Ծննդաբերությունը և էպիզիոտոմիան (շեքի հյուսվածքների հատում)

Ծննդաբերությունը և էպիզիոտոմիան (շեքի հյուսվածքների հատում)

Ցանկացած կին իր երեխայի ծնունդը հիշում է որպես կյանքի ամենակարևոր ու ամենաերջանիկ պահ։ Սակայն որքան էլ որ երջանկավետ լինի երեխայի հետ հանդիպումը, միևնույն է հաճախ հետծննդաբերական շրջանում կնոջ ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս լիարժեքորեն վայելել մայրության առաջին օրերը։ Դրան են նպաստում հոգնածությունը, հորմոնային փոփոխությունները, ինչպես նաև ֆիզիկական ցավը, որ կապված է լինում վիրահատական միջամտությունների հետ, որոնցից է օրինակ էպիզիոտոմիան։

Ի՞նչ է էպիզիոտոմիան, ե՞րբ է կատարվում

էպիզիոտոմիան շեքի հյուսվածքների հատումն է հատուկ մկրատով և կատարվում է երեխայի գլխուղեղային վնասվածքներից ու ծննդաբերության ընթացքում հյուսվածքների պատռվածքներից խուսափելու նպատակով։

Ցուցված է՝

  • երբ կա խոշոր պտղի լույս աշխարհ գալու ընթացքում շեքի հյուսվածքների պատռման սպառնալիք, 
  • պտղի կոնքային առաջադրության դեպքում, 
  • «բարձր» շեքի պարագայում, 
  • երբ պտղի գլուխը սխալ է մտնում կոնքի մեջ, 
  • հեստոզի պարագայում ծննդաբերության երկրորդ փուլն արագացնելու, արնահոսության, ծննդաբերական ցավերի թուլության դեպքում, 
  • պտղի հիպոքսիայի դեպքում, 
  • ներքին օրգանների մի շարք հիվանդությունների դեպքում, 
  • վաղաժամ ծննդաբերության դեպքում և այլն։ 

Շեքի հատումը լայնացնում է հեշտոցի մուտքը, նվազեցնում է կոնքի հատակի մկանների ճնշումը պտղի գլխի վրա, արագացնում է ծննդաբերությունը և օգնում, որ հյուսվածքներն արագ վերականգնվեն (պատռվածքն ավելի ուշ է վերականգնվում, քան հատածը)։

Ինչպե՞ս է կատարվում էպիզիոտոմիան

Էպիզիոտոմիայի անցկացման անհրաժեշտությունը որոշում է բժիշկը՝ հետևելով ծննդաբերության երկրորդ փուլի ընթացքին․ մկանները ձգվում են, շեքի հյուսվածքները սպիտակում են, և պատռումն ակնհայտ է դառնում, դրանից խուսափելու նպատակով կատարում են հատում։ Մանկաբարձը մատները մտցնում է շեքի և երեխայի գլխի միջև ու հատուկ մկրատով կտրում շեքը։ Կտրվածքի երկարությունը պետք է լինի նվազագույնը 3սմ, այլապես երեխայի գլխի դուրս գալուց հետո այն կվերածվի կտրած վերքի։ Պետք չէ վախենալ շեքի հատումից․կանանց մեծամասնությունն առանց անզգայացման էլ չի զգացել ցավը, իսկ այ անզգայացումը, ընդհակառակը, նվազեցնում է հյուսվածքների առաձգականությունը՝ նպաստելով դրանց պատռմանը։

Էպիզիոտոմիան ունի երեք փուլ։ Պերինեոտոմիա կամ շեքի հատում հեշտոցից դեպի անուս (հետանցք) տանող միջին գծով։ Այս տեսակն այնքան էլ ցավոտ չէ, քիչ արնահոսություն է առաջացնում, իսկ կարն արագ ապաքինվում է։ 

Միջլատերալային կամ կտրվածք դեպի կողք 45°-ով։ Սա ամենահաճախն է կատարվում։

Լատերալային կամ կտրվածք դեպի կողք 45°-ով, սակայն երկու սանտիմետր բարձր միջլատերալայինից։ Այդպիսի կարն ուշ է ապաքինվում, ուստի գրեթե չի կիրառվում։

Հետծննդաբերական շրջանում շեքի ամբողջականությունը վերականգնում են հյուսվածքների բոլոր շերտերի վրա կարեր դնելով։ Այդ պարագայում բժիշկը տեղային անզգայացում է կատարում։

Դիտեք տեսանյութը՝ Էպիզիոտոմիա (շեքի հյուսվածքների հատում)

Հետևանքները և վերականգնումը

Էպիզիոտոմիայից հետո վերականգման շրջանը սովորաբար ցավոտ և տհաճ է լինում։ Հետևանքներն են՝

  • ցավ և անհարմարություն քայլելիս, 
  • նստելու անկարողություն ծնդաբերությանը հաջորդող առաջիկա շաբաթների ընթացքում,
  • ցավ և այրոց միզելու ընթացքում, 
  • ցավ սեռական հարաբերության ժամանակ։

Ծննդաբերությանը հաջորդող առաջիկա օրերին էպիզիոտոմիան կարող է բարդանալ անմիզապահությամբ և կարերի բացվելով։ Հետագայում հյուսվածքների սխալ աճի դեպքում հնարավոր է մկանների թուլացում, սեռական օրգանների արտանկում և իջեցում։ Այս բարդությունները հազվադեպ են ի հայտ գալիս, իսկ հիգիենայի կանոնների պահպանման դեպքում վերքը բավականին արագ է լավանում։ Լիարժեք վերականգնումը, սակայն, հաճախ շաբաթներ կամ անգամ ամիսներ է խլում։

Հետծննդաբերական շրջանում օրական երկու անգամ կարերը մշակում են մանրէազերծված վիրախցուկով։ Հյուսվածքների այտուցվածության դեպքում սառույց են դնում կամ ֆիզիոթեռապիա են անցկացնում։ Կարերը հանում են էպիզիոտոմիայից հինգ օր անց։

Որոշակի կանոնների պահպանումն օգնում է արագ ապաքինվել, ուստի՝

  • յուրաքանչյուր անգամ զուգարան գնալուց հետո հարկավոր է ջրով լվանալ շեքի հատվածը, 
  • որքան հնարավոր է հաճախ փոխել հիգիենիկ միջադիրը, 
  • հարկավոր է շատ քայլել, որպեսզի արյան շրջանառությունը լավանա և վերքն արագ ապաքինվի, 
  • պետք է խուսափել փորկապությունից,  
  • երկարատև ցավի և սեռական օրգանների հատվածում անհարմարության զգացման դեպքում հարկավոր է դիմել բժշկի։

Պետք չէ վախենալ էպիզիոտոմիայից․ այսօր այդ մեթոդին դիմում են միայն հույժ անհրաժեշտության դեպքում։ Պատռվածքներից կարելի է խուսափել՝ նախապատրաստվելով ծննդաբերությանը հատուկ մարզանքների և շեքի մերսման միջոցով։

Տրամադրվեք, որ ամեն բան լավ է անցնելու ևծննդաբերության ընթացքում լսեք բժշկի խորհուրդները։ Բոլոր դեպքերում հիշեք, որ երեխայի ծննդյան հետ կապված ցավն ու դժվարությունները ժամանակավոր են։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար