծննդաբերությանը՝ մեղմելով ցավը, ինչպես նաև ուժեղացնել հաճելի զգացումները սեռական հարաբերության ընթացքում, օգնում են սովորել կառավարել կոնքի մկանների կրճատող շարժումները և նպաստում են ներքին բոլոր օրգանների աշխատանքի կարգավորմանը։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար