Ռետրոխորիալ հեմատոմա

Ռետրոխորիալ հեմատոմա

Ռետրոխորիալ (գրավիդարային) հեմատոման արյան թանձրուկի կուտակումն է արգանդի պատի և պտղաձվի, ավելի ճիշտ՝ պտղձվի թաղանթի՝ խորիոնի միջև առկա տարածության մեջ։ Խորիոնն ապագայում՝ 16-րդ շաբաթից հետո, վերածվում է ընկերքի, նշանակում է, որ այն նույն գործառույթներն է իրականացնում, ինչ ընկերքը։ Ռետրոխորիալ հեմատոման առաջանում է հղիության առաջին եռամսյակում։

Սովորաբար ախտաբանական այդ վիճակը հղիության ընդհատման սպառնալիքի հետևանք է լինում, սակայն կարող է առաջանալ արգանդի պատի անոթների վնասման հետևանքով, ընդ որում՝ վնասվում են խորիոնի թավիկների պատճառով, երբ խորիոնն աճում է։

Տեսակները

Ըստ առաջացման ժամանակի՝ առանձնացնում են ռետրոխորիալ և ռետրոընկերքային հեմատոմա, որոնք սկզբունքորեն նույնն են։ Ըստ ծանրության աստիճանի՝ ռետրոխորիալ հեմատոման լինում է թեթև, միջին և ծանր։

Պատճառները

Հեմատոմայի ձևավորման պատճառները նման են այն գործոններին, որոնք վիժման վտանգ են առաջացնում`

  • արգանդի վրա մեխանիկական ազդեցություններ (վնասվածքներ), 
  • հորմոնային խանգարումներ (պրոգեստերոնի անբավարարություն), 
  • պտղաձվի գենետիկական շեղումներ (զարգացման արատներ), 
  • սթրեսներ, 
  • ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն, 
  • արգանդի բորբոքային և ուռուցքային հիվանդություններ (էնդոմետրիտ, էնդոմետրիոզ, միոմա), 
  • սեռավարակներ, 
  • մասնագիտական վտանգներ (ճառագայթում, աղմուկ, վիբրացիա), 
  • տոքսիկոզ և գեստոզ
  • անոթային ճնշման կտրուկ տատանումներ, 
  • սեռական օրգանների ինֆանտիլիզմ և շեղումներ, 
  • թմրանյութերի, ոգելից խմիչքների և ծխախոտի օգտագործում, 
  • համակարգային հիվանդություններ (համակարգային կարմիր գայլախտ), 
  • քրոնիկական սոմատիկ հիվանդություններ (շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ և այլն), 
  • արյան մակարդման համակարգի հիվանդություններ, 
  • անոթների, ինչպես նաև արգանդի անոթների ախտաբանական վիճակներ, 
  • աղտոտված էկոլոգիա և այլն։

Ախտանշանները

Սովորաբար հեմատոման պատահմամբ հայտնաբերվում է պլանային ՈւՁՀ-ի ընթացքում։ Կինը գանգատներ չի ունենում և իրեն լավ է զգում, սակայն երբեմն ռետրոխորիալ հեմատոմային ուղեկցում են հղիության ընդհատման սպառնալիքի նշանները։

Հիմնական դրսևորումը լինում է հեշտոցից եկող մուգ կարմիր կամ շագանակագույն արնախառն արտադրությունը։ Վերջինիս ինտենսիվությունն աննշան է և կախված է հեմատոմայի չափսերից ու հղիության ժամկետից։

Մուգ կարմիր արտադրությունը հեմատոմայի դեպքում ավելի շատ դրական, քան բացասական նշան է։ Այն վկայում է հեմատոմայի դատարկվելու մասին։

Վտանգավոր արտադրություն

Վառ կարմիր արտադրությունը լավ ախտանշան չէ, հատկապես երբ ուղեկցվում է որովայնի ստորին շրջանի ցավով։ Այն վկայում է կամ հեմատոմայի մեծացման և վիժման վտանգի ուժգնացման մասին, կամ էլ այն մասին, որ հեմատոման նոր է ձևավորվել և անհապաղ բուժում է պահանջում։

Բացի այդ, կնոջն անհանգստացնում է ձգող կամ նվվացող բնույթի ցավը, որն ի հայտ է գալիս որովայնի ստորին հատվածում կամ գոտկատեղի շրջանում։ Սովորաբար ցավը մշտական է լինում, սակայն կարող է և պարբերաբար ծագել ու ուժգնանալ ֆիզիկական աշխատանքից հետո և այլ գործոնների ազդեցությամբ։

Որոշ դեպքերում ռետրոխորիալ հեմատոման ընթանում է առանց ախտանշանների և հայտնաբերվում է ծննդաբերությունից հետո, երբ ընկերքի վրա երևում է արնազեղման հին հետքը։

Ախտորոշումը

Ռետրոխորիալ հեմատոմայի ախտորոշման հիմնական միջոցը արգանդի և պտղաձվի ՈւՁՀ-ն է, որի ընթացքում հայտնաբերվում են հետևյալ նշանները՝

  • արգանդի պատի տեղային հաստացում, ինչը վկայում է արգանդի տոնուսի բարձրացման մասին, 
  • պտղաձվի ձևի փոփոխություն վերջինիս վրա միոմետրիումի հաստացած հատվածի ճնշման արդյունքում (պտղաձուն ձեռք է բերում կաթիլի ձև), 
  • ռետրոխորիալ հեմատոմայի հայտնաբերում, չափսերի, տեղակայման հատվածի հստակեցում։ 

Բացի այս, ըստ ցուցման անհրաժեշտ են լաբորատոր հետևյալ հետազոտությունները՝

  • արյան և մեզի ընդհանուր հետազոտություն
  • արյան մակարդելիության որոշման հետազոտություն, 
  • միկրոֆլորայի հետազոտմանն ուղղված քսուքի ուսումնասիրում, 
  • արյան կենսաքիմիական հետազոտություն,
  • սեռավարակների հայտնաբերմանն ուղղված հետազոտություններ, 
  • հորմոնների հետազոտություն (ըստ ցուցումների):

Բուժումը

Ռետրոխորիալ հեմտոմայի բուժմամբ զբաղվում է մանկաբարձ-գինեկոլոգը։ Թերապևտիկ միջոցառումները շարունակվում են հղիության ընդհատման վտանգի ամբողջ ընթացքում, ինչպես նաև կրկնվում են վտանգավոր ժամկետներում (12-14, 20-24, 28-32, 36-38-րդ շաբաթներում)։ Արգանդի տոնուսը և վիժման սպառնալիքի նշանների վերացման նպատակով նշանակվում է անկողնային ռեժիմ:

Արգելվում է՝

  • սեռական կյանք վարել, 
  • ծանր իրեր բարձրացնել, 
  • ֆիզիկական ծանր աշխատանք կատարել։ 

Այս և այլ նպատակներով կնոջը հնարավոր է հոսպիտալացնել։ Խորհուրդ է տրվում կարգավորել սննդակարգը՝ բացառելով գազագոյացմանը նպաստող մթերքները (կաղամբ, լոբեղեն), ինչպես նաև շոկոլադը, սուրճը, կոպիտ բջջանքը։ Գազով լեցուն ստամոքսը ճնշում է գործադրում արգանդի վրա և ուժգնացնում վիժման վտանգը՝ մեծացնելով հեմատոման։ Հարկավոր է խուսափել սթրեսային իրավիճակներից և հանգիստ պահել հոգեհուզական վիճակը։ Կախված դրությունից՝ բժիշկը մի շարք դեղամիջոցներ է նշանակում։

Հետևանքները և կանխատեսումները

Մեծամասամբ ռետրոխորիալ հեմատոման հղիության հետագա ընթացքին չի սպառնում։ Ծննդալուծումն իրականացվում է բնական ճանապարհով և առանց բարդությունների։ Բացասական կանխատեսման նշան է հեմատոմայի մեծ չափսը կամ եթե հեմատոմայի ընդգրկման տարածքը 40% և ավել է լինում պտղաձվի չափսերից։

Հնարավոր հետևանքները՝

  • ինքնաբեր վիժում, 
  • չզարգացող հղիություն
  • պտղի ներարգանդային քրոնիկական հիպոքսիա, 
  • պտղի ներարգանդային զարգացման հապաղում։
Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Տեսողության փոփոխությունները հղիության ընթացքում

Հղիությունը բազմաբնույթ ֆիզիոլոգիական փոփոխությունների շրջան է,…

Նորածին երեխայի խնամքը

Նորածին երեխայի խնամքը

Նորածնի կյանքում առաջին օրերն ու շաբաթները …

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…